15 06 2022

Ֆրանսիայի հրապարակի վրանաթելերից կախված էժանագին մուտիլովշիկություն

Ֆրանսիայի հրապարակի վրանաթելերից կախված էժանագին մուտիլովշիկություն

Կարելի էր կես միլիգրամ իսկ չկասկածել, որ վրանները հրապարակից հանելու վերաբերյալ «Դիմադրության» շարժման ղեկավարության տակտիկական որոշումը բուռն հրճվանքախառն վայնասուն է հարուցելու Նիկոլ Փաշինյանի՝ «ոստիկանության» միակ հենասյան վրա տիտիկ արած ռեժիմի փամփերսակիր ճամբարում:

Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու պահի վրա նրանց սևեռումը  ոչ միայն կռահելի, այլ պարզորոշ կանխատեսելի էր: Կարելի է կարծել, թե ծավալված պայքարի նպատակը «պալատկա դնելն» էր, այլ ոչ թե «Նիկոլին հանելը», ու, որ «պալատկաները» հանեն, Նիկոլին հանելու մասին կմոռանան:   

Ըստ որում, նիկոլական ցածրամակարդակ քարոզչությունը, որի «թիրախային խումբը» գիտակցության շրիշակից ցածր «լևըլ» ունեցող որոշ զանգված է, այնքան ու այնպես է ոգևորվել «պալատկաները հանելով», որ դա համարում է... պայքար-ի մարում: Սա, նկատենք, վրանները հանելու հետ կապված, նրանց հիմնական, եթե ոչ միակ շեշտադրումն է: Ու սոցցանցային լրահոսը ծփծփում է հրապարակի չարչարված վրանաթելերից կախվող խառնակախոսների էժանագին մուտիլովշիկություններից ու մանիպուլյատիվ «դիտարկումներից»:

Հատկանշական է, որ ակտիվ փողոցային պայքար սկսելու առաջին իսկ օրից նիկոլական, կներեք, տուֆտա և, որ էական է՝ իրենց լսարանին էշի տեղ դնող քարոզչության կամ ավելի շուտ՝ զազրաշատախոսության հիմնական թեզը հենց դա է եղել՝ «շարժումը մարում է», «հրապարակում հազիվ 20-30 հոգի է», «շարժումը պառակտված է», «քաղաքական ճգնաժամ չկա»...

Կարելի է կարծել, թե «քաղաքական ճգնաժամը» մի այնպիսի բան է, որ իրեն ԱԳ նախարարի տեղ դրած մեկի ասելուն է սպասում, որպեսզի լինի կամ չլինի: Իրականությունն այն է, որ «քաղաքական ճգնաժամը», որպես այդպիսին, վերաճել է համընդգրկուն և համակողմանի ճգնաժամի՝ սոցիալ-տնտեսականից սկսած, մինչև՝ ազգային-պետական գոյության ու պարզապես գոյության խնդիրներ: Սա՝ ի միջի այլոց:

«Մարման» մասին: 

Իրականում ազգային-ազատագրական շարժման կամ ինչպես նշում ենք՝ «Դիմադրության» շարժման պայքարի հետագա ընթացքը կարող էր իսկապես մարել, եթե աեռաջնորդող թիմը շարունակեր «կղզիանալ» Ֆրանսիայի հրապարակի վրանների շուրջ:

«Վրանային ավանը», այո, կարևոր հանգրվան էր փողոցային ակտիվ պայքարի մեկնարկային փուլում, այդ փուլի տևական ընթացքը ապահովելու, ընթացքի համակարգումը կազմակարպելու, մշտական ներկայության առումներով: «Վրանային ավանն» իր դերը լիովին կատարել է, մի բան էլ ավելին, ինչի համար բոլոր պայքարողներն ու պայքարը շարունակողները պետք է երախտագիտություն հայտնեն և հայտնեցին այս մոտ 2 ամսվա ընթացքում տուն-տեղ, ամեն ինչ մի կողմ դրած ու անձրև-կարկուտի տակ, գիշեր-ցերեկ վրաններում հերթապահած ակտիվ ու նվիրյալ հայրենակիցներին:
Այժմ բնականորեն հասունացել է կուտակված ներուժը վերակազմակերպելու, առհասարակ, շարժումը կառուցվածքային կայուն ռելսերի վրա դնելու ժամանակը:

Ինչ վերաբերում է հատկապես ցուցադրաբար հիասթափվողներին, ապա հիասթափվելու հակվածին ընդամենը պատրված է պետք դրա համար: Իսկ պայքարողին, իր երկրի կորստի տեսանելի (ցավոք) հեռանկարը, իր ազգային պետության ու ինքնության կորստի ռեալ սպառնալիքը ոչ մի կերպ չհանդուրժողին «վրանաթելը» չէ, որ ոտք է գցելու: Այս բոլոր օրերին, թե՛ Ֆրանսիայի հրապարակում, թե՛ ամենատարբեր երթերի անմիջականորեն մասնակցելու ընթացքում գերազանցապես տեսել եմ մարդկանց, որոնք գիտեն, թե ում և ինչի դեմ են պայքարում, գիտեն, թե ինչ են ուզում և ոչ մի բանի, ոչ մի բռնության առաջ չեն ընկրկել ու չեն ընկրկելու:

Պայքարը շարունակվում է և ունենալու է միայն մեկ «մարում»՝ նիկոլական ռեժիմի ու դրա սպասարկուների մարումն ու խավարումը:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ