Հարկատուների հաշվին անասելի բարձր ու նույնքան անիմաստ վարձատրվող Վահագն Խաչատուրյանը, որ պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանի տաբատի ետևի գրպանում «նախագահ» է աշխատում, որոշել է իր գործատուից հետ չմնալ՝ հանրությանը ձեռ առնելու հարցում: Այս Վահագն Խաչատուրյանն ու իր ստնտու Նիկոլ Փաշինյանը որոշել են այլևս բացեիբաց ծաղրել հանրությանը: Սրանք, որ շաբաթվա մեջ, երևի մի քանի անգամ ասում-խոսում են, մի հատ էլ որոշել էին, այսպես ասած՝ «կամեռաների առաջ», փողկապով-բանով, պաշտոնական հանդիպում ունենալ: Դա դժվար է բնորոշել այլ կերպ, քան՝ ձեռառնոցի, ծաղր:
Եթե նշված երկուսի համատեղ ջանքերի հետևանքով նաև Հայաստանը մղձավանջի ու կործանման ընթացքի մեջ չլիներ, Նիկոլ Փաշինյանի ու նրա «նախագահ» Խաչատուրյանի հանդիպումը կարելի էր անեկդոտային համարել:
Չնայած, նրանց հանդիպման ընթացքի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունն ինքնին անեկդոտ է: Ավելին, ամենասուր գրիչն ունեցող որևէ երգիծաբան հազիվ թե ավելի թունավոր պամֆլետ կարողանար հորինել նշված երկուսի «պաշտոնական հանդիպման» թեմայով, քան տարածված «պաշտոնական հաղորդագրությունն» է:
Լավ, ի՛նչ են ասել-խոսել Փաշինյան Նիկոլն ու Խաչատուրյան Վահագնը: Վերջինս, ուրեմն, երկար-բարակ մի գովերգել է գովաբանել Նիկոլին, որ էլ ասելու չէ: Թեպետ, պե՛տք է ասել: Վահագն Խաչատուրյանը դայլայլել է. «...ասեմ, որ շատ քիչ երկրներ կան, որ այսպիսի հաջողություններ են արձանագրել, շատ քիչ երկրներ կան, որ համաշխարհային տնտեսական ծանր պայմաններում կարողացել են իրենց հնարավորությունները մաքսիմալ օգտագործել: Ես Ձեզ կարող եմ ասել, գնահատական տալ, որ սա պայմանավորված է ոչ թե մեկ տարվա աշխատանքով, այլև վերջին չորս տարիներին կատարած բարեփոխումներով: Սա ուզում եմ, որ նաև Դուք ուղղակի որպես մասնագետի գնահատական ընդունեք, որովհետև ինձ հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեզ մոտ այսպիսի հաջողություններ ենք ունենում»:
Վահագն Խաչատուրյանի դրսևորած նախնադարյան քծնանքն ու շողոքորթությունն են ոչ միայն կտրուկ բացասական ռեակցիա հարուցում, այլև ծայրահեղ ցինիզմը: Վերջին չորս տարբա բարեփոխումնե՞ր: Այսինքն, Արցախըվարի տալը, ահռելի՝ հարյուր միլիարդավոր դոլարների կորուստների ու վնասների առաջ ազգն ու պետությունը կանգնեցնելը, հանրության անվտանգությունը, այդ թվում՝ պարենային, էներգետիկ, տնտեսական անվտանգության էական մասն ապահովող տարածքները թշնամուն, թուրքի՛ն նվիրե՞լն է «բարեփոխում»: Մի ամբողջ սերնդի, այն էլ՝ միտումնավոր սխալներով կոտորածի մատնե՞լն է նվաճում, 18-20 տարեկան հազարավոր ու հազարավոր հյորդիների մահվան մատնե՞լը:
Դե ինչ, սրտանց կարելի է մաղթել, որ Վահագն Խաչատուրյանն այդպիսի «խոշոր նվաճում» ունենա անձնապես և շարունակի արտասանել, թե «ինչպե՞ս է ստացվում, որ մեզ մոտ այսպիսի հաջողություններ ենք ունենում»:
Դուք 1 օր առանց «ախռանայի» դուրս եկեք և հաջողություններ հաստատ կունենաք: Դուք ամենամեծ հաջողությունը, չկասկածեք, ուժգին ու անդառնալիորեն կունենաք ու կստանաք ձեր պաշտոններից հեռացվելուց անմիջապես հետո:
Տնտեսագե՜տ, մասնագիտորեն հետաքրքրվո՜ղ...:
Հայաստանի արտաքին պարտքը առասպելական չափերի հասցնելն, ուրեմն «մեծ հաջողություն» է սրանց համար: Բնակչության աղքատացումն ու գների արբանյակային աճը սրանց համար «հաջողություն» է: Երկրի ռազմավարական մայրուղիները, այդ թվում՝ տնտեսական առումով ռազմավարական ենթակառույցները թշնամական ուղղակի հարվածների տակ դնելը սրանց համար խոշոր նվաճում է:
Այդքանից հետո արժե՞ նկատել, որ նույն Վահագն Խաչատուրյանի ընկալմամբ, օրինակ, անվտանգային կենսական խնդիրներն ու Արցախի շրջափակումը (մեջբերենք). «...Հասկանում եմ, որ շատ դժվար ժամանակներ են կառավարության համար: Վերջին իրադարձություններն առավել ևս, բայց համոզված եմ, որ սրանով մեր ուղղուց պետք է չշեղեն, և հիմնականում այս արհեստական դժվարությունները հենց միտված են դրան, որպեսզի շեղվենք և զբաղվենք ավելի կարևոր գործերով...»:
Բացի այն, որ Նիկոլի տեքստ գրողն ուղղագրության հետ խնդիրներ ունի, ի՞նչ է ասում Վահագն Խաչատուրյանը: Նա ասում է, որ «վերջին իրադարձությունները... հիմնականում արհեստական դժվարություններ» են: Արհեստական, էլի: Այսինքն, իրենք թշնամուն գործնականում «էստի համեցեք»-ով ներս մտցնեն մեր անվտանգային ու կենսագոյության տարածք, ու դա բնորոշեն որպես... «արհեստական դժվարությո՞ւն»:
Հա, ու շատ զավեշտալի է հնչում: Ասում է, այդ արհեստական դժվարություններով ուզում են իրենց շեղեն, որ... «զբաղվեն ավելի կարևոր գործերով»:
Տեսնե՞ս որոնք են այդ ավելի կարևոր գործերը: Գուցե Անգլիայի թագուհու դագաղի մոտ ցուցադրաբար նկարվե՞լը, թե՞ Քաթարում ֆուտբոլ նայելը:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը