04 11 2022

ՔՊ-ական մասխարա կամ ապա-տեղեկատվական դիվերսանտները

ՔՊ-ական մասխարա կամ ապա-տեղեկատվական դիվերսանտները

Հայաստանի, ոչ բարով՝ վարչապետ համարվող անհիշատակելին, կհիշեք, մի ամիսուկես առաջ, երբ հայտարարեց, որ պատրաստվում է ըստ էության մեր երկրի իսպառ ոչնչացում ենթադրող թուղթ ստորագրել, բողոքի հախուռն ալիք բարձրացավ: Նա՝ Նիկոլ Փաշինյանը, արագորեն ծլկեց ինչ-որ անհայտ հաստատություն, որի սանհանգույցից «ուղիղ եթեր մտավ» ու սկսեց իր ստախոսական «կռուտիտները», թե բա՝ «ոչ մի բան չի ստորագրվել, չեմ էլ պատրաստվում ստորագրել...», ու էլի՝ «սա տեղեկատվական դիվերսիա է» (իր հայտարարությունը լրատվամիջոցներով տարածելու մասին էր խոսքն, ի դեպ):

Տեղեկատվական, ուեմն, դիվերսիա: Ո՞վ էր այդ մասին խոսում: Նիկոլ Փաշինյանը, ում գլխավորած թերթոնը մշտապես եղել է ապատեղեկատվական դիվերսիայի գործիք: Իսկ այժմ, երբ հակա-«Հայկական ժամանակի» գրեթե ամբողջ խմբագրակազմով մոտ 4,5 տարի է, ինչ իշխանություն են դարձել, ամենօրյա ռեժիմով «տեղեկատվական դիվերսիաներ» են իրականացնում ԱԺ ամբիոնից ու վարչապետի բազկաթոռից:

Շատ հեռու չգնանք: Ընդամենը վերջին մի քանի օրերին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա կինը, թե՛ նրա քաղաքական «հարեմը», որին իրենք ՔՊ կուսակցություն են անվանում, կենտրոնացած է գերազանցապես այն բանի վրա, որ հնարավորինս շատ տեղեկատվական, ավելի ճիշտ՝ ապատեղեկատվական աղբ լցնի բոլոր հնարավոր ու անհնար հարթակները: Է՛լ նպաստները տարատեսակ «վիվառո-միվառոներում» իբրև թե խաղադրույքող նպաստառուներ, է՛լ «ամազոնուհի»-«էրատո»-ի կոկորդիլոսարցունք ու զզվելի գրառում, որով պատերազմում զոհվածների մայրերին խելագար է պիտակում, է՛լ չգիտես, թե է՛լ ինչ ապուշությունների հեղեղ: Մասնավորապես, աչքի են ընկնում Նիկոլ Փաշինյանին սպասարկող ոմն «կլասիկ» և անիվներով մատուցարանների բիզնեսով կառավարություն մտած մի նախարար, որին ի դեպ, ՔՊ-ի գլխավոր ու տխրահռչակ օլիգարխը վերջին օրերին թեթևակի «քլնգեց»: Դե, որքան էլ քպ-ական լինի, այդքան էլ հեշտ չէ մարսել պնդումը, որ Հայաստանի տնտեսությունը տիեզերական երկրորդ արագության վրա զարգանում է, և հենց այդ պատճառով երկրում աղքատների թիվը...կկրկնապատկվի, եթե ոչ՝ երեք անգամ կավելանա:

Դեռ չենք խոսում զանազան «արտախորհրդարանական» սուբյեկտների մասին: Չմոռանանք այդ տեղեկատվական թափոնի մեջ նկատել նաև ՔՊ-ի վարչություն ընտրելու ժամանակ դրանց կեղծարարությունների վերաբերյալ խայտառակ եղելությունների կեղտաշորերը հանրությանն ի տես փռելը...  

Լավ, հիմա ի՞նչ են ուզում: Բավականին պրիմիտիվ և ակնհայտ է սրանց ու սրանցապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը կամ նպատակադրումը՝ մեծածավալ տեղեկատվական աղբը հանրային դաշտ լցնելու առումով:

Ստեփանակերտում տեղի ունեցած իսկապես ազդու հանրահավաքից ու ԼՂՀ ԱԺ հայտարարությունից հետո, ինչպեսև պետք էր սպասել, Արցախի ճակատագրով մտահոգ ազգային ուժերի նախաձեռնությամբ, խոշոր հանրահավաք է նախատեսված Երևանում: Նոյեմբերի 5-ին, ժամը 15-ին, Ֆրանսիայի հրապարակում:

Եվ, որպես փողոցային հեղաշրջմամբ Հայաստանի իշխանությունը զավթած և, այդպես էլ փողոցային գործիչ մնացած Նիկոլ Փաշինյանը, շատ լավ հասկանալով նոյեմբերի 5-ի հանրահավաքի նշանակությունը, հնարավոր ամեն բան անում է՝ դրանից ուշադրություն շեղելու համար:

Զուգահեռաբար, կա նաև Սոչիի հանդիպման, հրապարակված հայտարարության, առավել ևս՝ չբարձրաձայնված Նիկոլ-Ալիև թաքուն պայմանավորվածությունների, Նիկոլ-Ալիև «ջանջիգյար քեֆ անելու» թեմաներով հանրային քննարկումներ թույլ չտալու, հնարավոր քննարկումները վերոնշված «տեղեկատվական դիվերսիաներով» տորպեդահարելու խնդիրը:  

Նմանապես, նույն նպատակին է ուղղված նոյեմբերի 5-ին «լենինյան շաբաթօրյակ» հայտարարելը:

Ճարներում ճար լիներ, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին տոնածառ էլ կդներ, օրինակ «Եռաբլուրում»... Նրանցից ամեն ինչ էլ սպասելի է, քանզի նրանք չունեն մարդկային ոչինչ, բացարձակապե՛ս ոչինչ:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ