Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնողի հռչակած ու քարոզած «խաղաղության դարաշրջանն» ու «ապագան», ձեռք-ձեռքի տված, սեպտեմբերի 13-ի կեսգիշերին «ժամանեցին»: Սուտ «խաղաղության» «ապագան» առաջիններն ու անմիջականորեն իրենց մաշկի վրա զգացին Ջերմուկի, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Տեղի և, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, սահմանամերձ դարձած մյուս քաղաքների ու գյուղերի բնակիչները: Ի դեպ, թվարկված գրեթե բոլոր քաղաքներում ու գյուղերում, ժապավենով մուրճով, մոտոբլոկներով ու խոտհնիձիչներով «հմայված» հազարավորներ 2021-ի հունիսի 20-ին քվեարկել են հանուն Նիկոլ Փաշինյանի: Սկզբունքորեն, ինչի համար քվեարկել են, այն էլ ստացան: Ցավոք, ոչ միայն «Նիկոլ վարչապետ» բացականչող «ծափ տվեք, արա…»-ները ստացան, այլև՝ բոլորս միասին:
Ի՞նչ անել:
Այս մշտական հարցը, կարելի է ասել՝ հռետորական է դարձել: Ակնհայտ է, որ առաջինն, ինչ պետք է անել, դա ապաշնորհ, անձեռնահաս, թշնամու կողմից «խաղացող» այսպես կոչված «կառավարությունն» իշխանությունից հեռացնելն է: Ո՞ւմ է պետք մի «կառավարություն», որը շարունակաբար խոնարհվում է ադրբեջանական թուրքերի առաջ, երկրի դռները բացում է ադրբեջանական թուրքերի առաջ, բոլոր ռազմավարական կետերն ու բարձունքները նվիրում է ադրբեջանական թուրքերին, այդպիսով ստեղծելով մի այնպիսի իրադրություն, որի պայմաններում Հայաստանի ցանկացած բնակավայր դառնում է սահմանամերձ, իսկ Հայաստանի ցանկացած բնակիչ հայտնվում է թշնամական նշանառության տակ:
Ալընտրանքի դիապազոնը չափազանց փոքր է: Հարցադրումն էլ, թերևս սա է. շարունակե՞լ հանդուրժել անհանդուրժելին, թե՞ … հղկել Հայաստանի տապանաքարը:
Ի դեպ, մի հատկանշական զուգահեռ: Կհիշեք, այնքան էլ վաղուց չէր: Ընդամենը 2 տարի առաջ, երբ նույնիսկ թունդ նիկոլական ցանկացած «պողոսի» հասկանալի էր, որ թշնամական ագրեսիա է սպասվում, Նիկոլ Փաշինյանն զբաղված էր ինչ-որ պսևդո-գիտական սեմինարով, «երկրի հակառակ կողմից» ինչ-որ ֆանտասմագորիկ հեքիաթներ էր պատմում… 2050 թվականին սպասվող ինչ-որ հրաշքների մասին: Հա, մեկ էլ բացառապես իր անձնական շահերն սպասարկող Հ1-ին հարցազրույց էր տալիս՝ սպառնալով էնպիսի՜ բան ասել, որ Ադրբեջանը ներսից տրաքի…
Այժմ, երբ էլի ակնհայտ էր, որ թշնամին դիմելու է ռազմական ագրեսիայի, բառացիորեն դրա նախօրեին ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը: Ճի՛շտ է. Աշտարակում նյու-վայուկիական «ակադեմիական քաղաք» կառուցելու ներկայացում էր խաղացնում:
Ընտրության հարց է, ի վերջո: Եթե ցանկանում եք ազգովին կոտորվել, եթե ցանկանում եք Հայաստանի իսպառ վերացումն ու ձեր բնաջնջումը, ապա կարող եք շարունակել Նիկոլ Փաշինյանին վարչապետ համարել, նրա շուրջ խմբված պարգևավճարվող վնասարարներին էլ՝ իշխանություն: Իսկ եթե՝ ոչ, եթե ուզում եք ոչ միայն պետություն ունենալ, այլև՝ գոյություն, ապա ակնհայտ է, թե ինչ է պետք անել: Երբեք այսքան ակնհայտ ու այսքան հիմնավորված չի եղել:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը