Եվ այսպես. ի՛նչ էր ուզում անել Նիկոլ Փ.-ն հունիսի 3-ին: Սա հարց չէ, քանզի նպատակադրումը ակնհայտ էր և ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանը նպատակադրվել էր զանգվածային արյունահեղություն իրականացնել, բայց դա «փաթեթավորել» այնպես, թե՝ սկսվեցին զանգվածային անկարգություններ, որոնց հետևանքով, ավելի ճիշտ՝ իրավիճակը կարգավորելու նպատակով «ոստիկանությունը» հատուկ միջոցներ կիրառեց, ինչի հետևանքով էլ երկուստեք զոհեր եղան: Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի նախանշած սցենարը հունիսի 3-ին մի նոր «մարտի 1» հրահրելն էր:
Հունիսի 3-ին տեղի ունեցած դեպքերի մեխանիկան ինքնին հաստատում է այդ վարկածը: Ի՛նչ կատարվեց: Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որը Նիկոլի ՔՊ-ն բոյկոտեց, նիստը տեղի չունեցավ: Ցուցարարները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, բայց նախքան բոլոր մուտքերը կարգելափակվեին, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, ծառայողական պահեստային մուտքով («զադնի խոդ») ճողոպրել էր: Որոշ ժամանակ անց ցուցարարները երթով շարժվեցին դեպի Պռոշյան, նպատակ ունենալով այնտեղից շարունակել ճանապարհը դեպի Դեմիրճյան փողոց, ապա՝ Ֆրանսիայի հրապարակ:
Հատուկ ընդգծենք. ո՛չ այս ավելի քան 1 ամսվա ամենատարբեր բողոքի ակցիաների ժամանակ, ո՛չ էլ, մանավանդ, հունիսի 3-ին երթի մասնակիցները, դիմադրության շարժումն առաջնորդողները որևէ պետական զենք, որևէ պահպանվող կառույց զանգվածաբար ներխուժելու կամ այսպես ասենք՝ «գրավելու» որևէ խնդիր կամ նպատակ չեն դրել:
Սա չափազանց կարևոր է, հասկանալու համար, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կեցավայրի՝ «դաչաների» մոտ մի քանի հազարից կազմված ոստիկանական ուժերի կուտակման անհամաչափությունը, միաժամանակ՝ պահպանվող օբյեկտի վախի աստիճանը:
«Ոստիկանությունը», ինչպես հայտնի է, «կենդանի» շղթայով արգելափակել էր Դեմիրճյան փողոցը, որի ոչ մի անհրաժեշտություն չկար. Ա) ԱԺ արտահերթի համար սահմանված լրացուցիչ 4 ժամն էլ էր լրացել, բ) եթե նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները ցանկանային մտնել ԱԺ, կմտնեին, դա իրենց աշխատավայրն է, գ) բացարձակապես որևէ իմաստ չկար, էլ չենք ասում՝ նպատակ չկար ԱԺ տարածք ներխուժելու:
Այսինքն, «ոստիկանության նպատակն էր խաղաղ ցույցի, երթի մասնակիցներին կիսաօղակի մեջ առնել՝ Պռոշյան-Դեմիրճյան անկյունում: Եվ այդտեղ արդեն իրենց «սև գործին» անցան ոստիկանության կողմից ցուցարարների շարքեր «ներմուծած», անկասկած, ոստիկանության ծառայող կամ առնվազն հաստիքավոր «գործ տվող» մի քանի սադրիչներ: Ոստիկանության «հատուկ ուժերը», այսպես կոչված՝ կարմիր ու սև բերետները (որոնք, կրկնենք, բացարձակ անադեկվատ վիճակում էին) հարձակվեն խաղաղ ցույցի մասնակիցների, այդ թվում՝ կանանց, ծերերի, երեխաների վրա ու գազանաբար հոշոտեին (բոլորը տեսան հայատյաց, մարդատյաց «ոստիկանների» գազանություններն արձանագրած տեսանյութերը):
Ամենահետաքրքիր պահերից մեկը, որ հստակ արձանագրվել է, այն է, որ ոստիկանությունը, Դեմիրճյան փողոցի կողմից նռնականետով «հատուկ միջոց» է կիրառում, որն ընկնում է Պռոշյանի կողմից «դաչայի» մուտքը շրջափակած ոստիկանների շարքերի մեջ: Շատերին թվում է, որ նռնակ կրակողը «շլդիկ» էր, բայց տողերիս հեղինակն էլ վստահ է, որ դա կանխամտածված «վպիպում» էր ու ոչ էլ «վրիպում» էր: Այդպիսի հանձնարարական գուցե եղել է: Դրա հիմնական նպատակերից մեկն էլ հաջորդող ոստիկանական գազանությունները, ստորությունները արդարացնելն է:
Ըստ Նիկոլ Փ.-ի սցենարի, ամենայն հավանականությամբ հաշվարկված էր, որ այդ պահից կուտակված բազմությունը կդառնա անկառավարելի, մարդիկ կսկսեն ինչով պատահի ու ինչպես պատահի դիմադրել, ոստիկանների ծեծել, հրկիզել նրանց մեքենաները, շրջել այլ փոխադրամիջոցներ, ջարդել մերձակա շենք-շինությունների ապակիները և այլն, և այլն: Այսինքն, հաշվարկել էին, որ մարդիկ կանեն այն ամենը, ինչն էլ սովորաբար բնորոշվում է «զանգվածային անկարգություններ»: Բայց ոչ մի նման բան տեղի չունեցավ: Տեղի ունեցավ միայն կատաղած ոհմակի նման ոստիկանական ուժերի թրքաբարո հարձակում հայ մարդկանց վրա:
Արյունահեղությունից ու զոհերից հաջողվեց խուսափել ոչ միայն երջանիկ դիպվածով, այլև ցույցի մասնակիցների գիտակից լինելու և երթն առաջնորդողների սառնասրտության շնորհիվ: Համենայն դեպս, ոչ մի ցուցարար ոչ մի ավտոբուսի կամ այլ մեքենայի տանիքը չելավ Նիկոլ Փ.-ի նման ու այնտեղից չսկսեց հրահրիչ կոչեր ծղրտալ՝ «հոգին փառավորվելու, մինչև Պռոշյան գրավելու, մետաղաձողերով, քարով, փայտով զինվելու» մասին, ինչպես նա էր արել 2008-ի մարտի 1-ին: Չեղավ նման բան: Ու հունիսի 3-ը մի նոր «մարտի 1»-ի չվերածվեց, որքան էլ որ Նիկոլի հիմնական նպատակը դա էր:
Ու հենց այդտեղ էլ Նիկոլ Փ.-ի սցենարը տապալվեց:
Հատկանշական է, որ նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա ֆաշիստական, մարդատյաց ու մարդակեր ռեժիմի կամակատար քննիչ-մննիչների կողմից կարվող գործերում հիմնականում «զանգվածային անկարգությունների» մեղադրանք է դրված կալանավորվող ցուցարարների նկատմամբ: Այնինչ, ցուցարարների դեպքում, առավելագույնը կիրառելի է բնական ինքնապաշտպանության բնորոշումը: Ամբողջ հարցն այն է, որ «զանգվածային անկարգություններ» ասվածը հրահրել են հենց ոստիկանները և այս գործով, եթե կալանավորվածներ ու մեղադրյալներ պիտի լինեն, ապա ամենից առաջինը պիտի մեղարդյալի կարգավիճակով կալանավորվի Նիկոլ Փաշինյանի ոստիկանապետը՝ իր անմիջական ենթականերով հանդերձ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը