20 11 2018

Իշխանությունն է ընտրում, թե ժողովուրդն ինչը որոշի, երբեմն էլ` ինչպես որոշի

Իշխանությունն է ընտրում, թե ժողովուրդն ինչը որոշի, երբեմն էլ` ինչպես որոշի

Արտագնա աշխատանքի մեկնողները ևս կհարկվեն՝ պետբյուջե վճարելով 23 տոկոս եկամտահարկ: Մի ամբողջ օր ամբողջ լրատվադաշտը, սոցցանցերը սա էին քննարկում, մեկնաբանում, ահազանգում, մինչև ՀՀ առաջին փոխվարչապետը եկավ կրքերը հանդարտեցնելու:

«Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Բացառվում է այդպիսի բան»,-ասաց նա:

Ասել է՝ թե ժողովուրդը կորոշի` հարկե՞լ խոպանչիներին, թե ոչ: Այստեղ նույնքան հետաքրքիր է դառնում ոչ միայն այն, թե ինչ կորոշի ժողովուրդը, այլ՝ ինչպես կորոշի:

Եթե հրապարակում պետք է հանրահավաքի ժամանակ այո կամ ոչ ասի, հետաքրքիր է դառնում նաև երրորդ հարցը՝ իսկ ինչպե՞ս են հաշվելու ժողովրդի քվեները: Գուցե սրանք մանր, տեխնիկական հարցեր են, կարևորն այն է, ինչպես ընդունված է ասել՝ այսուհետ ժողովուրդն է որոշում:  

Ժողովուրդը կորոշի առաջիկա ընտրություններին՝ ով կլինի Խորհրդարանում, ժողովուրդը կորոշի՝ ով կլինի իշխանություն, ով՝ ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությանը պետք է անցումային արդարադատություն, թե ոչ, կրկին կորոշի ՀՀ հպարտ քաղաքացին, թեպետ մեծամասնությունը չգիտի էլ դա ինչ է, Երևանի քաղաքապետն էլ առաջարկում էր հանրաքվեի դնել նաև տրանսպորտի սակագնի և կարմիր գծերի թեման ․․․

Իսկ ինչո՞ւ օրինակ, պարտադիր կուտակայինի որոշումը կառավարությունը կայացրեց ինքնուրույն՝ առանց անգամ կառավարության անդամների կարծիքը հաշվի առնելու, ինչո՞ւ որոշ պաշտոնյաններ շարունակեցին պաշտոնավարել, երբ ակնհայտ հասարակական դժգոհություն կար, ինչո՞ւ օրեր շարունակ կաթի գնից բողոքող գյուղացիների ձայնը այդպես էլ լսելի չեղավ, չնայած, որ նրանք վարչապետին շատ մոտ էին ցույցեր անում՝ կառավարության շենքի մոտ, և այդպես անարձագանք մնացին մի շարք բողոքի ակցիաներ: Ստացվում է՝ ամեն դեպքում ժողովուրդը չի ընտրում՝ ինչը որոշի, իշխանությունն է ընտրում, թե ժողովուրդն ինչ որոշի, երբեմն էլ նաև՝ ինչպես որոշի: Երբ ժողովրդին առաջարկվում է ընտրել սևի և սպիտակի, վատի կամ վատագույնի միջև, ընտրելն, իհարկե, հեշտ է դառնում:

Ստացվում է նաև, որ եթե ժողովուրդն է որոշում, ուրեմն նաև ինքն է հետևանքների պատասխանատուն, ճիշտ էր՝ ժողովուրդը իմաստուն էր, սխալ էր, դե ամեն դեպքում իր ցանկությամբ է սխալվել: Իսկ ո՞ւր մնաց քաղաքական պատասխանատվության զգացումը, ինչի՞ համար է պետք կառավարությունը, վարչապետը։ Գուցե նրա համար, որ կազմակերպի ժողովրդի ընտրելու պրոցե՞սը:

Դժվար խնդիրների դեպքում պահանջվում են նաև դժվար լուծումներ, որոնք շատ հաճախ պոպուլյար չեն լինում, ոչ էլ հանրահավաքային ոգևորությամբ են ընդունվում։ Պետք է երկրի ղեկավարը պատրաստ լինի ստանձնել պատասխանատվություն։ Իսկ մինչ այս՝ միայն խուսափումներ են։

 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ