20 12 2023

ՏԵՂԵԿԱՆՔ № 8՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 8՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

 

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

07.06.2018թ․ – Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս 

Ելույթ – Եվս մեկ անգամ կոչ եմ անում շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են արտերկրում և ում նկատմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված. սիրելի բարեկամներ, եղբայրներ վերադարձեք Հայաստան, մեկնեք ժամկետային զինվորական ծառայության և հայրենիքի անվտանգության ձեր բաժին պատասխանատվությունն անպայման ստանձնեք։ Սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում որևէ՝ այդ թվում բանակից խուսափելու պատճառաբանությամբ։ Այստեղ վերադառնում են այսօրվա և ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության և սիրո զգացողությամբ։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք։

Իրական պատկեր – Թե քանի հոգի Նիկոլ Փաշինյանի կոչին անսաց, վերադարձավ Հայաստան և զորակոչվեց, չի հրապարակվել որևէ թվաբանություն։ Այս հայտարարությունից 5 տարի անց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ելույթին լրիվ հակառակ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ՝ առաջարկելով, որ բանակից խուսափած՝ 27 տարին չլրացած անձը 15 մլն դրամ վճարի և ազատվի բանակից ու քրեական պատասխանատվությունից։ Ըստ պատգամավորի հայտնած վիճակագրության, 2022 թվականի դրությամբ ունեցել ենք 10 հազարից ավելի քաղաքացիներ, ովքեր հետախուզվել են բանակում չծառայելու համար և այդ 10 հազար քաղաքացուց ընդամենը 420-ն են հայտնաբերվել կամ կամովին ներկայացել: Համեմատելով պատգամավորի հնչեցրած թիվը և Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․ հնչեցրած թիվը, կարելի է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևողներ չեն եղել, իսկ հակառակ պատկերը՝ բանակից խուսափելու դեպքերը, ավելացել են։

Ընդ որում, ուշագրավ է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում և կուսակցությունում կան բանակից խուսափելու բազմաթիվ դեպքեր․ բերենք մի քանիսը։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կրտսեր որդին բանակում չի ծառայել՝ նախ երկու անգամ ստանալով տարկետում ուսման համար, որից հետո երկու անգամ առողջապահական տարկետում, մինչև թեկնածուական ատենախոսությունը պաշտպանի։ Մինչ իր որդուն բանակից ազատելը, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր․ «Ուզում եմ՝ բանակում չծառայելն իրապես անհնար լինի, ծառայելը՝ պատվաբեր»։

Մամուլը վերջերս հրապարակեց, որ բանակում չեն ծառայել նաև ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդիները։ 

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պետք է զորակոչվեր բանակ 2018թ․ հեղափոխությունից հետո։ Այդպես էլ բանակ չգնաց, որին պատշաճ բացատրություն չտրվեց։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ինքը բանակ ծառայելուց խուսափել է ժամանակին, որի պատճառի մասին տարբեր վարկածներ են հրապարակվել՝ սկսած նրանից, որ տան 3-րդ որդին է եղել, այդ պատճառով ազատվել է, մինչև անգամ հոգեկան վիճակի խնդրով տեղեկանքի հիման վրա։ Այնուամնայնիվ, անկախ պատճառից, օրինական հիմքով, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը իր ժամանակին խուսափել է ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից։

 

07.06.2018թ․ – Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս 

 Խոստում - Կառավարության գործունեության համար ուղենշային է լինելու Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովումը։

Իրական պատկեր – Անվտանգության ապահովումը ցանկացած իշխանության թիվ 1 պարտավորությունն է՝ առանց խոստում տալու։ Այս խոստում-պարտավորությունը չկատարելը, սակայն, բավականին ծանր իրավիճակ է ստեղծել Հայաստանի համար։ 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսած՝ ադրբեջանական բանակը մի քանի անգամ ներխուժել է ՀՀ տարածք՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից և ընդհանուր առմամբ օկուպացրել շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրա արդյունքում ՀՀ բազմաթիվ գյուղերում մարդիկ քնում և արթնանում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ։ Սահմանից հաճախ է թշնամին գողանում հովիվների անասուններին, կրակոցների միջոցով չի թողնում գյուղացիները հող մշակեն: Կառավարության՝ 14․12․2023թ․ նիստում էլ աննախադեպ որոշում կայացվեց՝ Երասխից տեղափոխել օտարերկրյա ներդրումով կառուցվող գործարանը, քանի որ թշնամին չի թողնում կառուցել:

Հայաստանի սահմանից և երկրի ներսից բազմաթիվ քաղաքացիների ու զինվորների է առևանգել թշնամին։ Թշնամի երկրի զինվորները անարգել մուտք են գործում ՀՀ տարածք և շրջում մի քանի մարզում․ նրանցից մեկը Սյունիքում սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին և բռնվել քաղաքացիականների կողմից:

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող իր անվտանգութունն ապահովել և երաշխիքներ են ման գալիս արտերկրում։ Անվտանգության խոստում տված Նիկոլ Փաշինյանը վերջերս նաև հայտարարեց, որ կարող է և Հայաստան չլինի, բայց վստահեցրեց, որ հայ ժողովուրդը լինելու է։

Ներքին անվտանգությունը ևս ապահովված չէ․ լրահոսը, ոստիկանական հաղորդագրությունները ամեն օր մի քանի անգամ հայտնում են սպանությունների, կրակոցների մասին։ Քաղաքացիները զենքով իրենց հարցերն են լուծում երկրի ներսում։

 

16.09.19թ․, Ասուլիս Վանաձորում  

Խոստում - Այսօր ժողովուրդը կառավարության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա 5 տարին ռիսկեր չեն լինելու, իսկ դա օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակում։ Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլև 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չկա։

Իրական պատկեր - Համաձայն վիճակագրության, Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարման 5 տարիների ընթացքում գնաճը արդեն կազմել է շուրջ 30 տոկոս, ինչը աննախադեպ է։

 

20.10.2018թ․, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ 

Խոստում – Կոչ եմ անում վստահությամբ վերաբերվել Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին եւ օժանդակել հիմնադրամին գործունեության թափանցիկության, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում: Շատ կարեւոր է գումարների ծախսման մեխանիզմը, որովհետեւ թափանցիկությունն ամենակարեւորն է: Շատ կարեւոր է վստահության զգացումը, եւ հույս ունեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կհիմնվեն առաջին հերթին վստահության վրա:

Իրական պատկեր – Հայաստան համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը կարելի է չափել հանգանակություններով․ տարեկան մարաթոններով։ 2023թ․ հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է վերջին 6 տարիների ամենաքիչ գումարը՝ 8․4 մլն դոլար։ Այն էլ, ոչ թե այդքան գումար է հանգանակվել, այլ՝ գումարի խոստում, որի մի մասը կարող է և չկատարվել։ 

Սփյուռքի վստահության անկումը հիմնադրամի նկատմամբ կարելի է բացատրել մի շարք գործողններով՝ Արցախի հանձնում, որով, փաստացի, նախորդ հանգանակությունների արդյունքում կառուցված ամեն ինչ հանձնվեց թշնամուն։

Բայց վստահության դեֆիցիտի կարևոր հանգամանք է այն, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում հայության կողմից հանգանակված գումարների մեծ մասը՝ 107 մլն դոլար, կառավարությունը որոշմամբ պետական բյուջե մտցրեց, և մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ են արվել այդ գումարները։  

 

17.08.2018թ․, Հանրապետության հրապարակում հանրահավաք

Ելույթ - Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնում ե՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: 

Իրական պատկեր – 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի որոշ քայլերից, հայտարարություններից հետո շատերը նման գնահատական հնչեցրեցին, որ Նիկոլ Փաշինյանը եկել է (կամ բերվել է) Արցախը հանձնելու, Ցեղասպանության հարցի արծարծումից հրաժարվելու, հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար։

Ցեղասպանության ճանաչման մասով նա հայտարարել է, որ Ցեղասպանության հարցի շահառուն և արծարծողը Սփյուռքն է։

Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են պատմական ամենացածր նշաձողի վրա։

2020թ․ նոյեմբերի 9-ի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կազմում ճանաչեց Արցախի շուրջ 75 տոկոսը։ Իսկ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում, և 2023թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ ամբողջը։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա։ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը չի ներքաշվի գործողությունների մեջ, կլինի դիտորդի դերում և հանրությանը կտեղեկացնի, թե ինչ է կատարվում։ Մեկ շաբաթում Արցախի Հանրապետությունը հայաթափվեց։

 

Շարունակելի

 

Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 6–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 7–ը

 

Անցնել ամբողջ շարքին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ