23 05 2022

Դիմակի տակից փայլում է ամերիկյան «ժողովրդավարական արժեքների» իրական դեմքը

Դիմակի տակից փայլում է ամերիկյան «ժողովրդավարական արժեքների» իրական դեմքը

Եթե հայ մարդկանց իրենց տների մեջ նիկոլական կարմրաբերետները կամ, ասենք, թուրքերը կոտորեն, ապա ԱՄՆ-ն, ի դեմս իր դեսպանուհի Լին Թրեյսիի, կհայտարարի, թե՝ «ֆա՜յն, ի՜նչ խաղաղ, ժողովրդավարական, ի՜նչ շինիչ հարաբերություններ են...»: Իսկ ի՞նչ տարբերություն այդ երևակայական նկարագրության ու օրերս արձանագրված իրական խայտառակության միջև:

Թեպետ այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 20-ին մայրաքաղաք Երևանի ամենակենտրոնում, քիչ է ասել, թե՝ խայտառակություն էր կամ կարևոր իրադարձություն: Դա այնպիսի «ճշմարտության պահ» էր, որ մինչև օրս ինչ-ինչ պատրանքներ ունեցած ցանկացած բանական մարդ անխուսափելիորեն պետք է տեսնի ակնհայտը:

Տեսեք. ամերիկյան ծագմամբ «Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան քողածածկույթով գործող կազմակերպության հովանու ներքո, Երևանում փաշինյանական ռեժիմի ու այդ ռեժիմն սպասարկող ֆալշ «իրավապաշտպանների» ակտիվ մասնակցությամբ հրավիրվել էր «Ժողովրդավարության հայկական ֆորում»: Ժողովրդավարությա՛ն:
Ու այդ «ֆորումը» տեղի ունեցավ ...միջոցառման վայր ընտրված «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի շենքը մի քանի շարքով շրջապատած ոստիկանական ուժերի, ոստիկանական զորքերի, մարդատյաց ու պարգևավճարի դիմաց մարդկանց, հատկապես՝ կանանց ու երեխաներին միտումնավոր վնասվածքներ պատճառող համազգեստավորված հանցավոր տարրերի պաշտպանության պայմաններում: Բայց դա խայտառակության միայն 33,3 տոկոսն է:

Արձանագրված խայտառակության մյուս 33,3 տոկոսն էլ այն է, որ «ժողովրդավարության ֆորումին» բռնի ուժով թույլ չտվեցին մասնակցել խորհրդարանական ընդդիմության պատգամավորներին և փաշինյանական ռեժիմի հակահայ շահերը չսպասարկող լրագրողներին: Սա ուղղակի փայլուն նվաճում է, հատկապես «ժողովրդավարություն» արտահանող ԱՄՆ-ի, ԱՄՆ դեսպանի, ԵՍ ներկայացուցչի ու «Ֆրիդոմ հաուսի» համար: Նման ցածրունքներ նրանք դեռ չէին նվաճել:

Եվ վերջապես, արձանագրված ուլտրա-խայտառակության պատկերն ամբողջացրեցին ու մնացյալ 33,3 տոկոսն ապահովեցին կոնկրետ ԱՄՆ դեսպանուհու ու նրա սիրելի Փաշինյանի և նրա ձեռքը պաչող (ֆո՜ւ) մյուս դեսպանուհու ելույթներն ու հայտարարությունները... Հայաստանում ծաղկող ժողովրդավարության, «ժողովրդավարական արժեքների», մարդու իրավունքների ու նման վեհահունչ թեմաներով : Անգամ կարևոր էլ չի, թե ինչ նախադասություններ, միմյանց գովերգող ինչ արտահայտություններ արեցին նրանք:
Կարևորը այն է, որ վերջնականապես դեն են նետված, կարելի է ասել՝ պատառ-պատառ են արված բոլոր դիմակները: Մասնավորապես, ԱՄՆ դեսպանության «պուպուշիկ», ատամի մածուկի ռեկլամ հիշեցնող ձևական ժպիտով դիմակի տակից ակնառու երևաց ամերիկյան «ժողովրդավարական արժեքների» իրական դեմքը՝ մահացու և թուրքական փայլով: Դա Հայաստանի ոչնչացման, հայության բնաջնջման թուրքական ու ցեղասպանական ծրագրերի դեմքն է: Դա ուղղակիորեն մեր մահն ու ոչնչացումը ցանկացողի դեմքն է:
Թե բա՝ ամերիկյան «ժողովրդավարական արժեքներ»... Այն «արժեքները», որոնց համաձայն, եթե ուկրաինացու քթից արյուն է եկել, ապա պետք է վայնասուն բարձրացնել աշխարհով մեկ, իսկ այ, եթե ինչ-որ սիրացիներ են մի քանի տասնյակ հազարով կոտորվել, մի քանի միլիոնով տունուտեղից զրկվել, դա ընդհանրապես պետք է չնկատելու տալ:

...Այն «արժեքները», որոնց համաձայն, կոշտ ճնշում էր գործադրվում իրենց Նիկոլին ազատ արձակելու, Նիկոլի «հեղափոխական» ցույցերի մասնակիցներին հանկարծ չնեղելու նպատակով, իսկ հիմա, երբ արդեն «զրոյական կետ» ամերիկա-թուրքական նախագիծը իրականացված է ու կրում է «ՀՀ իշխանություն» անունը, կարելի է ոստիկանական համազգեստով հանցավոր տարրերին կատաղեցնել ու քսի տալ խաղաղ ցուցարարների վրա, իսկ հետո ինքզինքը երկարականջ կենդանու տեղ դրած ելնել ու ճամարտակել... ժողովրդավարությունից-բանից:

Իհարկե, ավելի տպավորիչ կլիներ, եթե Լին Թրեյսին մի սև կամ կարմիր բերետ դներ ու անձամբ հարձակվեր, ասենք՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կամ պարզապես, որևէ ցուցարարի վրա ու ճանկռելու կամ խեղդելու հնարքներ գործադրեր: Բայց դա էլ երևի թողել են «դեսերտի համար», որը հուսանք, չի լինի:

Իսկ մեծ հաշվով՝ մայիսի 20-ի խայտառակությունից հետո, ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ ԵՄ-ն ու առհասարակ «արևմտյան ժողովրդավարական արժեքներից» ճառողներն իրենք իրենց զրկեցին հետագայում Հայաստանի որևէ կառավարության, որևէ իշխանության հետ այդ թեմաներով առհասարակ որևէ բան խոսելու իրավունքից:

Որովհետև, եթե այն, ինչ անում է իրենց դրածո Փաշինյանը Հայաստանի ու հայ ժողովրդի հետ, Լին Թրեյսու կամ նրա դամքաշների բնորոշմամբ՝ ժողովրդավարական նվաճում է, ապա այն, ինչի ենթակա են ու անխուսափելիորեն կարժանանան Նիկոլ Փաշինյանն ու նրա ռեժիմի սպասարկուները, լինելու է ժողովրդավարության անկրկնելի հաղթանակ:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ երկու զարկը բաշխված է, ու վրա է հասնում վերջին՝ երրորդ զարկի ժամանակը:

 

Արմեն Հակոբյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ