Շարժումը կյանք է: «Դիմադրության» շարժումը մեր բոլորի, այդ թվում՝ իրենց այս ամենից մի կողմ դրած, այդ թվում՝ իրենց մուննաթների տակ մնացածների կյանք ու կյանքատեղ՝ երկիր ու պետություն ունենալու համար է: Շարժումը չպետք է ու չի կարող դոփել տեղում: Հետ գնալու տարբերակ չկա ու տեղ էլ չկա, ու նման մղում էլ չկա: Հնարավոր է միայն առաջ գնալ՝ դեպի նախանշված նպատակը: Այդ ուղղությամբ արված քայլ էր հունիսի 14-ին հրապարակված որոշումը: Արդեն նշմարվող տեղապտույտից դուրս գալ՝ աչքի առաջ ունենալով հայության հակառակորդ նիկոլական ռեժիմի սազանդարների քարոզչական գինարբուքը:
Ակնհայտ է, որ նիկոլական ռեժիմը «խաղաղ, անարյուն հեռացնելու» համար գործադրվող ճնշումը պետք է միայն ուժեղանա: Դա հնարավոր է ու դրա համար անցած մեկուկես-երկու ամսվա ընթացքում բավարար ռեսուրս է կուտակվել:
Ակնհայտ է նաև, որ պայքարի դրսևորումները պետք է ավելանան, բողոքի կամ ավելի ճիշտ՝ նիկոլական կործանարար ռեժիմի հեռացման պահանջով ակցիաների աշխարհագրությունը պետք է ընդլայնվի:
Այդ ամենին զուգահեռ, նախատեսված են և լինելու են երթեր, հանրահավաքներ: Պարբերաբար:
Ի՞նչ կարող է հակադրել նիկոլական ռեժիմը, իր բնութագրական ստախոսությունից, զազրախոսությունից ու ռեպրեսիվ-հակահայ գործիքներից՝ «ոստիկանություն»-«քննչական»-«դատախազություն»-«աած»-ից բացի:
Ոչի՛նչ:
Երկրաքանդ ռեժիմի հանդեպ հանրային անհանդուրժողականությունը ևս ակնհայտ է: Ամբողջությամբ արյան մեջ թաթախված ռեժիմի պարագլուխը «մարդամեջ» կարողանում է ելնել բացառապես թիկնաԶՈՐՔՈՎ շրջապատված, բացառապես «ԱԱԾ»-ականների ստուգած-վերստուգած «վայ, Նիկոլի ջուջուլն ուտե՜մ» կատեգորիայի առանձնյակների միջավայրում: Մնացած բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը շրջապատված է հազարավոր ոստիկաններով:
Ի՞նչ կարող է հակադրել Նիկոլ Փաշինյանը ազգային-ազատագրական շարժմանը: Բացառապես ու միայն ոստիկանական բիրտ ուժ՝ յուրային կամ իր հակահայ ռեժիմի ստնտու ծախու-«օլիգարխների» կողմից համալրված ինչ-ինչ կասկածելի ու հանցավոր տարրերով, հաստիքային սադրիչներով, «գործ տվողներով» հանդերձ: Դա էլ, ի դեպ, քեշ փողով:
Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ ցինիզմով, մի քանի միլիարդ դրամով գնել է «ոստիկանությունը» և նմանօրինակ կաշառքներ է բաժանում նաև որոշ շրջանակների: Բայց դա անհեռանկար զբաղմունք է, ու ոչ այն պատճառով, որ մի օր այդ փողն էլ կպրծնի:
Դա անհեռանկար տարբերակ է ամենից առաջ այն պատճառով, որ երկրում մթնոլորտ է փոխվել, իրավիճակ է փոխվել ու փոխվել է, քանի որ պայքարի «մերան» ու ակտիվ տասնյակ հազարավոր քաղաքացիներ չեն հոգնում, չեն նահանջում, չեն դադարում պայքարել:
Ի լրումն, հենց Նիկոլ Փաշինյանը, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է անել ու ասել բաներ, որոնք ուղղակիորեն իր ու իր կողմնակիցների դեմ են: Մասնավորապես, նախօրեին էլ հրապարակավ խոստովանեց, որ իր ու իր մանկլավիկների այդքան տարփողած «խաղաղության դարաշրջանը» կամ «խաղաղության օրակարգը» ոչ ավելին է, քան հերթական ապուշություն ու ամենաբացահայտ փչոց:
Մեզ համար դա նրա ասածից չէ, որ պիտի պարզ դառնար: Բայց այն, որ հենց ինքն է ստիպված նման բաներ ասել՝ «խաղաղության օրակարգի» երաշխավորված չլինելու, թշնամիներով շրջապատված լինելու մասին, արդեն իսկ խոսուն է: Ու դա ասում է նա, ով, թրքացումը կամ հայաջնջումը որպես «խաղաղություն» փաթեթավորած ծախում էր իր կռապաշտ լսարանին: Ասում է նա՝ ով այդ թշնամիների հետ սիլի-բիլի անելով, այդ թշնամուն մեր երկիր է մտցրել, այդ թշնամուն մեր Հայրենիքն է կտոր-կտոր տվել, ինչի համար, վաղ թե ուշ, անխուսափելիորեն, ենթարկվելու է պատասխանատվության ու դատ-դատաստանի:
Մեզանից է կախված, թե որքան վաղ: Մեր ակտիվությունից, մեր մասնակցային վճռականությունից է կախված: Սա ո՛չ կուսակցության պայքար է, ո՛չ էլ լիդերի: Սա որպես հայ ժողովուրդ գոյություն ունենալու և պետություն, երկիր ունենալու պայքար է:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը