Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ նոր Հայաստանի վարչապետը խոսեց պաշտոնից հեռանալու երաշխիքների մասին: Ամենայն հավանականությամբ, նա առնվազն ենթագիտակցորեն հասկանում է ռազմավարական գործընկեր միակ երկրի նախագահի հետ հանդիպման ճակատագրական էությունը: Գիտակցում է, որ իր արածի ու չարածի հետևանքով են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ոմանք ճգնաժամային գնահատում:
Աշխարհաքաղաքական հախուռն դեգերումներն էլ մատնում են, որ նոր վարչապետը ցուգցվանգում է հայտնվել` իր նկատմանբ և՛ Արևմուտքի, և՛ Հյուսիսի, և՛ ժողովրդի որոշակի անվստահության պատճառով: Վարչապետ դառնալուց անմիջապես հետո ամեն առիթով նա պնդում ու հավաստում էր, թե կհեռանա ժողովրդի վստահության կորստի առաջին իսկ դրսևորման դեպքում:
Ամռան ընթացքում պարզ դարձավ, որ ի սկզբանե մասնակի վստահությունն ամեն օր է կորսվում, փոփոխություններ տենչացող ժողովրդի հեղափոխական հիացմունքը ամեն օր է փոխվում գիտակցված հիասթափության ու հիմնավորված դժգոհության: Եվ հիմա նա փոխում է պայմանը: Հայտարարում է, թե կհեռանա, երբ «լինեն այլ ինստիտուցիոն երաշխիքներ, որ որևէ մեկին հնարավորություն չեն տա` իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»:
Այսինքն. հեղափոխական վարչապետն ասում է, որ կհեռանա, երբ լինի այն, ինչը չի՛ եղել ու չի՛ կարող լինել երբե՛ք և ո՛չ մի ինստիտուցիոնալ, սահմանադրական կարգ ու օրինական համակարգ ունեցող պետությունում: Քանի որ ժողովուրդը նման պետությունում իշխանությունն իր ձեռքում չի պահում, այլ ընտրությունների միջոցով պատվիրակում է:
Այսինքն. հեղափոխական վարչապետը հայտնում է, որ կհեռանա, երբ խեցգետինը սուլի սարի վրայից: Այս հայտարարությունը Աժ փոխզիջումային քվեարկությամբ ընտրված նոր վարչապետն անում է` միայն ինքն իրեն համարելով ժողովրդի ներկայացուցիչը, իշխանության ճակատագիրը բոլոր մակարդակներում որոշելու երաշխավորը: Այսինքն՝ նոր վարչապետն անհիմն պնդում է, թե իշխանությունը ժողովրդի ձեռքում է: Մինչդեռ. ժողովուրդն ինչպես չուներ իշխանություն, ինչպես չի եղել իշխանության կրողը, այնպես էլ մնացել է:
Այո՛, այսօր ժողովուրդն ունի՛ միայն ու միայն նոր վարչապետի մասնակցությա՛մբ հանրահավքներին ներկա լինելու ու իր ներկայությամբ նրան լեգիտիմացնելու իրավունք, որն արագ էլ դառնում է պարտադրանք: Այո՛, այս պարտադրանքը կատարողները ստանում են ցանկացած օրենք ու կարգ ոտնահարելու թույլտվություն, իսկ չկատարողների նկատմամբ անմիջապես վհուկների որս է սանձազերծվում` օրենքի ընտրական կիրառման ողջ խստությամբ:
Մինչդեռ սա հենց այն իրավիճակն է, որի մասին 1792-ին գերմանացի հանրագիտակը գրել է. «Հեղափոխական Ֆրանսիայում ամեն մեկը կարող է ազատորեն կախել յուրաքանչյուրին որ հրապարկում ցանկանա»: Ցավոք, պատմական իրադարձությունները երբեմն կրկնվում են առավել աղետալի ձևերով: Եվ երբ, Աստված մի արասցե, մեր այսօրվա օրենսդիր իշխանությունն էլ ստիպված լինի հայտարարել «Հայրենիքը վտանգված է» ու համընդհանուր զորահավաք սկսվի, իրողությունները ոչ մեկին զավեշտալի ֆարս չեն թվա:
Մոսկվա մեկնելուց առաջ նոր վարչապետը ոչ մի կերպ չուրվագծեց ո՛չ իր արտաքին քաղաքական կողմնորոշումը, ո՛չ էլ Արցախի հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափում կարգավորելու իր նպատակաները: Արտաքին քաղաքական ռազմավարության հստակեցումներ ու մարտավարական բացահայատումներ նոր վարչապետից կարող է պահանջել միայն տգետը կամ հիմարը, բայց Հայաստանի «հպարտ» ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները, կարծում եմ, իրավունք ունեն իմանալու, թե իր պետության ղեկավարն ի՞նչ նպատակով է սկսում երկրի ու ժողովրդի համար բախտորոշ բանակցությունները, որոնց վերաբերյալ, իր իսկ արտահայտությամբ, «մեկ բառ անգամ» դեռ չի ասել: Ամենավատը, թերևս, այն կարող է լինել, որ Մոսկվայից վերադառնալուց հետո պարզվի` խեցգետինը սարի վրայից արդեն սուլել է: Թեև շատ իրադարձություններ նույնությամբ կրկնվում են, բայց լիահույս եմ, որ 1998-ի փետրվարի 3-ն ու 4-ն այլևս չեն կրկնվի:
Գոռ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը