Ակնհայտ է, որ վերջին շրջանում լրջագույն զարգացումներ են ծավալվում համաշխարհային մասշտաբով, տեղի են ունում վերադասավորումներ, անգամ առկա աշխարհակարգի փոփոխության կամ էական վերափոխման վերաբերյալ կան բավականին հիմնավոր դիտարկումներ: Այդ զարգացումների կիզակետում ռուս-ուկրաինական հակամարտությունն է, որը սակայն խորքային գործընթացների երևացող մասն է միայն:
Ամեն պարագայում, «ուկրաինական իրադարձությունները» այս կամ այն կերպ իրենց արձագանքները կամ անդրադարերն են ունենում նաև մեր տարածաշրջանում: Արևմուտք-Ռուսաստան կամ ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության պայմաններում, որտեղ արևմտյան կողմը նպատակ ունի «կտրել» ռուսական նավթագազային հնարավորությունները, եվրոպական տարբեր երկրներ հարկադրված են հրաժարվել ռուսական նավթից և գազից, դրանից բխող հետևություններով ու հետևանքներով: Բնականաբար, դրա հաջորդ քայլը հնարավոր այլընտրանքներ փնտրելն է նրանց համար: Իսկ նման այլընտրանքային ածխաջրածնային սնուցման հավանական աղբյուրներից մեկը կարող է լինել Ադրբեջանը:
Այնպես որ, ոչ միայն պատահական չէ, այլև միանգամայն օրինաչափ է, որ Ադրբեջանը ակտիվացել է և առաջարկում է իր գազանավթային ծառայությունները ծեր Եվրոպային: Ըստ որում, այդ կոնտեքստին միանգամայն համահունչ է և այն, որ ներկայում առավելապես Եվրոպան է ձգտում «առաջին պլանում» լինել, այսպես ասենք՝ «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման (կամ հաստատման), Հայաստանին «խաղաղության պայմանագիր», իսկ իրականում՝ մահվան գազախցիկ կամ դագաղ պարտադրելու հարցում: Կարճ ասած, բրյուսելյան հանդիպումները և արհեստականորեն արագացված «կարգավորման» բանակցությունները պատահական չեն, այլ ուղղակիորեն բխում են արևմտաեվրոպական տարությունների շահերից՝ մերժած ռուսական նավթագազային հնարավորույթուններն արագորեն ադրբեջանական նավթագայային հնարավորություններով փոխարինելու, Ադրբեջանի հետ «բազար անելու» առումներով:
Դա, ամենից առաջ, նշանակում է, որ կտրուկ մեծանում է «խաղեր տալու» կամ մանևրելու Ադրբեջանի հնարավորությունը: Ի լրումն, Ադրբեջանն այդպիսով կարողանում է ստանալ նաև ռուսական ազդեցության գոտուց ավելի շատ հեռանալու հնարավորություն: Ըստ այդմ, օրինաչափ են նաև այս ժամանակապատվածում Ադրբեջանում գեներացվող հակառուսական տրամադրությունները:
Չպետք է մոռանալ և այն, որ Արցախի մնացորդների շուրջ և Հայաստանի արևելյան սահմանագծի առավել խնդրահարույց հատվածներում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության մանդատի ժամկետը 5 տարի է, որից մեկուսուկես տարին արդե՛ն անցել է: Այդ խորապատկերում էլ ավելի հասկանալի է սահմանազատման, սահմանագծման, Արցախի ոչնչացման ու հայերի բնաջնջման հարցերում դրսևորվող շտապողականությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ ադրբեջանաթուրքական շահերն արդեն անթաքույց սպասարկող փաշինյանական ռեժիմի կողմից: Նպատակներից մեկն էլ, բնականաբար, ռուսական ուժերը այստեղից դուրս մղելն է, քանզի եթե չկա Արցախ, չկա Արցախի խնդիր, ապա էլ ի՞նչ խաղաղապահ ուժեր կամ դրանց ներկայության անհրաժեշտություն:
Կարճ ասած, նաև նավթագազային լծակի վրա խաղալով, Ադրբեջանը ստեղծված իրավիճակում կարող է ստանալ բազմակողմանի երաշխիքներ, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի ուղղությամբ ագրեսիաների:
Կցանկայնայինք նշել, որ նման իրավիճակում Հայաստանը պետք է լարի իր բոլոր դիվանագիտական ու ոչ միայն դիվանագիտական ռեսուրսները, կարողանա դրսևորել առավելագույն ճկունություն՝ մեր պետության ու ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու համար: Բայց, կներեք, դա ո՞ւմ ասենք: Նիկոլ Փաշինյանին ու նրա հակահայ ռեժիմի՞ին: Իրենք միայն մեկ հարցում են ճկուն՝ զանազան ստերով, ոստիկանական վայրագություններով, ռեպրեսիաներով ու բոլոր հնարավոր սրիկայություններով իրենց իշխանական աթոռները պահպանելու: Երբ հարցերը վերաբերում են Հայաստանի շահերին, Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակը ոչ մի կերպ դերակատար չեն, թերևս միայն... հակահայ ու լրացուցիչ սպառնալիքներ ձևավորող թղթերի տակ ստորագրելիս:
«Ապագան» ուրվագծվում է ահասարսուռ պատկերներով, երբ տեսնում ես, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա նմաններն են ներկայացնում Հայաստանը:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը