19 04 2022

Հայաստանն ու Արցախն աղետած փաշինյանական ռեժիմից ձերբազատվելը կենսական հրամայական է

Հայաստանն ու Արցախն աղետած փաշինյանական ռեժիմից ձերբազատվելը կենսական հրամայական է

Արդեն մի քանի օր է, ինչ «Ազատության» հրապարակն ու մերձակայքը, առանց չափազանցության, դարձել են Նիկոլ Փաշինյանից ու նրա գլխակեր ու աղետաբեր ռեժիմից ազատվելու պայքարի կենտրոնը: Ընդգծված տպավորությունն այն է, որ այս անգամ ընդդիմադիր, ավելի ճիշտ՝ հականիկոլական ուժերն ու գործիչները հրապարակները չեն լքի, մինչև չհասնեն հռչակված նպատակին, այն է՝ իշխանությունից Նիկոլ Փաշինյանին ու նրա «կամանդին» հեռացնելը:

Եթե մինչև ապրիլի 13-ը դեռ կարող էին լինել, այսպես ասենք՝ չկողմնորոշված հայրենակիցներ, մարդիկ, որոնք իրենց միկողմքաշվածությունը փորձում են արդարացնել այս կամ այն «կուսակցական դրոշի տակ» չկանգնելու և այդօրինակ այլ պատրվակներով, ապա հիմա այդ ինքնախաբեական մղումները ժամանակավրեպ են: Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի տխրահռչակ ելույթից հետո, որն ավելի շուտ թշնամու կողմից լինելու մասին ինքնախոստովանական ցուցմունք էր, ինչպես ասվում է՝ «իրավիճակ է փոխվել»: Ամեն ինչ դարձել է շատ ու շատ ավելի պարզ. կա՛մ դու Նիկոլ Փաշինյան ես և նրա հետ ցանկանում ես Արցախն ու Հայաստանը հանձնել Ադրբեջանին ու Թուրքիային, կա՛մ դու դեմ էս այդ ամենին և ուզում ես երկիր, տուն ու ապագա ունենալ քո և քո զավակների համար: Բաժանարար գիծը, բավականին հոծ ու կարմիր, վերագծված է:

Նկատելի է, որ արդեն շատ ավելի մեծ թվով մարդկանց է հասկանալի, որ Հայաստանն ու Արցախը աղետի մատնած Նիկոլ Փաշինյանից ու նրա «քպ-ոներից» ձերբազատվելը կենսական հրամայական է: Կա՛մ նա կշարունակի մնալ անվանապես ՀՀ ղեկավար, ու այլևս չի լինի ոչ մի Հայաստան, իսկ եղած հայությունը վերջնականապես կմատնվի ցեղասպանության, հավատափոխության ու թրքացման, կա՛մ կհաջողվի նրան հեռացնել ու պետականության վերականգնման, երկիր ունենալու և սեփական հողի վրա հայ մնալու, այս մղձավանջից ելնելու հույս և նախադրյալներ ձևավորել:

Հարցը դրված չէ այնպես, թե ով լինի իշխանություն՝ սրանցից հետո: Հարցը դրված է այսպես՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի իշխանությունից: Հակառակ դեպքում՝ առհասարակ իմաստազուրկ է «հաջորդ իշխանություն» արտահայտությունը, քանի որ իշխալատեղ, այն է՝ Հայաստանը չի լինի:

Ըստ այնմ, սխալ է այս ակտիվացումը դիտարկել որպես «աթոռակռիվ» (ինչպես ներկայացնում են նիկոլական քարոզիչները) կամ «իշխանության համար պայքար»՝ դրա դասական քաղաքագիտական մոտեցումներով:
Սա վերքաղաքական, ազգային-ազատագրական պայքար է իր բնույթով, իր բովանդակությամբ: Այսինքն, ցանկացած հայրենակից, ով ընկալում է, որ պետության ղեկի մոտ Նիկոլ Փաշինյանի հետագա քաղաքական գոյությունը նշանակում է Հայաստանի ու բոլորիս չգոյությունը, պետք է կանգնի պայքարի ելածների, պայքարողների կողքին կամ կարող է սկսել իր պայքարը՝ իր քաղաքում, գյուղում, իր համախոհների հետ: Ու դա, վերջնարդյունքում, այդպես էլ լինելու է:

Գործնականում Նիկոլ Փաշինյանը և նրա «թիմակիցները» ամեն ինչ արել են՝ անխտիր բոլորին համոզելու համար, որ իրենք, որպես իշխանություն անպիտան են ու պետք է հեռացվեն:

Բոլոր ուղղություններով համատարած ձախողումներ և տապալումներ են: Բանակը, մեծ հաշվով կազմաքանդվում է: Տնտեսական վիճակը և բնակչության սոցիալական դրությունն ահավոր են: Գնաճն ու փողի արժեզրկումը միանգամայն շոշափելի են յուրաքանչյուրի համար, ով օրը գոնե 1 անգամ հաց ու վերմիշել է առնում: Անիրավությունը, ամենաթողությունն ու ապօրինությունը, ոստիկանական բռնություններն ու բեսպրեդելը դարձել են «նիկոլական Հայաստանի» այցեքարտերը:

Այնպես որ, կարելի է ասել՝ Ազատության հրապարակում տրված պայքարի մեկնարկը ազդանշան է բոլորի համար:

Բոլորը, ովքեր ունեն ասելիք, պետք է ելնեն փողոցներ ու հրապարակներ: Գործող ռեժիմն այնքան աղետներ ու ավերներ է հասցրել գործել, որ ով ինչ հարցով էլ փողոց ելնի, կգտնի համախոհներ՝ միանալով ընդհանուր պայքարին:

 

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ