12 12 2023

ՏԵՂԵԿԱՆՔ՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար․ Թողարկում 2

ՏԵՂԵԿԱՆՔ՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար․ Թողարկում 2

Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 1 –ը

Անցնել ամբողջ շարքին

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

20․07․2018թ․, մամուլի ասուլիս 

Խոստում - Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ:

13.11.2018թ․, Ելույթ Ազգային ժողովում․ «Վերին Լարսին այլընտրանք ստեղծելը մեզ համար սկզբունքային խնդիր է, բայց այդ պրոցեսում մենք բանակցային կողմ չենք: ․․․Մենք մեր վրացի և ռուս գործընկերների հետ անընդհատ շփումների մեջ ենք: Անընդհատ այդ խնդիրը բարձրացնում ենք, մեր կառավարության ներկայացուցիչն անընդհատ պրոցեսի մեջ է»։

25.05.2018թ, Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Կարող ենք արձանագրել ևս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար: Երեկ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ: Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի: Համաձայնագրի իրականացման մասին ենք նաև զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ»:

Իրական պատկեր - Հայաստանը Վերին Լարսին այլընտրանք չի գտել։ Իսկ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը օրերս հայտարարեց, որ այլընտրանքը Ադրբեջանն է․ հենց կնքվի խաղաղության պայմանագիր, և սահմանները բացվեն, հիմնական բեռնափոխադրումները տեղի կունենան այդ երկրի տարածքով։

 

17.08.2018թ․, ելույթ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ

Խոստում - Վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը: Եվ ասում եմ՝ այսօր Հայաստանում չկա′ բանանի մենաշնորհ, չկա′ բենզինի մենաշնորհ, չկա′ ոչ մի բանի մենաշնորհ։

Իրական պատկեր -

բանան - Այդպես էլ փաստեր չներկայացվեցին, թե Հայաստանում եղել է բանանի մենաշնորհ։ Ներմուծողների քանակը գրեթե փոփոխություն չի կրել։ Իսկ բանանի գինը բավականին հաճախ գերազանցում է 700 դրամը։ Նշենք, որ 2018 թվականին, երբ բանանի գնից դժգոհում էինք, 700-800-ի միջակայքում էր լինում։

Շաքարավազ – Այս շուկայում ներկրման շուրջ 95 տոկոսը պատկանում է նույն ընկերությանը, որը կար մինչև 2018 թվականը։

Բենզին – Բենզինի շուկայում ավելացել է մեկ խոշոր ընկերություն, ևս մեկ խոշոր ընկերության սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել, որի արդյունքում այն գնել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին կամ նրա ընտանիքին պատկանող ընկերությունը։ Սակայն այս ամենի արդյունքում Հայաստանում բենզինի գինը աննախադեպ աճել է։ Մասնավորապես, 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «վերացրել է բենզինի մենաշնորհը», բենզինի մեկ լիտրն արժեր 470 դրամ, համաձայն ՏՄՊՊՀ-ի զեկույցի, իսկ այս պահին 530-570 դրամ է։

Այսինքն՝ ի՞նչ արհեստական մենաշնորհ է եղել երկրում և ո՞ր մենաշնորհն է վերացվել, անհասկանալի է։ Փոխարենը, նշենք, որ Հայաստանում կա իշխանության մենաշնորհ՝ մեկ անձի իշխանության տեսքով։

 

29․11․2018թ․, ելույթ խորհրդարանական արըտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ

Խոստում - Հայաստանի ռազմական բյուջեին գալիք 5 տարում ևս 2.5 մլրդ դոլար կավելանա: 

Իրական պատկեր - Այս հայտարարության տարում Հայաստանի ռազմական բյուջեն կազմում էր 524 մլն դոլար։ Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2023 թվականի ռազմական բյուջեն պետք է կազմեր 3 մլրդ դոլար։ Սակայն կազմեց ընդամենը 1 մլրդ 240 մլն դոլար։ Փաստենք, որ 2018 թվականին դոլարի փոխարժեքը շատ ավելի բարձր էր, քան 2023 թվականին․ այսինքն՝ ռազմական բյուջեն ավելացել է ավելի փոքր չափով։ Մասնավորապես, 2017 թվականին՝ 2018թ․ բյուջեն կազմելիս, դոլարի փոխարժեքը 482,7 դրամ էր, իսկ 2022 թվականին՝ 435,7 դրամ, 47 դրամով պակաս։ Իսկ 2024 թվականի ռազմական բյուջեն 2023 թվականի համեմատությամբ, ավելի է ընդամենը 7 տոկոսով։ Փաշինյանի հայտարարությունից 5 տարի անց, խոստումը չի կատարվել անգամ կիսով չափ։

 

17.04.2019թ․, ելույթ խորհրդարանում

Խոստում - Մենք իշխանություն կենտրոնացնելու, պահելու, ճանկռելու, կրծելու, գրկելու խնդիր չունենք։ Մենք ժողովրդի վստահության քվեով կառավարություն ենք հիմա, վաղը ժողովրդի քվեով կարող է չլինենք կառավարություն։

Իրական պատկեր – 2020թ․՝ ժողովրդի համար անսպասելի պարտությունից հետո (ամեն օր հայտարարվում էր, որ հաղթում ենք) Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ կառույցներ, անհատներ, հանրությանը հայտնի բազմաթիվ անձինք, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, անգամ ՀՀ նախագահն ու կաթողիկոսը, բանակի բարձրաստիճան սպայակազմը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա հրաժարական չտվեց։ Ավելի ուշ տվեց հրաժարականը, սակայն իշխանությունը պահեց իր ձեռքում և ինքը կազմակերպեց, անցկացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Զանազան բռնաճնշումների միջոցով կարողացավ 2021 թվականի հունիսյան արտահերթ ընտրությունների արդյունքում վերարտադրվել։

2022-2023 թվականներին մի շարք համայնքներում, որոնցում տեղական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել էր, կարողացան կալանավորումների, քրեական գործերի ու քրեական տարրերին գործի դնելու միջոցով հասնել կրկնակի ընտրությունների և հաղթանակի։ Մի շարք համայնքներում էլ, օրինակ՝ Վանաձոր, Ալավերդի և այլն, որոնցում պարտվել էին, տեղի ունեցավ համայնքապետի պաշտոնի խլում, Վանաձորում՝ ընտրված քաղաքապետին կալանավորելու, Ալավերդիում՝ ձայնագողության արդյունքում անվստահություն հայտնելու միջոցով։

Իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է ժողովրդի ցասումից իշխանությունը պահել միայն ոստիկանական բիրտ ուժի արդյունքում։

 

20.07.2019թ․, գրառում՝ ֆեյսբուքյան էջում

Խոստում - Մենք պատրաստվում ենք կատարել աղետի գոտու բնակիչների նկատմամբ պետության ունեցած բոլոր պարտավորությունները:

Իրական պատկեր - Աղետի գոտու բնակիչներին բնակարաններով ապահովման հարցը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում շատ է շահարկվել։ Վերոհիշյալ խոստումը տալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետությունը ոչ բոլորի նկատմամբ ունի պարտավորություններ։ Հիշեցնենք մի քանի հայտարարություն․ 

2019թ․ սեպտեմբերի 16․ «Օրինակ մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, և հիմա ապրում  է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞»։

2019թ․ դեկտեմբերի 6․ «Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից: Ընդ որում, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նակտմամբ պետությունն ունի պարտավորություն․․․»:

2019թ․ դեկտեմբերի 7․ «Մարդ կա ստացել ա փողը, տունն առել ա ու վաճառելա ինչ-ինչ պատճառներով ու հիմա չունի: Էդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի»։

Փաստացի՝ մինչև 1998 թվականը աղետի գոտու վերականգնման համար գումար չի հատկացվել։ 1998-2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով: Այդ տարիներին պետական բյուջեի աջակցությամբ գործարկվել է բնակարաների գնման ծրագիրը, որի շնորհիվ հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, սկսեց զարգանալ մանր և միջին ձեռնարկատիրությունը: 1998-2006 Շիրակի մարզում գործարկվել են մի շարք հանրակրթական հաստատություներ` ընդհանուր 13101 աշակերի համար, վերականգնվել են հանրակրթական հաստատություններ՝ շուրջ 4000 աշակերտի համար: Երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ մի շարք բարեգործական խոշոր ընկերություններ միացել են աշխատանքին՝ նպաստելով նոր շենքերի ի հայտ գալուն: Ամբողջությամբ վերակառուցվել է Սպիտակը։

2008-2017 թվականներին բնակարանային խնդիրները լուծելու համար հատկացվել է 65 միլիարդ դրամ։ 2018 թվականին իշխանության եկածներին մնացել էր լուծելու 5396-ից ընդամենը 453 ընտանիքի տանիքի ապահովման հարցը։ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր 2020 թվականին ամբողջությամբ խնդիրը լուծել։ Այս տարի՝ 07․12․2023 թվականին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հայտնել է, որ այս պահին Գյումրիում դեռ  մոտ 2600 տնակ կա, որից 2002-ում մարդիկ բնակվում են, իսկ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում դեռևս հաշվառված 1016 ընտանիք կա։ Ըստ էության, ընտանիքների թվի մեծացումը պայմանավորված է երկրաշարժի հետևանքով անտուն մնացածների սերունդների ճյուղավորմամբ։

 

05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Խոստում - 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը նոր իրողություններ է հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Հասկանալիորեն, Հայաստանում այս նոր իրողությունները պետք է իրենց ուղղակի ազդեցությունն ունենան Սփյուռքի և Արցախի կյանքի վրա։

Իրական պատկեր - Այս խոստումը կարելի է համարել կատարված, որովհետև իրոք, Հայաստանում կատարվողը իրական ազդեցություն ունեցավ թե՛ Արցախի համար, որը պարտվեց և կապիտուլացվեց, իսկ վերջում ամբողջությամբ հանձնվեց թշնամի Ադրբեջանին, թե՛ Սփյուռքի վրա մեծ ազդեցություն ունեցավ։ Սփյուռքը ավելի մասնատված և Հայաստանի հետ կապը այսքան կորցրած դեռ չէր եղել։ Հայությանը հայտնի, ակտիվ մի շարք փյուռքահայերի մուտքը Հայաստան արգելված է, Հայաստանյան որևէ կարևոր իրադարձություններում հաշվի չի առնվում Սփյուռքի կարծիքը։

Հավելենք, որ Սփյուռքի բազմաթիվ օջախներ միասնաբար պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրա այցերը հայկական համայնքներ սվիններով են ընդունվում, տեղի են ունենում բողոքի ակցիաներ, իսկ հանդիպումներին հաշված թվով մարդիկ են, որոնք էլ, սովորաբար, բերվում են տարբեր քաղաքներից, անգամ՝ երկրներից, մեծ դժվարություններով։ Բերենք ընդամենը մեկ օրինակ՝ 2023թ․ հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանն Այցելել էր Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնև, որի ժամանակ հաղորդագրություն տարածվեց, թե հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Մոլդովայի Հանրապետությունում հայկական Սփյուռք»-ի նախագահ Վեներա Գասպարյանը Yerevan.Today-ին հայտնել էր, որ հանդիպումը համայնքի հետ կազմակերպվել է ժամկետների փոփոխությամբ, որպեսզի իր նկատմամբ վատ կարծիք ունեցող սփյուռքահայերը չմասնակցեն հնդիպմանը։ Արդյունքում, հանդիպման մասնակիցների մեծ մասը բերվել էր Ուկրաինայից, Մերձդնեստրից և այլն։

 

Շարունակելի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ