Ազգային-ազատագրական պայքարը, որի դրոշակակիրը «Դիմադրության» շարժումն է, հունիսի 14-ից թևակոխեց նոր փուլ: Դա միանգամայն օրինաչափ էր և սպասելի: Պայքարը շարունակվում է և չի դադարելու, քանի դեռ չի հասել առաջադրված գլխավոր նպատակներին. Նիկոլ Փաշինյանի երկրակործան ռեժիմի հեռացում, այս մղձավանջային անկման կասեցում, որին, տրամաբանորեն, պետք է հաջորդի Հայոց փլատակված պետականության վերականգնումը՝ բոլոր ուղղություններով. Տնտեսական, ռազմական, քաղաքական, սոցիալական, կրթական, բարոյահոգեբանական…
Ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելն ու առժամանակ այդ հրապարակից ելնելը հավասարակշռված ու կշռադատված որոշում է:
Ի՞նչ դրսևորվեց անցած գրեթե երկու ամսվա ընթացքում: Նախ, մեկնարկելով ագրեսիվ հակաքարոզչության, պայքարի ու պայքարողների դեմ թիրախային անվստահության սերմանման նեգատիվ քարոզչական միջավայրում և տոտալ ոստիկանական բռնաճնշումների պայմաններում, շարժմանը հաջողվեց ծավալել ակտիվ գործողություններ: Փողոցային պայքարի արդեն առաջին իսկ դրսևորումներից ակնհայտ դարձավ. Ազգային-ազատագրական պայքարը վայելում է շատ ավելի մեծ աջակցություն, քան կարող էին ակնկալել անգամ շարժման նախաձեռնողներն ու ղեկավարները, երկրորդ՝ «հոգով-սրտով ձեզ հետ ենք, բայց մեր տներում» շերտից բացի, կան հազարավոր ու հազարավոր հայրենակիցներ, որ, հանուն պետության ու ազգային գոյության, պատրաստ են օրնիբուն կանգնել պայքարի առաջին շարքերում ու կանգնած են: Ակնհայտ դարձավ, որ ակտիվ պայքարի մեջ ներգրավված բազմահազարավոր հայրենակիցների ներուժը հնարավորություն է տալիս անցկացնել «խաղաղ անհնազանդության» ցանկացած բողոքի ակցիա՝ սկսած պետական ամենատարբեր վարչական շենքերի լիարժեք շրջափակումներից, վերջացրած որոշակի ժամանակահատվածում այս կամ այն փողոցը, խաչմերուկը, կամուրջը «փակելու» ակցիաներով: Դեռ չենք խոսում անհաշիվ երթերի և ակտիվ երիտասարդների իրականացրած ամենատարբեր տպավորիչ ու ազդեցիկ ակցիաների մասին:
Ըստ այնմ, տրամաբանական հարց է ծագում. եթե ունես բավարար ներուժ՝ բոլոր հրապարակները «վերցնելու», ապա ինչո՞ւ կղզիանալ մեկ կոնկրետ հրապարակում: Ինչո՞ւ, առհասարակ, «կղզիանալ, եթե կարելի է ու պետք է տարածվել: Եվ հռչակված նոր մարտավարությունը, կարծում ենք, հենց այս օրերին, փողոցային առաջին իսկ ակցիաներով ակներև ցույց կտա, որ Նիկոլ Փաշինյանի ստախոսական, անպատասխանատու, երկրակործան, գլխակեր, մի խոսքով՝ անագորույն ռեժիմից «խաղաղ, անարյուն տարբերակով» Հայաստանն ազատագրելու համար ընտրվել է հիմնավորված ուղի:
Շուրջ երկու ամիս ծավալված փողոցային ակտիվ գործողությունների արդյունքում նաև որոշակիորեն տրամադրություններ են փոխվել հասարկության մեջ: Եթե պարզ ու պատկերավոր ասենք. «Լաոն արթնացել է» ու ոչ միայն Երևանում կամ, օրինակ, Ստեփանակերտում: Լաոն արթնացել է աշխարհով մեկ, որտեղ իր ազգային ինքնությունից չհեռացած հայություն կա:
Պահանջվում է շատ ավելի հաշվարկված ընթացք, ու «Դիմադրության» շարժման՝ հունիսի 14-ին հրապարակված ծրագրային մոտեցումները հուշում են, որ այդպես էլ արվում է: Այս պայքարը չի կարող ունենալ այլ ելք, քան նպատակին հասնելն է: Առավել ևս, որ այդ «այլ ելքը» նշանակում է չգոյություն:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը