Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հաստատեց իր մոտեցումը Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղի՝ հանքարդյունաբերության նկատմամբ։ Եթե նախկինում նա ասել էր, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ապագան չէ, չնայած որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է, հիմա էլ՝ «մենք մեր ընդերքը քանդել վաճառել ենք ասել ենք արտահանում ունենք, տենց ով ասես կարտահանի, մենք է՞դ ենք ուզում»։ Դժվար է ասել սա տնտեսությունից կառավարության ղեկավարի անտեղյակություն է, թե՞ երկրի արդյունաբերական հզորությունները կանխամտածված ոչնչացնելու ցանկություն։
Նման մոտեցումն արտառոց է, քանզի ցանկացած երկրի կառավարություն պաշտպանում է իր արդյունաբերությունն ու արտադրանքը: Հայաստանի կառավարությունը տրամագծորեն հակառակն է անում, որի ակնառու օրինակը Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակն է, որին էլ վերջերս ավելացավ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի գործունեության դադարեցումը։ Հանքարդյունաբերության նկատմամբ վերոնշյալ մոտեցումը հիմնավորել նրանով, որ մենք պետք է դառնանք բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող երկիր, նույնպես անհեթեթ է։ Ի՞նչ կապ ունի դա հանքարդյունաբերության հետ և ինչպե՞ս կարող է դրան խանգարել հանքարդյունաբերությունը, չխոսելով այն մասին, որ շատ ավելի վաղ, քան Նիկոլ Փաշինյանը «հրապարակի» վարչապետ կդառնար՝ սկսած 2000 թվականից Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարվել է գերակա ճյուղ և նկատելի արդյունքներ տվել անցած տարիների ընթացքում։
Ինչ վերաբերվում է հանքարդյունաբերությանը, ապա, ի գիտություն վարչապետի, նշենք, որ առավել բարձր արդյունավետություն ունեցող համարվում է տեղական հումքի վրա գործող ճյուղը: Այսինքն, երբ հումքի ներկման հետ կապված ռիսկերը կամ չկան, կամ նվազագույնն են, երբ տեղում ստեղծվող ավելացված արժեքը ավելի մեծ է լինում, երբ միջոցները ոչ թե երկրից դուրս են գալիս, այլ մնում են երկրում, հետագայում արտահանման շնորհիվ միջոցներ բերելով երկիր: Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք հումք են արտահանում՝ (նավթ գազ մետաղ և այլն), ապահովում բարձր եկամուտներ երկրի համար և դրանք ուղղում արդյունաբերության այլ ճյուղերի զարգացմանը, այլ ոչ թե հրաժարվում իրենց ունեցա բնական հարստությունները արտահանելուց։ Ընդհանրապես, անհասկանալի է, ի՞նչ է նշանակում թողնել ընդերքում եղած հարստությունները ընդերքում։
Մի խոսքով, հանքարդյունաբերությունը ոչ թե ապագա չէ Հայաստանի համար, այլ ունի լուրջ հնարավորություններ Հայաստանի արդյունաբերական զարգացման խթանման համար: Դրա համար անհրաժեշտ է հանքանյութի արդյուհանումից անցում կատարել մաքուր մետաղի արդյունահանման, ապա նաև դրանից արտադրանքի թողարկման: Գոյություն ունի պղնձաձուլարան կառուցելու ներդրումային ծրագիր, որի մասին Նիկոլ Փաշինյանը առանձնապես չի ցանկանում խոսել՝ ավելի հեշտ է պարզապես ազատվել հանքարդյունաբերությունից։ «Ընդերքի վաճառից գեներացվող գումարների արդյունքով ձևավորված տնտեսական աճը ներառող չէ։ Այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայատանի Հանրապետության քաղաքացիները», եզրակացրել է նա մեկ այլ ելույթի ժամանակ:
Դարձյալ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից մշտապես կիրառվող գործիքի՝ հանրությանը նպատակային մոլորեցման հետ:
Նախ՝ մեր պղնձամոլիբենդային կոմբինատները և մետաղաձուլական ձեռնակությունները 15-20 հազար բարձր վարձատրվող աշխատատեղեր են ապահովում: Ի՞նչ է, այդ մարդիկ, ըստ վարչապետի, Հայաստանի քաղաքացիները չեն: Երկրորդ՝ հանքարդյունաբերական ձեռնարկություննեը միշտ եղել և մնում են ՀՀ պետական բուջեի խոշոր համալրողները: Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարիներ շարունակ թիվ 1 հարկատուն էր՝ տասնյակ միլիարդ դրամների վճարած հարկերով: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի պղնձամոլիբդենային և մետաղամշակման ձեռնարկությունները պետական բյուջե են վճարել շուրջ 70 մլրդ դրամ, իսկ նրանց մեծ մասը խոշոր հարկատուների առաջին քսանյակում են: Եվ ինչ՝ սա ՀՀ բնակիչների վրա ազդեցություն չէ՞, թե՞ 70 մլրդ դրամը պետական բյուջեին պետք չէ և այդ գումարից պետական համակարգի աշխատակիցներին աշխատավարձեր, թոշակառուներին էլ՝ թոշակներ չեն վճարվում։
Անկախ նրանից, թե ինչո՞վ է պայմանավորված հանքարդյունաբերության դեմ կառավարության ղեկավարի մոտեցումը, այդ մոտեցումից բխող գործողությունները խիստ բացասական հետևանքներ կունենան ինչպես այդ ճյուղում աշախատող բազմահազար մարդկանց և նրանց ընտանիքների, այնպես է Հայաստանի տնտեսության և ամբողջ բնակչության սոցիալական կացության վրա։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը