27 07 2022

Սննդամթերքի գների 17.1% աճը էապես ազդում է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա․ «Լույս»

Սննդամթերքի գների 17.1% աճը էապես ազդում է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա․ «Լույս»

«Լույս » հիմնադրամը ուսումնասիրել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-հունիս ամիսներին։

Այսպես՝

• Սննդամթերքի գների 17.1% աճը էապես ազդում է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա
Սա պայմանավորված է նրանով, որ սննդամթերքը քաղաքացիների սպառողական զամբյուղում բավական մեծ դեր ունի։ Ընդ որում, ըստ ՀՀ ԿԲ-ի հաղորդումների՝ գնաճի տեմպը առաջիկա ամիսներին դեռ կշարունակի արագանալ։
Զուգահեռաբար, թեև 2022թ. հունվար-մայիսին անվանական աշխատավարձի աճի տեմպը շարունակել է մնալ բարձր, սակայն գնաճի արագացման պայմաններում իրական աշխատավարձի աճը մնացել է ցածր մակարդակում`2022թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին մակարդակն աճել է 7.7%-ով, ինչի պայմաններում իրական աշխատավարձի աճը կազմել է ընդամենը 2.2% (հոնվար-հունիս ամիսների տվյալները դեռհրապարակված չեն):

• ՀՀ դրամի էական արժևորումը բացասաբար է անդրադառնում ՀՀ արտադրանքի գնային մրցունակության վրա
ՀՀ դրամի միջին փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2022թ. հունվար-հունիսին արժևորվել է շուրջ 11.5%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 22.6%-ով: Թեև այդ պայմաններում արտահանման աճը կազմել է շուրջ 36.3%, սակայն ավելի հավանական է, որ այն վերաարտահանման արդյունք է, քանի որ ներմուծումը իր հերթին աճել է 48.7%-ով: Արդյունքում փոխարժեքի արժևորված լինելու պարագայում ոչ միայն տուժում են արտահանողները, այլև ներքին շուկայի համար արտադրողները, քանի որ նրանք խնդիր են ունենում մրցակցելու ներմուծված ապրանքների մասով, որոնց դեպքում փոխարժեքի արժևորումը հանդիսանում է գնային մրցունակությունը բարձրացնող գործոն։

• Գյուղատնտեսության ոլորտը շարունակում է անկում ապրել

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության անկումը կազմել է 5.5%, ինչը 0.6 տոկոսային կետով հակազդել է ընդհանուր ՏԱՑ-ի աճին:

• Ներկա բարձր տնտեսական ակտիվության աճ ապահովող գործոնները կարող են ժամանակավոր լինել

Տնտեսական ակտիվության ցուցանիշն էականորեն արագացել է մայիս-հունիս ամիսներին՝ գերազանցելով 10% շեմը և դառնալով երկնիշ`11.8%: Աշխարհաքաղաքական գործոնների փոփոխություններով(ռուս-ուկրաինական հակամարտություն) պայմանավորված Հայաստան ներհոսող կապիտալը և աշխատուժը էական դրական ազդեցություններ են ունենում ՀՀ տնտեսության վրա, սակայն այդ գործոնները ևս կարող են փոխվել: Հետևաբար, ներկա դրական իրավիճակը պետք է օգտագործել տնտեսությունում արտադրական հնարավորությունները և տնտեսության ներուժը բարձրացնելու համար, որպեսզի դրական շոկի վերացումից հետո տնտեսական ճգնաժամի ռիսկեր չլինեն: Մինչդեռ ներկայումս նման միտումներ չեն նկատվում, և կառավարության կողմից առկա ռեսուրսը տնտեսական զարգացմանն ուղղելու տեսանելի քայլեր չեն իրականացվում:

Էական աճ է նկատվում դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալներում: 2022թ. մայիսին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել է 265.9 մլն ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 3.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Հատկապես կտրուկ աճել են ՌԴ-ից փոխանցվող դրամական միջոցները, ինչն անվանական փոխարժեքի արժևորման էական գործոններից է: Հետևաբար, այստեղ նույնպես անհրաժեշտ է պետական քաղաքականության՝ հատկապես կենտրոնական բանկի գործիքակազմի կիրառումը, որպեսզի աճող տրանսֆերտները բացասական ազդեցություն չունենան ֆինանսական համակարգի վրա:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ