Բազմիցս ենք անդրադառձել թեմային, թե այս ծանր վիճակում, երբ պատերազմը չոքել է մեր դուռը, երբ մեր հայրենիքի մյուս հատվածում մարդիկ են մահանում սովից, սթրեսներից, բուժսպասարկում չստանալուց, ի՞նչ Երևանի ավագանու ընտրություններ։ Բայց իրականությունը այն է, որ ցավոք, այն միևնույն է՝ տեղի է ունենալու։ Մյուս կողմից էլ, մեր երկրի միակ քաղաքական սպասվող գործընթացը դա է։
Ընդդիմադիր հատվածում հրապարակային, բազմիցս է խոսվել այն մասին՝ գնա՞լ ընտրություններին, թե ոչ (վստահ ենք՝ ոչ հրապարակային ավելի բուռն են քննարկումները եղել)։ Մի մասը պնդում էր, որ պետք է բոյկոտել, մյուս մասը պնդում էր, որ հատկապես մայրաքաղաքը, որտեղ կենտրոնացված է երկրի բնակչության կեսը և գուցե ավելին, խոշոր ենթակառուցվածքները, երկրի կառավարման սիրտը, պետք է գնալ և այդպես փորձել փոխել իրավիճակ։ Ինչևէ, իրավիճակը այսօր արդեն ձևավորված է, ի սկզբանե էլ մասնակցելու ցանկացողների պակաս, չեղավ։
Իսկ ովքե՞ր են հիմնական թեկնածուները։
Ամենաառաջինը այդ միջոցառմանը պատրաստվել է ու քարոզարշավ սկսեց իշխանությունը՝ իր թեկնածուով։ Ավելի քան մեկուկես տարի է՝ Տիգրան Ավինյանն ակտիվ քարոզարշավի մեջ է, մրցավազքի մեջ է, ի սկզբանե՝ անհավասար դիրքերից։ Առավոտից երեկո նրան են քարոզում-գովազդում պետական հեռուստաընկերությունը, իշխանական լրատվամիջոցները։ Պետական բյուջեով, մայրաքաղաքի բյուջեով, այսինքն՝ հարկատուներիս հաշվին մայրաքաղաքում տեղի ունեցող ցանկացած բանում գովազդվում է նա։ Բանը հասել է այնտեղ, որ անգամ գովազդվում էր Սուրմալուի պայթյունի՝ բազմաթիվ զոհերի ֆոնին։
Քանի որ օգտագործեցինք մրցավազք բառը, ավելի պատկերավոր ասենք․ պատկերացրեք՝ դուրս են գալիս 100 մետրանոց վազքի մրցույթի, բոլորը սկսում են զրոյական կետից, իսկ մասնակիցներից մեկը՝ մնացած 30-րդ մետրից։ Ավինյանին քաղաքապետ նշանակելու իմաստը հենց այն էր, որ պետական ռեսուրսներով, հարկատուների փողով գովազդեն և նրան սարքեն քաղաքապետի քչից-շատից երևացած մի թեկնածու։ Նպատակը, նաև քարոզչական գիծը, որով Ավինյանը ներկայանում է և էր, Փաշինյանից տարանջատված լինելն էր, իր ուրույն կերպարով հանդես գալն էր, որը, չնայած այդ ամենին, կարծես դժվարությամբ է ստացվում, եթե, առհասարակ, համարենք, որ ստացվում է։
Ինչո՞ւ․ գաղտնիք չէ՝ նա առնվազն պոպուլյար չէ, պարտություն բերած թիմի անդամ է։ Նրան հիշում են կորոնավիրուսի ժամանակից, երբ պարետ էր, իսկ պարետատունը ընդունում էր ուշացած, անտրամաբանական որոշումներ․ արգելում էին, որ ընտանիքի երեք անդամները միասին իրենց ավտոմեքենայով տեղ գնան և այլն։ Անգամ այդ բոլոր որոշումները վիրուսին չարգելակեցին․ Հայաստանը կորոնավիրուսի մահերի թվով առաջնային դիրքեր էր զբաղեցնում։ Կարելի է ասել, որ Ավինյան կերպարը ավելի շատ համարվում է «պռավալ» տված կառավարիչ, քան որևէ այլ։
Ավինյանից ոչ պակաս վաղ ժամանակվանից իր թեկնածությանը պատրաստվել ու հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը։ Նրանից անբաժան է Մեսրոպ Առաքելյանը։ Այս երկուսին, բացի կուսակցական թելերից, կապում է ևս մեկ բան՝ երկուսն էլ եղել են Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներ, երկուսն էլ եղել են սոցապնախարար։ Մանե Թանդիլյանը այդ ժամանակ աչքի է ընկել բառի բուն իմաստով անսկզբունքայնությամբ։ Նա մինչ իշխանափոխությունը, հանրությանը հայտնի դարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարով, որպես ազնիվ ակտիվիստ։ Սակայն երբ նշանակվեց սոցապնախարար, այդ կառավարության առաջին նիստերից մեկում բերվեց հենց այդ կենսաթոշակային կուտակային համակարգի օրենքը։ Թանդիլյանը մի պահ դեմ խոսեց, բայց Փաշինյանի զոռբայության շնորհիվ որոշումն ընդունվեց։ Թանդիլյանը իբր գրեց հրաժարականի դիմում, ապա հետ վերցրեց։ Այսինքն, նա ինչ-ինչ պատճառով կամ ինչ-որ բանի դիմաց, հրաժարվեց այն սկզբունքներից, որոնց համար պայքար էր մղում։ Չենք խոսում որպես սոցապնախարար աշխատանքներից, աղքատության, գործազրկության, նպաստառուների, կենսաթոշակի և այլ ցուցանիշներն ամեն ինչ ասում են։ Նա էլ իր հերթին ոչնչով աչքի չընկած է, հատկապես այդ պատասխանատու բարձր պաշտոնին եղած ժամանակից։
Թե ինչպիսի սկզբունքայնություն ունի Մեսրոպ Առաքելյանը, հարցի պատասխանը տրվում է հենց նրանով, որ կապիտուլյացիայից անմիջապես հետո համաձայնեց Փաշինյանի մոտ նախարար աշխատել։ Չնայած՝ դրանից առաջ էլ նա Փաշինյանի խորհրդականն էր։ Որպես սոցապնախարար լա՞վն էր։ Էլի ոչնչով աչքի չընկավ, ոչ մի դարակազմիկ փոփոխություն չեղավ, երևի թե չէր էլ կարող լինել։ Ընդամենը պետք էր հիշել, որ նա մինչ պետական պաշտոնի անցնելը, ղեկավարում էր մի վարկային կազմակերպություն, որը քաղաքացիներին 400 տոկոսով վարկ էր տալիս։
Ընտրապայքարին մասնակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Դավիթ Խաժակյան թեկնածուով։ Այս կուսակցության մասին հերիք է, որ նրա ղեկավարը Էդմոն Մարուքյանն է, որը Նիկոլ Փաշինյանի աշխատողն է, հատուկ հանձնարարություններով դեսպանը, օգնականը, ինչպես կուզեք, բովանդակային իմաստով և փաստացի՝ նրա հանձնարարություններ կատարողը։ Ի միջի այլոց, նրանք դրանից առաջ էլ եղել են պատգամավորներ նույն Դաշինքից (Մանե Թանդիլյանը և նրա հետ մրցող Արտակ Զեյնալյանը ևս)։ Այս կուսակցության տարբեր անդամներ աշխատում են Փաշինյանի ձևավորած կառավարության տարբեր հիմնարկներում և ընդհանրապես, «Լուսավոր Հայաստանը» պետք է ընդունել, որպես ՔՊ-ի հետ ոչ հայտարարված կոալիցիա (ներկայացվելիք հաջորդ թեկնածուի քաղաքական ուժը ևս)։
Մյուսը սպարապետ Վազգեն Սարգսյանի տխրահռչակ եղբոր՝ Արամ Սարգսյանի քաղաքական ուժն է՝ Արտակ Զեյնալյան թեկնածուով։ Ո՞վ էր Արտակ Զեյնալյանը․ Սա էլ Նիկոլ Փաշինյանի արդարադատության նախարարն է եղել։ Արտակ Զեյնալյանը պաշտոնավարել է նույն պարտություն բերած թիմում։ Նա անգամ, պատերազմից առաջ, նախարար եղած ժամանակ աչքի է ընկել անսկզբունյքանությամբ և պարզապես թուլությամբ։ Բերենք ընդամենը երկու օրինակ․ Երբ հրապարակվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսազրույցը, որով նրանք պայմանավորվում էին, թե ինչպես կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովի կալանքի հետ ինչպես վարվեն, Արտակ Զեյնալյանի կարծիքը լրագրողները հարցրին՝ որպես արդարադատության նախարարի՝ երկրում տեղի ունեցող դատական այս բեսպրեդելի վերաբերյալ։ Պատասխանեց, որ կարծիք չի ուզում հայտնել, որովհետև գաղտնալսումն ապօրինի է։ Այսինքն՝ ոչինչ որ զանգովի արդարադատություն է, այ որ ապօրինի է գաղտնալսվել, այ դա․․․ Դե հասկացաք։ Նիկոլ Փաշինյանն Արտակ Զեյնալյանին տեղակալներ էր նշանակում ու ազատում, նա տեղեկանում էր մամուլից ու երբ հարցնում էին, պատասխանում էր, թե՝ դա ՔՊ-ի քաղաքական որոշումն է, չի ուզում խոսել։
Հիմա Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատած ու պատասխանատվություն կրած այդ անձը պետք է Փաշինյանի դեմ հանդես գա՞, այն դեպքում, երբ պաշտոնանկությունից հետո ձայնը չենք լսել, պաշտոն ունեցած ժամանակ էլ, կարծես ոչինչ էլ չի արել։ Այն, որ պատերազմից հետո մասնակցել է գերիների վերաբերյալ միջազգային դատարան դիմումներին, միևնույն է, կարծում ենք, այդ հանգամանքը նրան չի ազատում պարտություն բերած թիմի հետ կրող պատասխանատվությունից։
Հաջորդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանի հեղափոխության ամենից անկյունաքարային անդամներից մեկն է՝ Հայկ Մարությանը։ Միանգամից նշենք, որ չնայած տարբեր կարծիքների, Հայկ Մարությանը լավ քաղաքապետ չէր․ 2018 թվականի ընտրություններին ներկայացավ 7-8 հիմնական խոստումներով, որոնք այդպես էլ չկատարեց։ Բայց Հայկ Մարությանը հանրությանը դրանով հայտնի չէ, ավելի շատ հայտնի է «Կարգին հաղորդում»-ից հետո՝ հայերիս սևի ու սպիտակի բաժանումով։ Նա փաշինյանական իշխանության օրոք ատելության հրահրողներից մեկն է։ Այսօր մեր երկրում ատելության շատ մեծ դոզա է, որի մեկնարկը թեև չի տվել Մարությանը, բայց անվանման հեղինակը հենց ինքն է։ Հենց նա ազգը բաժանեց սևերի ու սպիտակների։ Հայկ Մարությանը ծափ էր տալիս 2018 թվականի օգոստոսի 17-ի բեմի վրա, երբ Փաշինյանն ասում էր, թե Արցախի վերաբերյալ ցանկացած հարց ու լուծում քննարկելու է ժողովրդի հետ։ Հայկ Մարությանը հրապարակայնորեն չի քննադատել Փաշինյանին անգամ այն բանից հետո, երբ իրեն հեռացրեցին աթոռից նվաստացումով։ Ու հիմա Կարգին Հայկոյին թերևս կարելի է մեկ հարց տալ՝ Նիկոլ Փաշինյանը սև է՞, թե՞ սպիտակ։ Կամ ինքը հիմա սև՞ է, թե՞ սպիտակ, կարծես իր ասած սպիտակները ՔՊ-ն էր։
Թվարկածս բոլոր թեկնածուներն իրար հետ մեկ ամուր կապ ունեն՝ Նիկոլ Փաշինյանի խայտառակ պարտություն ու նվաստացում բերած թիմի անդամ են։ Նրանց կենսագրությունը, վերելքները, վայրէջքները նաև կապված է ուղիղ Փաշինյանի հետ, թե՛ դաշինքի մեջ են եղել, թե՛ առանձին թիմում։ Ու անգամ եթե նրանց մի մասը նախկին թիմի անդամ է, դա նրանց պատասխանատվությունից չի ազատում․ նրանց այդ հավաքական թիմը մեր երկիրը հասցրել է պետականության լինել-չլինելու եզրին, արժեցել է հայրենիքի մի հատվածի կորուստ, փախստականներ, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և խեղված ճակատագրեր։ Նրանք, ուզեն թե չուզեն, կիսում են այդ պատասխանատվությունը։
Մնացած թեկնածուներին երևի թե կարելի կլինի անդրադառնալ, քարոզարշավի ընթացքում, բայց առաջադրվածների միջև առանձնանում է մեկ իրական ընդդիմադիր թեկնածու՝ Անդրանիկ Թևանյանը։
Իհարկե, բազմաթիվ հարցեր կարելի է հնչեցնել՝ ինչու «Մայր Հայաստան» դաշինք, ինչու է «Հայաստան» դաշինքից առանձին, Թևանյանը կարո՞ղ է լավ քաղաքապետ լինել թե ոչ, լավ քաղաքական գործիչ է, թե ոչ, Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ է առաջադրվում, թե ոչ, մյուս ընդդիմադիրները ի՞նչ կարծիքի են, սատարում են, թե ոչ․ այս հարցերի պատասխանները, վստահ եմ, կտրվեն։
Գլխավորը հետևյալն է՝ Անդրանիկ Թևանյանը և իր գլխավորած դաշինքը միակն է, որ հանդես է գալիս երկրում իշխանափոխության դիրքերից, քաղաքապետի ընտրությունների միջոցով երկրում փոփոխություն անելու դիրքերից, արմատական ընդդիմության դիքրերից, երբեք չի եղել Փաշինյանի թիմում, որևէ կառավարության մեջ (նաև նախկինում) և նշում է, որ իր թիրախը Փաշինյանն է, իր համար ընտրությունները մայրաքաղաքի կառավարչի աթոռի համար պայքար չէ։
Անդրանիկ Թևանյանը, կարելի է ասել, վա բանկ է գնում, իր ունեցածը դնում է այս գործընթացի մեջ․ ամենից մեծ ընդդիմադիր թիմի պատգամավոր էր խորհրդարանում ու դուրս է գալիս պատգամավորությունից։ Մանդատը, կարծում ենք, կարող էր և չդնել, կարող էր ընտրություններից հետո դնել, մինչ այդ օգտագործել խորհրդարանականի իր կարգավիճակը ու հենց այդ իմաստով էլ կարևոր ենք համարում։ Նույն խորհրդարանում առնվազն մի քանի ՔՊ-ական պատգամավոր կա, որ մասնկացում էին Ալավերդիում, Գավառում ու այլ քաղաքներում ընտրությունների, բայց պահեցին նաև մանդատը ու չընտրվելով՝ հետ եկան պատգամավոր՝ պահպանելով իրենց դիրքը։ Իսկ Թևանյանը այդ հետդարձի տեղը չի թողնում՝ այդպիսով բռնած գործին լրջության առավել չափաբաժին ավելացնելով։
Այս պահին, իհարկե, նրա գործունեությունը կարող ենք գնահատել ունեցած ելույթների մակարդակով, քարոզարշավը շատ հարցերի պատասխան կտա․ կարելի է տարբեր կերպ վերաբերվել նրան, իր ասած մտքեր, քայլերին, բայց այ այս նշածների հետ վիճել հնարավոր չէ։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող hհիմնական ուժերի մասին։
Մնացածը՝ առաջիկայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը