Հայաստանի կառավարությունը իր վրայից գցել է Արցախի շրջափակման հետևանքով տուն ու տեղ չհասած քաղաքացիների կացության ու սնվելու ֆինանսական բեռը, ոչ մի լումա պետությունը մինչ օրս չի վճարել Լաչինի միջանցքը չհատածների խնդիրների համար։
Փոխարենը ներքին կարգով հրահանգվել է ֆինանսական բեռը՝ գրեթե ամբողջությամբ դնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա․ ի դեպ, Yerevan․Today-ի տվյալներով, այն հասնում է 30 միլիոն դրամի։
Մասնակի ծախսեր իհարկե արել է Սյունիքի զարգացման հիմնադրամը՝ բայց դարձյալ գործարարների հաշվին, սյունեցի ձեռնարկատերերի հանգանակություններն են ծախսվել։
270 երեխան 8 օր է՝ զրկված է ծնողական խնամքից, ընտանիքից, կրթություն ստանալու իրավունքից, մեծ մասը հյուրանոցներում է՝ 8 օր շարունակ նույն հագուստի ու կոշիների մեջ․ բայց սա չի մտահոգել Հայաստանի սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ու առողջապահության նախարարին․ այս նախարարները 8 օր է՝ հարկ չեն համարում իրենց ջիպերով Սյունիք այցելել, տեսակցել ու տեղում իրավիճակին ծանոթանալ։
Անգամ Նիկոլ Փաշինյանը, որ ժողովրդի անունից խոսում է ամեն ժամը մեկ, անցած ուրբաթ օրը հատուկ ուժեղացված անվտանգային ռեժիմով հասավ Վայց Ձոր, գիշերեց Վայքում, շաբաթ օրը կուսակցական ժողով-փարթի անցկացրեց, բայց այդպես էլ ոտք չդրեց Սյունիք, խուսափեց հանդիպել տուժած քաղաքացիներին ու նայել ծնողի խնամքից զրկված երեխաների աչքերի մեջ։
Ադրբեջանցիների կամքով հյուրանոցներում քնող քաղաքացիներին, ընդգծենք, անգամ փոխնարարարների մակարդակով այցեր չեն եղել, ՄԻՊ-ի մասին չենք էլ խոսում․ երևի այս տիկնոջը հաճելի են շփումները միմիայն ծառայողականներով շրջող, իրավիճակից անկախ միշտ ժպտացող ուրախ քպ-ական չինովնիկների հետ։
Ի դեպ, Լաչինի միջանցքը փակելուց հետո մինչ օրս Սյունիք ոտք չեն դրել Հայաստանում կանանց ու երեխաների իրավունքներով զբաղվող, այդ թեմաներով միլիոնավոր դոլարների գրանտեր շահած ՀԿ-ները, միջազգային կառույցները։ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արդեն նախկին դեսպան Լին Թրեյսին ու ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Անն Լույոն են անգամ անհաղորդ ադրբեջանցիների ապօրինի արգելքների թարմ զոհերի խնդիրներին։ Սյունիքում անհույս ծվարած արցախցի բալիկները չեն շարժում այս դեսպանների խիղճը, միտքը․․․․
Մինչդեռ այս տիկնայք հատկապես 44-օրյա պատերամից հետո Սյունիքով մեկ ակտիվ եռուզեռի մեջ էին՝ երկու տարի շարունակ։ Արևմտյան երկրների դեսպանների Սյունիք կատարած վոյաժները անկասկած ռազմաքակաղաքական օրակարգերով են պայմանավորված եղել, բայց դրանք խնամքով թաքցվում էին՝ տարատեսակ «սոցիալական խմբերի հետ հանդիպումների» ֆորմատի քողի տակ։ Այսօր նույն դեսպաններն անհաղորդ են, խուլ և համր են ձևանում, որովհետև ազիկն է իրավիճակի տերը։ Նրանք գերադասում են մի քանի օր չերևալ տեսախցիկների առաջ, խուսափում են անդրադարձ կատարել Արցախը բլոկադայի ենթարկած ադրբեջանցիներին և նրանց՝ ցեղասպանության սցենար հուշող գործողություններին գնահատական տալ։
Լաչինի միջանցքի փակելու հետևանքով առաջ եկած սոցիալական և հումանիտար այլ խնդիրների օպերատիվ լուծման շտաբ է ձևավորվել, համակարգում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ շտաբի աշխատանքները համակարգող՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանի հետ հարցազրույցը կհրապարակենք հաջորդիվ։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը