11 05 2022

Թրքահպատակ ռեժիմի հեռացումն անխուսափելի է

Թրքահպատակ ռեժիմի հեռացումն անխուսափելի է

Արցախն աղետած ու Հայաստանի կործանման ընթացք որդեգրած փաշինյանական ռեժիմի հեռացումն անխուսափելի է: Դա առավել պարզորոշ զգացվում է թե՛ օրեցօր թափ հավաքող ու ընդլայնվող պայքարի ընթացքից, թե՛ այսպես կոչված «իշխանության» ու նրա միակ հենարան մնացած ոստիկանական կարմրաֆեսավոր ու «սևհարյուրակային» ստորաբաժանումների հակամարդկային ու կատաղի դրսևորումներից, թե՛ նիկոլական ագիտպրոպի տարածած բազմապիսի ստերի առատացած «տեղումներից», որոնք կարելի է մտագարի բառափսխոց բնորոշել:

Արդեն ակնհայտ է, որ գլխակեր ու երկրաքանդ Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների թրքահպատակ ռեժիմի հեռացումն, այո, անխուսափելի է: Ինչպես ակնհայտ է և այն, որ մայիսի 1-ից առավել ակտիվ փուլի անցած նիկոլամերժ, կամ, որ նույնն է՝ Հայաստանապահպան շարժումը չի՛ մարելու, չի՛ ընկրկելու: Եթե անգամ որոշ մարտավարական տեղատվություն նկատվի էլ, դրան հաջորդելու է ավելի ուժգին մակընթացություն: Հայոց ընթացքն անկասելի է:

Այս տեսանկյունից միանգամայն կարևոր են մայիսի 9-ի հանրահավաքում և՛ պայքարի մարտավարության, և՛ Նիկոլ Փաշինյանի անքննարկելի հեռացմանը հասնելուց հետո նախատեսած քայլերի, և՛ պետական կառավարման մոդելի, և՛ Ազգային համաձայնության կամ ժամանակավոր կառավարության ձևավորման մոտեցումների մասին ներկայացված թեզերն ու հիմնական սկզբունքները, որոնք հնչեցրեց Իշխան Սաղաթելյանը։ Այդ քաղաքական կարևոր հայտարարության հետ կապված չափազանց հետաքրքիր, եթե չասենք՝ բնութագրական է նաև դիտարկված մեկ այլ երևույթ: Սեփական իներտությունը, պասիվությունը, անհաղորդությունը արդարացնելու համար բավականին «ունիվերսալ» պատճառաբանություններ նշող հայրենակիցների մի նվազող շերտ կա: Այդ շերտի ներկայացուցիչներից ու նրանց երկրորդող նախկին նիկոլական, կամ փոշմանած նիկոլական, կամ լատենտ նիկոլական, կամ պարզապես դեռ կամուկաց անող այլ հայրենակիցներից մայիսի առաջին օրերից հենց միայն այն ես լսում, թե՝ «...բա ի՞նչ ծրագիր ունեն», «...դե Նիկոլը վերջացած է, բայց ո՞վ է հետո լինելու», «...բա ինչո՞ւ չեն ասում, թե հետո ի՞նչ են ուզում անել» և այլն, և այսպես շարունակ: Ըստ որում, այդպես նշողները նախապես մի երկու «քաղցր խոսք» են ասում Նիկոլ Փաշինյանի հասցեին, շուտասելուկի նման վրա են բերում, թե իրենք էլ են նրան դեմ, ապա անցնում են հենց Նիկոլի ու նիկոլիզմի դեմ կոնկրետ ու իրական պայքարողներին «քլնգելուն», այդ թվում՝ վերոնշյալ «բա ինչո՞ւ»-ների շարանը չմոռանալով:

Մայիսի 9-ին տրվեցին այդ «բա ինչու»-ներից շատերի, եթե ոչ՝ բոլորի պատասխանները: Եվ ի՞նչ: Սեփական երկրի, տո հենց իրենց ու իրենց զավակների, թոռների հետագայի վերաբերյալ անտարբեր ու անհաղորդ, «моя хата с краю» մոտեցմամբ դիրքավորվողները, բնականաբար, իրենց անտարբերության նոր արդարացումներ ձևակերպվելու վրա են տքնում: Դա ևս լրացուցիչ հիմնավորում է, որ զանազան «... բա ինչու»-ներ նշողների մի զգալի մասին իրականում այդ ինչու-ները չեն էլ հետաքրքրում և դրանք իրենց պասիվության ու անհաղորդության սնանկ արդարացումներ են միայն:

Դա, ինչ խոսք, ոչ մի կերպ չի նսեմացնում հնչեցված սկզբունքներն ու դրանք այս փուլում ներկայացնելու պարագան: Առավել ևս, այդ մոտեցումների հրապարակումը, նախ՝  կարևոր է ընդլայնվող պայքարի մեջ ներգրավված հայրենակիցների համար, որոնք ըստ արժանվույն գնահատեցին դրանք:

Մյուս կողմից՝ փաշինյանական ագիտպրոպը, ի դեպ, ադրբեջանական զանազան պաշտոնյաների հետ ձեռք-ձեռքի ու նաև՝ ձեն-ձենի տված, կաշվից դուրս է գալիս՝ քննարկումային տարածքը զանազան-զարմանազան աղտեղությամբ լցնելու, խցանելու համար: Է՛լ «գող փիսո, է՛լ քաչալ շուն», է՛լ մենթերի (դրանք ի՞նչ ոստիկան, դրանք մենթ են) նավոդկա-ուղղորդմամբ հանրահավաքի ու բողոքի ակցիաների վայրերում սադրանքներ ու «մարմնավաճառի շառ» անողներ, է՛լ ֆեյք տաքսիստ, որին, իբր 200 դոլար են առաջարկել 1 օր միտինգի մասնակցելու համար ու նա, իբր, մերժել է (միլիարդատեր տաքսիստ է, երևի, կամ էլ քպ-ի ձրիակեր-պարգևավճարաճարպոտածներից), է՛լ Նիկոլին «հայերի հախից գալ» հորդորող և գերեվարվածի կեղծ մայր ներկայացող, ուղղակիորեն Շիրակի մարզային իշխանության ազգականների կողմից բերված իգական սեռի մի ագրեսիվ ներկայացուցիչ և այլն, և այլն, և այլն:

Ու այդ ագիտրպրոպային աղբից լրահոսերում իսկապես էլ խցանումներ են գոյանում:

Սակայն իրավիճակն ու նաև իշխանական ստահորդ, կացնային (ինչպես միշտ) պրոպագանդան ունի նաև իր հետաքրքիր նրբերանգ-հակաէֆեկտները: Դա էլ է անխուսափելի, ինչպես Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Այնքան բացահայտ ստեր է փչում իշխանական ագիտպրոպը, այդ թվում՝ իշխանական «հեռուՍՏԱընկերությունները», որ շատ մարդիկ ակամայից ցանկանում են «մի հատ գնալ, սեփական աչքով տեսնել», թե ինչ է այնտեղ կատարվում:

Ավելին. այս օրերին նիկոլականները ֆեյսբուքներում իրենց ճղում են՝ բացահայտ ապուշություններ տարածելով և նիկոլական կերամանից իրենց «30 գրոշն» ստանալու համար: Մինչդեռ իրական տրամադրությունն ու իրական պայքարը այսօր ֆեյսբուքներում չեն, յութուբյան «մեկնաբանություններում» չեն, այլ փողոցներում, հրապարակներում և, հարկավ, առաջին հերթին՝ Ֆրանսիայի հրապարակում:

 

Արմեն Հակոբյան  

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ