14 01 2023

Շրջե՛լ մինուս զրո կետը...

Շրջե՛լ մինուս զրո կետը...

 

Կա հետագա ընթացքի 2 տարբերակ.

Ա) համակողմանի անկման շարունակում և դրա արագացում՝ որպես հասարակություն, ժողովուրդ և պետություն վերանալու կամ ոչնչանալու հեռանկարովև

Բ) մի կերպ, ճռնչալով արգելակում, դաժան սթափեցում՝ ոտքի ելնելու, վերականգնվելու հնարավոր հեռանկարով, ինչի համար, անկասկած, պահանջվելու են ահռելի ջանքեր և  բոլոր կարողությունների լարում:

Սկզբունքորեն, տարբերակը մեկն է, քանի որ վերանալը, ոչնչանալը, պետականակիր ազգության կարգավիճակից զրկվելը չեն կարող համարվել այլընտրանք, որքան էլ որ այդ ոչնչիզմը քարոզվի Հայաստանի պետական իշխանությունը զավթած արկածախնդիր ու անհայրենիք պոպուլիստների խմբակի կողմից:

Ի՞նչ կետի ենք հասել 2018-ի ապրիլ-մայիսից ի վեր, 2023-ի մեկնարկին:

Հասել ենք այնպիսի կետի, որը պայմանականորեն կարող ենք բնորոշել որպես «մինուս զրո»: Դա այն է, ինչին նպատակային ջանքերով ձգտում էր Հայաստանի ու հայության թիվ 1 չուզող Նիկոլ Փաշինյանը: Այն է, ինչը ոչ այնքան քողարկված, շարադրել է իր «թարսագրության», այն է՝ «Երկրի հակառակ կողմը» զազրաբանական խառնախոսության մեջ: Այն է, ինչի մասին, ոչ մեկ անգամ, ի դեպ, բարձրաձայնել է վարչապետի պաշտոնը զավթելուն հաջորդած վերջին մի քանի տարիների ընթացքում, զանազան ելույթների ու հայտարարությունների ժամանակ: Բայց նրան Հայաստան գործուղած սատանան իր հետ, ի վերջո:

Մենք հիմա շատ ավելի վատ կետում ենք, քան, օրինակ, 1921 թվականին, քան 1988 թվականին: Ավելի վատ, քան 1988-ի դեկտեմբերի 8-ին էինք...

Կորսված, զրոյացված, ավելին՝ մինուսացված են 1988-2018 թվականներին, 30 տարվա հանրագումարում Արցախյան շարժումով, Հայաստանի ինքնիշխան պետականության վերականգնումով, Արցախի ինքնորոշմամբ ու հաղթական ազատամարտով, ապաև՝ պետական կառուցվածքի ձևավորմամբ ու ամրապնդմամբ ունեցած գրեթե բոլոր քաղաքական, արտաքին-քաղաքական, ռազմական, անվտանգային, կենսական ձեռքբերումները:

Արցախը, որ առկա աշխարհաքաղաքական կառուցվածքում Հայաստանի ու հայության գոյատևման ու հետագա առաջընթացի առանցքային կռվանն էր, վերստին վերածվել է թուրքական շրջապատման մեջ դրված անկլավի: Ըստ որում, ի տարբերություն, օրինակ, 1988-ի մեկնարկի, 2023-ի մեկնարկին Արցախի կենսատարածքն զգալիորեն փոքրացվել է: Ցեղասպանական ծրագրերը չթաքցնող թշնամին կրկին թառած է Շուշիում, ավելին՝ թշնամու վերահսկողության տակ են անցել Հադրութի շրջանը, Արցախի հայության պաշտպանության կազմակերպման համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք բարձունքներ:

Փաստացի հնարավոր է դարձել մի իրադրություն, երբ թշնամու՝ արտաքուստ քաղաքացիական հագուկապով ու անզեն, մի 200-300 հոգանոց հրոսակախումբ անպատիժ ու լկտիաբար կարող է վերցնել ու փակել Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ավտոճանապարհը, ու դա բացարձակապես ոչ մեկին չի հետաքրքրում: Ամենից առաջ, նման իրավիճակը ոչ մի կերպ չի հետաքրքրում անվանապես ՀՀ իշխանություն համարվող, Ն. Փաշինյանի գլխավորած խմբակին և դա ակնհայտ է: Ակնհայտ է այնքանով, որ որևէ ՀՀ իշխանություն, որքան էլ այն վատը լիներ, 3 օրից ավելի չէր հանդուրժի նման իրավիճակ ու բոլոր հնարավոր միջոցներով վերջ կտար այդ կրկեսային բլոկադային, այլ ոչ թե փսլնքոտ հայտարարություններ կաներ, միաժամանակ, չթաքցնելով, որ ուղղակիորեն վախենում է թշնամուց: Միանձնյա կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելը որպես 20 հազար հոգու կյանք փրկել ներկայացնողը գործնականում թքած ունի 120 հազար հայերի կյանքի վրա:

Բայց չշեղվենք «մինուս զրո կետից»:

Անկումնային հոգեվիճակի մեջ ընկղմվածների համար այն տևական հուսահատության, այլոց ու սեփական գլուխների վրա մոխրացանության, սրտաճմլիկ ու լալահառաչ արտահայտությունների, միմյանց և աջուձախ մեղավորներ գտնելու, մեղադրանքներ շաղ տալու անսպառ աղբյուր է, եթե կուզեք: Բայց այդ ամենը երբեք ու ոչ մեկին չի օգնել:

Սուգն ու կորուստները տևական են, երբ պայքար չկա: Հիշո՞ւմ եք:

Մինուս զրո կետից ընդունելի միակ ընթացքը ոտքի կանգնելն է: Եվ դա անխուսափելիորեն լինելու է, ըստ որում՝ շատ ավելի շուտ ու շատ ավելի արագ, քան այսօր կարող է թվալ շատերին:

Մենք, տասնամյակներ առաջ, կարողացել ենք շարժվել այդ կետից և առաջ ընթանալ: Կարող ենք և հիմա՛: Պարզապես պետք է վերհիշել, թե ովքեր ենք իրականում և ինչերի ենք ընդունակ: «Մինուս զրո կետը» ո՛չ դատավճիռ է, ո՛չ էլ, առավել ևս՝ ճակատագիր: Այն լիովին հնարավոր է շրջել: Վերջիվերջո, մի ամբողջ ժողովուրդ չի՛ կարող ու չպետք է պատանդ մնա դատարկախոս-հացկատակների խմբակին ու դրանց ձևավորած դժոխային իրադրությանը:

...Հա, ու եթե, օրինակ, Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը ամեն քայլափոխի երկմտող լիներ, ապա «Լաչինի միջանցքը» 1992-ի մայիսից միգուցե այդպես «փակ» էլ կմնար:

Շատերին է հայտնի գուսան Համազասպի երգը. «Պատերազմ եք գնում, բարով գնացե՛ք, Վարդանի արյունն է ձեր մեջ, իմացե՛ք...»: Բայց քչերը գիտեն, որ խոսքը հենց Վարդան Ստեփանյանի ու նրա օրինակի մասին է: Այնպես որ՝ Վարդանի արյունն է ձեր մեջ, իմացե՛ք, ու երիցս այո՝ հողը արյունով են պահում, այլ ոչ թե «խաղաղության օրակարգի» մասին հիմարություններ դուրս տալով: Այլ տարբերակ ուղղակի չկա:

Այլ տարբերակը չգոյությունն է:

 

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ