Հայաստանում Նիկոլը մի էքսպերեմենտ է իրականացնում, որին հետևելու դեպքում ակամա կրկնում ես` այսպես էլ էր կարելի՞։ Նախորդ տարիներին իշխանությունից արդարացիորեն կամ շահադիտորեն դժգոհողներն իրենց լուծումներն էին առաջարկում։ Բոլոր թերություններով ու սխալներով հանդերձ` իշխանությունը անդրադառնում ու քննարկում էր բոլոր շրջանառվող առաջարկները։ Դրանցից շատերը որոշակի հիմնավորմամբ մերժվում էին, շատերն էլ ընդունվում ու դառնում էին օրենքի փոփոխություն կամ կառավարության որոշում։ Ամեն օրենքի ու որոշման սահմանադրականությունը խստագույնս ստուգվում էր։
Շատ առաջարկների հանգամանալի ու համակողմանի, պատասխանատու ու խելամիտ քննարկումները առավել հաճախ ավարտվում էին «դեռ շուտ է», «ժողովուրդը դեռ պատրաստ չէ», «սահմանադրությանը ու օրենքին հակասում է» կամ «աշխարհը դա թույլ չի տա» եզրահանգումներով։ Երկրի իշխանությունները բոլոր դեպքերում հաշվի էին առնում և՛ սահմադրության թույլատրած սահմանները, և՛ օրենքների տառն ու տրամաբանությունը, և՛ ժողովրդի ու սոցիալական խմբերի տրամադրություններն ու սպասումները, և՛ քաղաքական ուժերի մոտեցումներն ու շահարկումների հնարավորությունը։ Փաստ է, որ հակառակը հիմնավորող որևէ մեղադրանք նախկին որևէ պաշտոնյայի նկատմամբ հեղափոխական իշխանությունը որոնել ու չի գտել։
Հիմա Նիկոլի խելքին փչած ամեն միտք անմիջապես փորձարկվում է, իսկ հետևանքները նրան չեն անհանգստացնում։ Նիկոլի խոսքն ու ցանկությունները պարտադրվում են օրենքի նման և անօրինական դաշտ են մղում արդարադատությունն ու իրավապահներին, ոստիկանությանն ու դատավորներին։ Դիվանագիտական կորպուսը, էներգետիկայի, ֆինանսների, արդյունաբերության, գյուղատնտեսության ու մյուս բոլոր ոլորտների մասնագետներն ու պատասխանատուները հարկադրված գործում են Նիկոլի սահմանած դիլետանտական կանոններով։ Բոլոր բնագավառներում հեղափոխական անօրենություն ու կործանարար ինքնիրավչություն է։
Այս ամենի համար վճարելու է ժողովո՛ւրդը, քանի որ ամեն ինչ ի վերջո պատուհասվում է ժողովրդի՛ գլխին։ Երբ գա վճարելու ժամանակը, Նիկոլն արդեն հեռու կլինի, ինչպես հիմա Սաակաշվիլին է շատ հեռու Վրաստանից։ Նիկոլը հիմա մտածելու, կշռադատելու ժամանակ չունի՛։ Հիմա դա անելու իրավունք չունի ո՛չ ոք` բացի իրեն օրենքից վեր դասած բռնակալից։ Նիկոլը ժողովրդին ներշնչել է, որ կախարդական փայտիկ ունի ու երջանկացնելու է ժողովրին։ Հենց այդ ստահոդ դուխով էլ գնում է ցանկացած ապօրինի էքսպերեմենտի։ Իսկ աշխարհը ժպիրհ հայացքով հետևում է, թե նոր բացված լաբորատորիայում հերթական փորձն ինչով կավարտվի։
Ժողովրդի մի մասը թյուրիմացաբար կամ «անկեղծ» սիրով հավատացել է Նիկոլի ստին ու համբերատար սպասում է, քանի որ` թախտին պառկած ու «հումանիտար» սնուցմամբ ապրելն անհամեմատ հեշտ է։ Ապուշանալու աստիճանի երջանկացել են աղանդավորական, փոքրամասնական, իրավապաշտպան տարաբնույթ գրանտակերները։ Հենց այս զանգվածն է Նիկոլի հրահանգով լցվում ցանկացած հրապարակ ու մայրաքաղաքային ավագանու ընտրություններին Նիկոլին ապահովում 80%-ը գերազանցող քվե։ Մինչդեռ սա հասարակությունը պառակտելու, մեկը մյուսի դեմ հանելու, արատներով վարակելու ու ազգը ոչնչացնելու սկիզբն է միայն։
Իհարկե կա՛ն Նիկոլին նշույլ իսկ չվստահող իրատեսներ։ Նախորդ ամիսներին նրանք չեն խաբնվել Նիկոլի «հրաշքներց», չեն գայթակղվել իշխանատաշտի բարիքներով, մայրաքաղաքային ընտրություններին չեն մասնակցել ու չեն ապացուցել իրենց բացարձակ մեծամասնությունը։ Նաև չեն կասեցրել Նիկոլի էքսպերեմենտները, բռնակալի վերածվելու և օրենքներն ու սահմանադրությունը ոտնահարելու վարքը։ Նիկոլին անհրաժեշտ է կանգնեցնել։ Այլապես նա օրինախախտումներով կլուծարի Ազգային ժողովը, կնշանակի անօրինական ընտրություններ, կտապալի պետության սահմանադրական կարգը, կյուրացին ողջ իշխանությունը և կդառնա լիիրավ բռնակալ։ Եթե Կալիգուլան միայն մտադիր էր իր Ինցիտատ ձիուն կոնսուլ նշանակել, ապա Նիկոլը նման մի քանի քայլ արդեն արել է։
Նիկոլը հեղափոխության օրերին առաջնորդվեց Ջին Շարփի «հուշած» թավշյա իշխանափոխության օրակարգով։ Մայրաքաղաքային ընտրությունների նա փորձարկեց Քվինթոն Ցիցերոնի «Կոնսուլի պաշտոնին հավակնելու հակիրճ հանձնարարական» կամ «Ինչպես հաղթել ընտրություններում» ձեռնարկի 58 թեզիսները։ Ակներև է, որ նույնը նա կրկնելու է համապետական ընտրությունների ժամանակ. ուստի մենք ևս պետք է դրանք իմանանք, որ կարողանանք կանխել։
Քվինթոն Ցիցերոնն ուղղակի հանձնարարում է. «հանուն հաջողության կոծկիր ճշմարտությունը, խոստացիր ամեն ինչ ու բոլորին, մի վստահիր ոչ ոքի, բոլորից աջակցություն հայցիր, շրջապատվիր քծնողներով, նպաստավոր ասեկոսեներ տարածիր, համոզիր՝ թե ժողովրդի շահերն ես պաշտպանում, մրցակցին վարկաբեկիր ու փորփրի նրա սպիտակեղենը, սեքսուալ սկանդալներ մոգոնի ու նրա դեմ հրահրի անգործներին, հիշիր, որ քվեատուները երբեք չեն դժգոհում՝ երբ խաբում ես և ընդվզում են՝ երբ հրաժարվում ես խոստանալ այն, ինչ իրենք են ցանկանում»։
Նիկոլը այս ամենն արել ու անելու է։ Նա համատեղելու է վարչապետի, ժողովրդի, քաղաքապետի, ոստիկանապետի, արտգործնախարարի, ընդդիմության, բոլոր մյուս պաշտոնները։ Սա սահմանադրության ու օրենքների տոտալ ոտնահարում է։ Օրենքներն ու սահմանադրությունը կոչված են նախևառաջ իշխանություն ունեցողի ցանկությունները ու հավակնությունները սահմանափակել, զսպել, կանոնակարգել ու արդյունավետ հուն մղել։ Նիկոլը չափ ու սահման չի ճանաչում, իրեն թույլատրելի է համարում ամեն օրինախախտում։ Նիկոլն իրեն վերապահում է գերագույն իրավունք ու գործում է գերագույն անիրավություն։
Գոռ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը