Որքան ավելի մեծ թափ է ստանում հակահայ ու կործանարար ռեժիմի դեմ արդեն համազգայինա ընդգրկում ստացած ապստամբությունը, բնականաբար, այնքան ավելի կատաղի ու փրփրաբերան են դառնում Նիկոլ Փաշինյանի անձնական սպասարկու-ագիտատոր-ներկայացուցիչները: Ի՞նչ են հուշում այսպես կոչված «իշխանության» պաշտոնավոր ու անպաշտոն մի շարք ներկայացուցիչների հևիհև հայտարարություններն ու անհեթեթ գնահատականները, հնամաշ ու կարկատած պիտակավորումներով հանդերձ:
Ամենից առաջ, այդ բոլոր ՔՊ-ական արձագանքները, դրանց տոնայնությունն ու կեղտակուր բառամթերքը հուշում են, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա ռեժիմը, ինչպես ասվում է՝ «խուճապի մեջ են»: Իրենք բոլորից լավ են տեսնում, որ նստած են բացառապես ոստիկանության մահակների, այն էլ ոչ ամբոէջ ոստիկանության, այլ հատուկ կատաղեցված «կարմիր ֆեսավորների» վրա: Իսկ դա, այսինքն՝ բացառապես ոստիկանական սվինների կամ մահակների վրա հենված ցանկացած իշխանության վերջն է, որից հետո վրա է հասնում անխուսափելի վախճանը՝ դատ-դատաստանով հանդերձ: Այստեղից էլ՝ դրանց վերջին հայտարարությունների կատաղի և ուլտրա-ռեակցիոն բնույթը:
Միաժամանակ, նիկոլական իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները պարզորոշ ցույց են տալիս, թե նրանք ինչ աստիճանի են կտրված իրականությունից: Նրանց թվում է, թե իրականությունը պարփակված է իրենց աստղաբաշխական պարգևավճարների, ցինիկ ու ստահոդ հայտարարությունների և տոտալիտար աղանդավորականության մեթոդներով իրենց «փրկիչ» ու եսիմինչ համարող հայհոյաբերան պաշտողների ու ՊՈԱԿ-ա-«Ազատություն»-ական սնուցմամբ ֆեյքերի միջակայքում:
Մինչդեռ երկրում իսկապես իրականություն է փոխվել (կներեք՝ քառամյա վաղեմության ֆրազի կրկնության համար):
Այն, որ իրենք կտրված են իրականությունից, դա ակնհայտ է, բայց հարցի դեռ մի կողմն է: Մյուս խնդիրն այն է, որ փաշինյանական ռեժիմը արդեն չի տիրապետում իրավիճակին: Ճիշտ է, այն դեռևս անվանապես համարվում է իշխանություն, դեռևս շարունակում է, օրինակ, Թուրքիայի հետ իր սիրախաղերը, գուցե դեռ կարողանում նույնիսկ Պուտինին զանգել և այլն, բայց արդեն փաստացի իշխանություն չէ և որպես այդպիսին չի ընկալվում հարյուր հազարավոր հայերի ու, առաջին հերթին Հայաստանի, Արցախի քաղաքացիների մեծամասնության կողմից:
Ավելին, Նիկոլ Փաշինյանի ռեժիմն այլևս ապօրինի է կամ, ավելի ճիշտ՝ օրենքից դուրս, նրա միաձայնական, միայն ՔՊ-ականների ներկայությամբ գումարվող խորհրդարանի ընդունած որոշումներն ու օրենքներն էլ անկիրառելի են: Մի խոսքով, իրենք օրենքից դուրս են այլևս:
Անկյուն քշված Նիկոլ Փաշինյանը, որ բոլոր հնարավոր տարբերակներով կառչած է վարչապետի աթոռին, իհարկե, ընդունակ է ցանկացած ստոր քայլի, հանկաժողովրդական ու հակահայ ցանկացած արարքի:
Բա՛յց: Ապստամբությունն արդեն այն թափն է հավաքել, որ իշխանություն կոչվածի ցանկացած խոսք, ցանկացած մարմնաշարժում տրամագծորեն հակառակ էֆեկտ է տալիս և տալու: Ուստի որքան ավելի շատ հայերով ելնենք փողոցներ ու հրապարակներ, այնքան ավելի ու ավելի մեծ է երաշխիքը, որ պարտություններով հպարտացող Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարվել իր դիվական մտմտուքներից և առանց արյուն թափելու, վարչապետի աթոռը փոխարինել մեղադրյալի կարգավիճակով: Առանց այն էլ նա շատ հայերի արյուն է թափել, այնքան, որ բոլորի համբերության տակառը լցվել է, էլ տեղ չկա:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը