Վերջին օրերին Արցախի բեկորների շուրջ ստեղծված պատերազմական լարումը, ադրբեջանական կողմի հարձակողական լայնածավալ մարտական գործողություններն ամենևին էլ հանկարծահաս ու անակնկալ մի բան չէին։ Լարվածությունը ոչ միայն պահպանվում է, այլև խորանում է՝ վերաճելով կոնկրետ պատերազմական գործողությունների։
Պաշտոնական աղբյուրների հաղորդագրությունները կես տոկոս վստահություն չեն ներշնչում, քանի որ այդ կառույցները 2020-ի «պայմանավորված պատերազմում» այնքան են ստել, որ էլ ասելու չէ։ Բայց նույնիսկ այդ՝ անվստահելի հաղորդագրություններից է ակնհայտ, որ վիճակը չափազանց ծանր է։ Ու մի՛ կարծեք, թե ադրբեջանական թուրքերը հենց միայն Արցախի ՊԲ պաշտպանական դիրքերն են հրթիռակոծում, ռմբահարում կամ գնդակոծում։ Ու մի՛ կարծեք, որ միայն Բերձորի միջանցքում է այդ ամենը տեղի ունենում։
Առհասարակ, ի՞նչ է տեղի ունենում։ Ամենևին դժվար չէ կռահել, որ տեղի է ունենում այն, որ Հայաստանի իշխանություն համարվող հակահայերը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա սպասարկուների, զանազան ախք-մախք-երի, ինչ-ինչ համաձայնություններ ունեն Ալիևի ու Էրդողանի հետ՝ Արցախի բեկորները Հայաստանին կապող վերջին արահետը ամբողջությամբ թշնամուն հանձնելու վերաբերյալ։ Դա արդեն Ալիևին լիարժեք հնարավորություն կտա, որ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ կոտորածի մատնի Արցախի բեկորների վրա ծվարած հայությանը։ Աշխարհը դրան կնայի շատ հանգիստ, նարինջ ծամելով ու ինչ-որ անասնական կոչեր հնչեցնելով, համարելով դա «գազավորված» Ադրբեջանի «ներքին խնդիր»։
Հիմա Ալիևը ցանկանում է ժամ առաջ ստանալ այն, ինչ Նիկոլը, քպ-ներն ու այդ անարժաններին ընտրողները (թող դրանց ձայն տվողները չկարծեն, թե իրենք ու իրենց զավակները գեհենի բաժին չեն դառնալու) նրան խոսք են տվել։
Ի լրումն, վերջին մեկուկես-երկու ամիսներին ադրբեջանական կողմը հարձակման հնարավոր ուղղությունների վրա զինուժ, հրետանի, զրահատեխնիկա էր կուտակում։ Եթե Երևանում նստած կարելի էր դրա մասին իմանալ, ապա հետախուզությունը դա գիտեր ու գիտեր։ Չնայած, թուրքերը չէին էլ թաքցնում իրենց կուտակումները ու մտադրությունները՝ ևս։
Ի՞նչ ենք տեսնում այս օրերին։ Հայաստանի իշխանություն համարվող հակահայերը, ի դեմս Նիկոլի ու մնացած քպ-ոների, ձեռքերն առհասարակ լվացել են Արցախի մնացորդներից, քաշվել են մի կողմ։ Նրանք Արցախից դուրս են բերել ՀՀ քաղաքացի զինվորականներին, բացարձակապես ոչ մի կերպ, ռազմական առումով չեն աջակցում, Արցախին մենակ են թողել՝ նիկոլական Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կոտորվելու, կամ ճարահատյալ իրենց ռուսական ռայոն հռչակելու երկընտրանքով։
Ի դեպ, ստեղծված իրավիճակը պարզորոշ ցույց է տալիս, որ այսպես կոչված «ռուսական խաղաղապահ առաքելության» մանդատը թուրքերն ուղղակիորեն ոտնատակ են տալիս։ Բայց դեպքերի նման ընթացքը չի հուզում Թուրքիայի ու ադրբեջանական թուրքերի հետ սիլի-բիլի անող Ռուսաստանին։ Համենայն դեպս, չի երևում Մոսկվայի արագ, կոշտ ու զսպող արձագանքը։ Չի հասկացվում, թե «խաղաղապահ ուժերն» ինչ են անում...
Ստեղծված իրավիճակն անմիջականորեն պարտադրում է, որ ազգային ուժերը, մոբիլիզացնելով ունեցած բոլոր ռեսուրսները, անցնեն լայնամասշտաբ ազգային-ազատագրական պայքարի, ավելի ճիշտ՝ գլխավորեն կոտորվել չցանկացող ու «խաղաղության օրակարգ» տխմարության տակ չընկած հայերի ազգային-ազատագրական պայքարը՝ այն սկսելով նիկոլական թրքահպատակ իշխանության հեռացումից։ Այլ տարբերակ չկա։ Այլ տարբերակը երգով-պարով, հրավառությամբ, գազաբալոններով հանդերձ, կամովին ցեղասպանվելն է։
Արմեն Հակոբյան
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն, իր գործունեության ընթացքում ինչ ասել է, միշտ ամեն ինչ արել է դրան հակառակ՝ հանրահայտ սատանայական սկզբունքով։ Նա ասում էր՝ «Ապագա կա», դա նշանակում է՝ հայե՛ր, դուք ապագա չունե՛ք, քանի դեռ Նիկոլը կա և համարվում է ՀՀ ղեկավար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը