20 09 2024

«Էդ լուրջ ե՞ք ասում»․ Փաշինյանն իր առաջ քաշած գաղափարը համարում է ֆեյք



Կառավարություն-խորհրդարան վերջին՝ 11․09․2024թ․ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին խաղաղության պայմանագրից, նրանում գերիների, Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի օկուպացիան դադարեցնելու և այլ կարևոր դրույթների բացակայությունից, միջազգային երաշխավորների ինստիտուտի բացակայությունից։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ընդհանրապես, որ դուք խոսում եք երաշխավորի մասին, ես մեզ բոլորիս՝ իշխանությանը, ընդդիմությանը, հայ ժողովրդին խորհուրդ կտամ, կխնդրեմ ընդհանրապես Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կոմպլեքսից դուրս գանք և սկսենք աշխարհը տեսնալ էնպիսին, ինչ որ կա։ Էդ երաշխավոր ինստիտուտի մասին, որ առավոտից իրիկուն խոսում եք, էդ դուք լո՞ւրջ եք ասում։ Ես էսօր, էսօրվա իմ՝ աշխարհի իմացությամբ ասում եմ, որ դրանից ավելի ֆեյք թեմա չկա։ Մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք, կա՛մ չկա երաշխավոր, որովհետև բոլոր նրանց, ում անուն մենք ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք իրանց համար մանրադրամ ենք, մանրադրամ։ Մեր հարցերը մենք պիտի լուծենք։

Էլի եմ ասում մենք էսօր, որպես պետություն չենք ճանաչում աշխարհը։ Մեր բոլոր ձախողումներով, մեր կառավարության առավելությունը էն ա, որ մենք գոնե էդ մի բանը հասկացել ենք։ Իր պատմության մեջ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռ ունեցած ժողովուրդը հղում կանի՞ երաշխավորին ու միջազգային մեխանիզմներին»։   

Նշենք, որ երաշխավորի ինստիտուտը ֆեյք թեմա համարող Նիկոլ Փաշինյանն առաջինը ինքն է այդ թեման բացել։ Մասնավորապես, 14.03.2023թ․ մամուլի ասուլիսում հայտարարում է․ «Ադրբեջանը փորձում է, հետապնդում է էնպիսի գիծ, որ, ըստ էության, մենք պայմանագրի, նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար։ Մենք այսօր ունենք գրված, ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվում։ Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է։ Այդ հայտարարության համաձայն՝ որևէ կերպ Լաչինի միջանցքը փակ պիտի չլիներ, իսկ Լաչինի միջանցքը փակ է։ Հետևաբար, սա ավելի է ընդգծում Հայաստանի զգայունությունը այն հարցում, որ որևէ փաստաթուղթ, որը կստորագրվի պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է միջազգային երաշխիքներ։ Այդ ամենը բացակա է»։

Նույն ասուլիսի ժամանակ լրագրողը հարցնում է, թե ի վերջո, ի՞նչ է իրենից ենթադրում միջազգային մեխանիզմը, որի մասին այդքան խոսվում է։ Փաշինյանը պատասխանում է․ «Ես էլի նույն հարցին նույն կերպ պիտի պատասխանեմ, ինչ-որ երաշխավորների մասով։ Մեր ընկալումը էն ա, որ լինի միջազգային մեխանիզմ, որը երաշխավորի էդ խոսակցության շարունակականությունը, որովհետև Ադրբեջանն ա՝ երկու անգամ խոսաց, ասաց՝ լավ, հոգնեցի, էլ չեմ խոսում։ Կամ անվտանգությունը և իրավունքները դարձան հանկարծ ինտեգրացիա, ինտեգրացիայից հետո դարձան մի հատ ուրիշ բան։ Ի վերջո ի՞նչ ա լինելու»։

Ստացվում է՝ Փաշինյանն ինքը առաջարկել է թեմա, որը համարում է ֆեյք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ