Շուտով տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները և դժվար էր հրաժարվել գայթակղությունից և տեղի ունեցող ընտրապայքարի վերաբերյալ հրապարակային կարծիք չարտահայտել:
Նախ Հայաստանում տեղի ունեցած այսպես կոչված «թավշյա ոչ բռնի հեղափոխությունից» հետո Երևանի ավագանու ընտրությունները իշխանությունների առաջին կարևոր քննությունն է լինելու, թեներքին, թե արտաքին շահագրգիռ ուժերի առջև:
Ընտրությունների մեկնարկը չտրված իշխող քաղաքական ուժը իրեն հռչակեց «սպիտակ ուժ» և քաղաքագիտական տեսանկյունից անհասկանալի բառապաշար կիրառելով՝ ընտրական օրենսդրության խախտմամբ անցավ քարոզարշավի: Հավանաբար «սպիտակների» քաղաքական բավարար փորձի պակասն էր պատճառը:
Նախ, հասարակությանը այդպես էլ անհայտ մնաց «սպիտակների» թեկնածուն ինչպես ընտրվեց, ինչ չափանիշներով, ում կողմից, հետո ինչպես առաջարկվեց ոչ քաղաքական անձին գլխավորել ավագանու ցուցակը:
Անկեղծ ասած կարդացել եմ բոլոր առաջատար ուժերի «բուկլետները», մասնակցել եմ երկու թեկնածուների հանրահավաքներին և կարելի է ասել հերթական անգամ ելույթներում զարգացման ծրագիր չկա, եղածն էլ կարելի է անվանել «բարի ցանկությունների մասին մտորումներ»: Ամենավատը այն է, որ չեղած «ծրագրերը» ոգևորությամբ ներկայացվում են, որպես խնդիրների լուծման բանաձևեր, «կրուտիտի» ժանրում՝ ուղղված մարդկանց անորոշ հայացքներին: Թեկնածուներից մեկի հանրահավաքին աչքի էին զարնում երեխաների մեծ խմբերը հավանաբար սիրելի հերոսին տեսնելու, «սելֆի» անելու և օրվա ավարտին կյանքի տվյալ պահից բավականություն ստանալու անհագ ցանկությամբ:
Ավագանու անդամության թեկնածուները միմյանց հերթ չտալով խոսում են իրենց բարի ցանկություններից, դասը լավ սերտած աշակերտի նման, ով թեև չգիտի առարկան, բայց ունի մեծ ցանկություն սովորելու: Ինչևէ փորձեմ բարձրաձայն մտորել թեկնածուների ծրագրերի վերաբերյալ:
«Սանիտեկ» ընկերության կողմից աղբահանության հարցում թերանալու պատճառով թեկնածուները առաջնային խնդիր են համարում աղբահանության կազմակերպումը, մինչդեռ դա չպետք է համարվեր առաջնային այլ խնդիրներից, որոնք են կրթական և առողջապահական ենթակառուցվածքների կառավարման բարելավումը, բնակֆոնդի կարգաբերումը, անվտանգության մակարդակի բարձրացումը, հասարակական տրանսպորտի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը:
Աղբահանությունը Երևանում և մարզերում իրականացվում է շատ պարզունակ եղանակով՝ փողոցից աղբը հավաքվում է և տեղափոխվում մեկ այլ վայր, իր ամբողջ բացասական հետևանքներով: «Սպիտակ» ուժը առաջարկում է երկրորդ օպերատորի մուտք, հավանաբար «իրար օգնենք, որ չհոգնենք» սկզբունքով: Մինչդեռ կենցաղային և շինարարական աղբը առաջադեմ երկրներում ենթարկվում է մշակման, որի հիման վրա ստեղծվում են նոր արտադրական ցիկլեր: Խնդրի լուծումը պետք է տեսնել ամբողջության մեջ, այլ բան է, որ Ասիական բանկի մեր գործընկերների հետ քննարկումներում վեր հանվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք ևս լրացուցիչ քննարկումների կարիք ունեն, օրինակ արտադրված աղբը որքան է կազմում և ստեղծվելիք աղբի վերամշակման գործարանը ինչ հզորություն պետք է ունենա, տնտեսապես ձեռնտու կլինի այլ մարզերից աղբի տեղափոխումը դեպի երևանամերձ գործարան:Վերամշակված աղբի հիման վրա ինչ արտադրություններ պետք է հիմնվեն և արդյոք այդ արտադրանքը ունի շուկա, ի վերջո այն արդյոք տնտեսապես արդարացված է Հայաստանի համար, որից հետո իրականացնել անհրաժեշտ հաշվարկներ ներդրողներ գտնելու համար:
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի հարցին, կարելի է արձանագրել, որ «սպիտակները» բացարձակ պատկերացում չունեն հիմնախնդրից: Երևանի համար կենսական հարցը ներկայացվում է մի դեպքում տրանսպորտի տեսակի, չափերի, քանակի, մյուս դեպքում հովացման կամ տաքացման համակարգ ունենալու տեսանկյունից, մինչդեռ հասարակական տրանսպորտը սկսվում է կառավարության տնտեսական զարգացման ծրագրից, ուղևորահոսքերի կանխատեսումից և ենթակառուցվածքների առկայությունից: Մինչև հստակ չկանխատեսվի յուրաքանչյուր թաղամասից օրական տարբեր ժամերի հնարավոր ուղևորահոսքերը, հնարավոր չէ քննարկել, թե որ տրանսպորտի տեսակը պետք է այն սպասարկի:Քանի կանգառներ կան նորմալ կահավորված և անվտանգ, որպեսզի բացառվի ճանապարհատրանսպորտային պատահարները:
Բերեմ շատ պարզ օրինակ, Երևան քաղաքին անհրաժեշտ է միջինը 4.500 ավտոբուս ուղևորափոխադրում իրականացնելու համար, եթե վերցնենք յուրաքնչյուր ավտոբուսի նվազագույն արժեքը, այն է 35.000 ԱՄՆ դոլարը, ապա կստացվի 157 միլիոն ԱՄՆ դոլար, որը բաժանելով հինգ տարիների վրա, կստանանքտարեկան շուրջ 31 միլիոն ԱՄՆ դոլար գումար: Վերջին տարիներին Երևանի տրանսպորտային պարկի թարմացման հարցը լուծվել է մեծամասամբ Չինաստանից դրամաշնորհի միջոցով ստացված ավտոբուսներով, որոնցով երթևեկել եմ և բավարար հարմարավետ է: Եթե մասնավոր ներդրողին առաջարկվի լրացուցիչ խիստ պայմաններ, որոնք լինեն ծախսատար, ապա կարող ենք ունենալ իրավիճակ, որ ներդրողները պահանջեն գնի վերանայում, իսկ գների բարձրացումը կարող է բերել այլ տրանսպորտային տեսակների ծանրաբեռնում և իհարկե սոցիալական խնդիրներ: Առանձին քննարկման հարց է տրանսպորտի անվտանգության հարցը, արդյոք անվտանգ է գազաբալոններով շահագործումը, ուղևորների թվաքանակի թույլատրելի թվից ավելի ուղևարափոխադրում իրականացնելը այլ հարցեր, որոնց պատասխանները «սպիտակները>> պետք է ունենային:
Տրանսպորտային խնդիրներում պետք է առանձնացնել Երևանի մետրոպոլիտենի երկու կայարանների կառուցման հարցը, որը նախորդ իշխանությունների ժամանակ քննարկվել է Ասիական բանկի հետ և կառավարությունը չի կարողացել հիմնավորել, որ տնտեսական առումով այն ձեռնտու կարող է լինել: Անշուշտ հարմարավետության առումով կարելի է կառուցել, սակայն եթե չկան սեփական միջոցներ, ապա պետք է կառուցել ներդրողների միջոցներով: Կարելի է արձանագրել, որ մետրոպոլիտենի հարցը ուղղակի շահարկվում է ձայներ ստանալու նպատակով:
Երրորդ կարևոր հարցը բնակֆոնդի պահպանությունն է և կոմունալ խնդիրների լուծումը: Եթե համեմատենք այն «սպիտակների» կողմից առաջնահերթ հռչակված հարցերի հետ, ապա առաջնային է, քանի որ բնակֆոնդի պահպանությունը շատ թանկ է և այնքան խնդիրներ կան, որ Երևանի բյուջեն սուբսիդավորման պարագայում ևս լավագույն դեպքում չի կարող բավականացնել: Անկեղծ ասած այստեղ հաշվարկներ չունեմ կարծում եմ որևէ մեկը ևս չունի:
Վերելակների հարցը ևս կարևոր են, քանի որ յուրաքանչյուր բնակիչ ով նստում է վերելակ կարող է ժամերով մնալ այնտեղ, հագուստը կեղտոտել, դժբախտ պատահարի զոհ դառնալ: Լուծում մեկն է գնել և տեղադրել նոր և անվտանգ վերելակներ, որոնց միջին արժեքը 15 հազար ԱՄՆ դոլարն է (ըստ քաղաքապետի ճաշակի գինը կարող է տատանվել): Երևանին անհրաժեշտ է շուրջ 9 հազար վերելակ, որը եթե բազմապատկել15 հազարով կստացվի 135 միլիոն ԱՄՆ դոլար գումար և եթե բաժանենք 5 տարիների վրա, կստացվի տարեկան շուրջ 27 միլիոն ԱՄՆ դոլար գումար:
Երևանի էլեկտրոմատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը գտնվում են խորհրդային ժամանակներում ամբողջ ենթակառուցվածքները մաշված են, Երևանը չունի զարգացման ծրագիր, քաղաքաշինությունը հարմարեցվում է ներդրողի ճաշակին:
Անդրադառնալով իմ կարծիքով վերջին կարևոր հարցին առողջապահությանը և կրթությանը կարելի է արձանագրել, որ այստեղ երկիրը «յոլա» է գնում, քանի որ չկան միջոցներ, իսկ եղած միջոցները խիստ սակավ են և անարդյունավետ. կարելի է ասել բնակչության հաշվին: Նույն իրավիճակն է նախակրթարաններում, գումարած տեղերի սահմանափակ լինելը: Այստեղ իհարկե փոփոխությունների անհրաժեշտություն կա:
Բուժհաստատությունները, պոլիկլինիկաները դարձել են տեղեկանքներ տրամադրող մարմիններ, ցածր աշխատավարձի պարագայում հնարավոր չէ որակյալ կադրեր ներգրավել և կազմակերպել նվազագույն բուժօգնություն: Այս հարցերը կարծես քիչ է հուզում Երևանցիներին, քան թափառող շների բազմացման կամ ստերիլացման հարցերը:
«Սպիտակները» բացարձակ չեն խոսում քաղաքային բյուջեի եկամուտներից, հնարավոր հավելյալ միջոցների ներգրավման հնարավորություններից: Մինչդեռ առաջնային պետք դառնար այդ հարցը, առանց որի հնարավոր չէ իրականացնել «բարի ցանկությունների ծրագիրը»: Քաղաքապետարանի և վարչական շրջանների առաջնային խնդիրը պետք է լինի համայնքային ծառայությունների որակի բարելավումը, ենթակառուցվածքների առավել հարմարեցումը բնակչին, բիզնեսին, նորարար և ստեղծագործ մտքի համադրումը: Քաղաքային տուրիզմի զարգացման համար պետք է ունենալ հյուրընկալ, զարգացած ենթակառուցվածքներով և տարբերվող քաղաքային մշակույթով մայրաքաղաք:
Այս ամենի իրականացման համար առաջնային պետք է լինի «տնտեսական թիմի» ստեղծումը և ծրագրերի կազմումը, այլ ոչ թե հարց ու փորձ անելը և նախորդ տարիների ծրագրերից «քոփի փեսթ» եղանակով «առաջադեմ» ծրագրերի կազմումը: Կարևոր է ծրագրերի շարունակականությունը, լավ բանիմաց կադրերի պահպանումը: Չնայած երևի «սևերին» սկսեն փոխարինել «սպիտակները», պարզեն ով որ թաղում ում հետ որքան է քայլել, ով է ավելի շուտ սկսել թրաշ պահել, բացահայտումների նոր սերիաներով, «ասֆալտին լղելու» օպերացիաներով, լայվերով, մի խոսքով հետընտրական զարգացումների մասով անգամ կարելի է գուշակություններ անել:
Այս ամենը վերլուծելով ինձ մոտ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները չկան քանի որ քաղաքական մրցակցության, ծրագրերի ներկայացման փոխարեն ականատես ենք քաղաքական ավանտյուրայի և մանիպուլատիվ հնարքների, որի նպատակը Երևանցիներին մոլորեցնելն է և նրանց քվեն ստանալը:
Արդյոք կուսակցությունները և դաշինքները չեն գիտակցում պատասխանատվության իրենց բաժինը արդյոք ընտրակաշառքի և թաղային հեղինակությունների ազդեցությամբ արդյունքների կեղծման փոխարեն, որպես այլընտրանքային միջոց կիրառվում է Երևանցիների ձայներին խաբեությամբ տիրանալու մեթոդը: Ինչու են «սպիտակների» հանրահավաքները դառնում տարբեր մարդկանց և ընկերային խմբերին ուղղված սպառնալիքների, մեղադանքների և լուտանքների հարթակներ, ինչու են հարթակը օգտագործում ոչ կառուցողական նպատակներով:
Ինձ համար մեկ բան հստակ է, ունենալու ենք հերթական ավագանին, ով ընտրվելու համար պարտական է լինելու մեկ անձի՝ ում շնորհիվ ընտրվել է և ծառայելու է այդ անձի քաղաքական շահերին:
Քաղաքականության մեջ քայլելը բավարար չէ, պետք է կարողանալ նաև թռչել, իսկ քաղաքական համակարգը սև ու սպիտակի բաժանելիս պետք գիտակցել, որ շախմատի խաղատախտակին և սև գույնն է, և սպիտակ, նույնը խաղաքարերը, անգամ եթե խաղում ես «ՇԱՇկի»:
Մ. Իսրայելյան
Տնտեսագետ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը