05 11 2018

«Թավշյա» ցնցումներ՝ տնտեսության մեջ

«Թավշյա» ցնցումներ՝ տնտեսության մեջ

«Տնտեսական առողջացման և տնտեսական տրանսֆորմացիա»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ազգային Ժողովում կարելի էր հումորով վերաբերվել, եթե Հայաստանի տնտեսական ցուցանիշներն այդքան ողբալի չլինեին և եթե այդքան ակնհայտ չլիներ այդ կացությունը վարդագույն ներկայացնելու նրա փորձը։

Նոր բան չի ասում Նիկոլ Փաշինյանը՝ ագրարային և հանքարդյունաբերող երկրից անցում կատարեն բարձր տեխնոլոգիական և արտահանման ուղղվածություն ունեցող երկրի։ Հաճախ ենք անդրադարձել այս թեզի ամբոխավարական և դեկլարատիվ լինելուն։ Մասնավորապես, որ չի կարելի մի կողմից խոսել գյուղատնտեսության զարգացման, մյուս կողմից ինքն իրեն հակասելով՝ ոչ ագրարային երկիր լինելու մասին, չի կարելի հրաժարվել հանքարդյունաբերությունից, այլ պետք է զարգացնել և անցում կատարել դրա ավելի արդյունավետ զարգացման փուլին, որ պետք չի գյուտ արածի ինքնագոհությամբ խոսել բարձր տեխնոլոգիաների երկիր լինելու մասին, քանզի նրան նախորդած կառավարությունների ժամանակ բավական լուրջ զարգացումներ են եղել թե գյուղատնտեսության, թե բարձր տեխնոլոգիաների զարգացման և թե արտահանման ուղղվածության տնտեսություն ունենալու ուղղությամբ։

Արտահանման մասին խոսելով, նշենք, որ 2017-ին Հայաստանից արտահանումն աճել է գրեթե 25 տոկոսով կամ մոտ 446 մլն դոլարով և կազմել 2 մլրդ 237 մլն դոլար։ Այս տարվա առաջին եռամսյակում այդ աճն ավելի տպավորիչ է դարձել՝ 34,4 տոկոս։ Մինչդեռ վերջին ամիսներին աճի տեմպը նվազել է, իսկ սեպտեմբերին՝ մոտ 15 տոկոսով  անկում ունեցել։ Սակայն սրա մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սարսափելի ոչինչ չի տեսնում, ի տարբերություն ասենք ԱԺ պատգամավոր եղած ժամանակ նրա հնարավոր արձագանքի։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հանքահումքային արտադրանքի բաժինը արտահանման մեջ նվազել է 13 մլն դոլարով փոխարենը 11 մլն դոլարով աճել է մանածագործական իրերի արտահանումը։ Իրականում ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է, երբ այս կամ այն ոլորտում արձանագրվում է արտահանման կտրուկ աճ ինչ-որ մի ամսում, իսկ հետագայում այդ աճի տեմպը նվազում է կամ անգամ կանգ առնում։ Այսինքն, վիճակագրության մեջ արձանագրվող ամեն մի սովորական երևույթ կարելի է ներկայացնել որպես ցնցող իրադարձություն և իհարկե բառ անգամ չասել այն մասին, որ ոչ միայն հանքարդյունաբերությունում, այլև մնացած բոլոր ճյուղերում աճի տեմպի նվազում է արձանագրվել։ Հավելենք նաև, որ մանածագործական իրերի արտադրության, այսինքն վերջին մի քանի տարիներին լավ տեմպով զարգացող ճյուղի հետ ներկայիս կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը ոչ մի ավանդ չունեն և ոչ մի նպաստավոր քայլ չեն արել։

Շատ ավելի անհեթեթ է արդյունաբերական արտադրանքի ծավալների նվազման մասին Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը՝ թե հանքարդյունաբերության մեջ անկման փոխարեն աճ ունենք վերամշակող արդյունաբերությնան մեջ։ Չհոգնենք և հերթական անգամ ասենք, որ այս նույն միտումը շատ ավելի բարձր տեմպերով առկա էր վերջին մեկ-երկու տարում։ Ինչ մնում է այդ առթիվ ասված «արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության չափաբաժինն իջել է, վերամշակող արդյունաբերության չափաբաժինը՝ լրջորեն ավելացել» արտահայտությանը, ապա դա այդպես էլ պետք է լիներ: Եթե ավելի մեծ չափաբաժին ունեցող ճյուղի բաժինը նվազում է, մեխանիկորեն ավելանում է ավելի փոքր ճյուղի չափաբաժինը։ Սա տարրական թվաբանություն է, բայց օգտագործվում է որպես խաբեություն։

Շինարարության մասով աճի տեմպի պարզապես թավալգլոր անկմանը ևս ինչ-որ կերպ արդարացնելու փորձ է արվում՝ ըստ որի, դա պայմանավորված է Ամուլսարում շինարարության դադարեցմամբ և չնայած դրան, անգամ 3,5 տոկոս աճ է արձանագրվել։ Ներկայացնենք շինարարության ցուցանիշները սկսած տարեսկզբից․

Գրաֆիկից երևում է, թե ինչ սրընթաց տեմպով է նվազել անցյալ տարի շինարարությունում սկսված աճը։ Նախ նկատենք, որ նվազումը սկսվել է հենց ապրիլ ամսին և շարունակվել մայիսին, երբ Ամուլսարի շինարարությունն ընթանում էր, բայց փոխարենը երկիրը «թավշյա» ցնցումների մեջ էր։ Մայիսի վերջերից սկսված Ամուլսարի շրջափակումն ու շինարարության դադարեցումն, անշուշտ, մասնակի ազդեցություն ունեցել է արդեն դեպի անկում գնացող ոլորտի ցուցանիշների վրա։ Սակայն, «հանքարդյունաբերությունում շինարարության ծավալների կտրուկ նվազման պայմաններում աճ է արձանագրվել մյուս ոլորտներում» հայտարարությունը մարդկանց մոլորեցնելու ևս մեկ փորձ է: Վարչապետի ասածը, այնինչ, նշանակում է, որ առաջին եռամսյակից հետո, շինարարության սեզոնին և բարենապաստ եղանակային պայմաններում, այս ոլորտում ոչ մի աճ չի եղել, իսկ սեպտեմբերի չնչին աճն ավելի շուտ մինչև ձմեռ շինարարությունն ավարտելու՝ մայրաքաղաքում իրականացվող մի քանի քիչ թե շատ նշանակալի ներդրումային ծրագրերի շնորհիվ է։ Դրանց ավարտից հետո նոր ներդրումային ծրագրեր շինարարության ոլորտում չկան և շինարարությունում աճի տեմպի նվազմանը հաջորդելու է անկումը։ Մյուս կողմից էլ, Ամուլսարում շինարարության դադարելու ազդեցությունը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու, թե որքան անհեթեթ է մեր արդյունաբերության խոշորագույն ճյուղը՝ հազարավոր աշխատատեղեր, պետբյուջե միլիարդավոր դրամների եկամուտներ և հարյուր միլիոնավոր դոլարների արտահանում ապահովող հանքարդյունաբերությունը մի կողմ նետելու Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունը և ինչ սոցիալ-տնտեսական հետևանքներ այն կունենա։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ