Նախօրեին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդադարձավ 10 մլն ծառատունկով Հայաստանը անտառածածկ դարձնելու իր երազանքին և հայտարարեց 2020 թվականի 10 ամսվա 10-րդ օրը 10 միլիոներորդ ծառ տնկելու ֆլեշմոբի մասին, նույն ժամանակահատվածում ոչ հաճելի զուգադիպությամբ տեղեկություններ ստացվեցին Փաշինյանի եղբոր՝ Արտակ Փաշինյանի կողմից ապօրինի ծառահատման դեպքի մասին:
Պարզվում է՝ դեռ անցած տարի՝ հունիսի 1-ին, երբ վարչապետ Փաշինյանը ընտանիքով գնացել է Իջևան`«Ապագա ռեզորթում» իր ծննդյան տարեդարձը նշելու, հյուրանոց չհասած՝ ճանապարհին ֆիքսել է հատված մի քանի ծառի կոճղեր ու աղմուկ է բարձրացրել:
Վարչապետին ուղեկցող կորտեժը կտրուկ արգելակել է մեքենաները, YerevanToday-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ Փաշինյանը խիստ զայրացած տոնով պահանջել է, որ տվյալ գյուղի՝ Ենոքավանի գյուղապետը մոտենա: Գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանին րոպեներ անց «բերման են ենթարկում», սակայն վերջինս հրաժարվում է ծառահատի անունը տալ՝ պատճառաբանելով, «որ ծառերը Ենոքավանի վարչական տարածքում չէին, հետևաբար ինքը չի կարող Սևքարի անտառային տարածքում հսկողություն իրականացնել»:
Ստիպված դիմում են «Ապագա ռեզորթի սեփականատիրոջը․ նա ևս խուսափում է «չարագործի» անունը տալ․ փոխարենը հուշում է դիմել տարածքի փայտահատներին, գուցե նրանք ինֆորմացիա ունենան:
Ու մինչ վարչապետի մոտ կբերեին Իջևանի հայտնի փայտահայտներին, ասում են, «շուխուռն» ընկնում է գուղով մեկ։ Դեպքի վայր է ժամանում վարչապետի եղբայր Արտակ Փաշինյանը, ով, ի դեպ, աղբյուրի պնդմամբ, հենց փնտրված «չարագործն» է լինում իրականում: Բայց Փաշինյան Արտակը, ասում են, նկատելով վարչապետ եղբոր զայրույթը, սկզբում նախընտրել է լռել: Ասում են՝ վախից չի խոստովանել, որ ինքն է ապօրինի ծառահատման հեղինակը, և որ ինքն է ցանկապատել «Հայանտառի»՝ «Սևքարի» պահպանվող տարածքից մի կտոր հողամաս, ենթադրաբար՝ բնության գրկում ուտել-խմելու մի օբեկտ կառուցելու նպատակով:
Դառը ճշմարտությունը, ի վերջո, վարչապետին հայտնում են վերջինը դեպքի վայր ժամանած փայտահատները, դեռ մի քանի բան էլ ավել են միամտաբար պատմում՝ խմբված տղամարդկանց, այդ թվում՝ Արտակ Փաշինյանի ներկայությամբ:
Հանգամանորեն պատմել են, թե ինչպես է նախորդ տարի ապօրինաբար զավթված տարածքը «խլվել» ոմն մսավաճառ Հայկի ձեռքից (թեև նա էլ տարիներով չէր փաստաթղթավորել), որպեսզի պատգամավոր Սիփանի հայրը Իջևանի բնության գրկում իր էկոտուրիզմի տարածքն ունենա, որ մի խորովածանոց սարքի քեֆ անողների համար:
Վարչապետը տհաճ անակնկալից հետո, ասում են, վրդովվում է ու իր ոճի մեջ կշտամբում եղբորը։ Քննադատում է նաև մյուսներին, որ թույլ են տվել իրենց քթի տակ ծառեր հատեն ապօրինաբար: Հետո վրդովված բողոքում է բախտից, թե այդ ինչպես է ստացվում, որ հարազատներն ու բարեկամները թիկունքից հարվածում մարդկանց, մինչդեռ ինքն ամեն անգամ իր ելույթներում վստահորեն հայտարարում է, որ թույլ չի տա բարեկամին ապօրինություն անել, չի հանդուրժի անգամ սեփական ընտանիքի անդամի ապօրինությունը:
Որքանո՞վ է Արտակ Փաշինյանն ընդունել, որ իր մատն է խառը անտառի տարածքն ապօրինի զավթելու ու ապօրինի ծառահատման դեպքի հետ, չկարողացանք նրա հետ կապի դուրս գալ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Նշենք, որ նրա որդու՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ ևս զրուցել չհաջողվեց, քանի որ վերջնս՝ իր զինծառայության անցյալի հետ կապված խիստ տարօրինակ դասավորումների մասին մեր հայտնի հրապարակումից հետո չի պատասխանում YerevanToday-ի զանգերին առհասարակ:
Այդուհաներձ, նկատենք, ամենաուշագրավն այս ամբողջ բնապահպանական դրամայի մեջ, ամենևին էլ Փաշինյան եղբայրների հակադրությունը չէ, ոչ էլ բոլորի ներկայությամբ եղբորը կշտամբելը՝ հանուն արդարության։ Այլև այն, որ այս միջադեպը ծայրից ծայր հետագայում ձևախեղվել է ինչ-որ միտումով ու վարչական վարույթի գրանցամատյաններում արձանագրվել է բոլորովին այլ անձի կողմից իբր թույլ տրված ապօրինություն:
YerevanToday-ը պարզեց, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնում այս ամբողջ պատմությունն արձանագրել է ոմն Էդգար Չիբուխչյանի անունով, ըստ որում՝ այնպես, որ ապօրինի ծառահատման հետևանքով բնությանը հասցված վնասը հնարավորինս նվազ չափով երևա, այնքան աննշան, որ մարդիկ չֆիքսեն, ու հետագայում փաստը չդառնա արժեքավոր ինֆորմացիա՝ որևէ աչքի կամ ականջի համար։ Այսինքն, արձանագրվել է խախտումն այնպես, որ հնարավորինս ապահովագրեն իրենց հետագայի համար:
Մինչ Էդգար Չիբուխչյանի անձի կարևորությանն ու Փաշինյանների հետ նրա կապին անդրադառնալը, ընդգծենք ևս մի հետաքրքիր զուգադիպություն.
Այս միջադեպից հետո, պարզվում է, պաշտոնանկ է արվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Առաքելյանը: Արդյո՞ք կապ կա այս երկու իրադարձությունների միջև, պաշտոնապես հաստատումը չստացանք, սակայն մեր աղբյուրի պնդմամբ՝ ուղիղ կապ է եղել:
Փորձեցինք մսավաճառ Հայկին գտնել՝ պարզելու՝ որքանով է այդ հողատարածքը նախկինում իրենը եղել և ի՞նչ հիմունքներով է փոխանցվել վարչապետի եղբորը՝ Արտակ Փաշինյանին, թեկուզ Էդգար Չիբուխչյան անունով անձին։ Առայժմ Հայկի հետ կապ հաստատել չհաջողվեց: Իջևանցիները պատմեցին, որ Գետահովտցի Հայկը, որին Իջևանում որպես մսավաճառ Հայկ են ճանաչում, այդ տարածքը պապական ընտանիքով դեռ տասնյակ տարիներ առաջ է իրենով արել։ Առանց թուղթ ու բարաթի շահագործել են, համ էլ տիրություն են արել, թեև, ընդգծում են, չունի փաստաթղթավորված հիմք: Ասում են՝ ժամանակին մարզպետ Արմեն Ղուլյանն է մսավաճառ Հայկին հովանավորողը եղել:
Իսկ ո՞վ է Փաշինյանների համար այդքան վստահելի Էդգար Չիբուխչյանը ...
Ինչու՞ են վարչական ակտի մասով պայմանավորվածությունը ենթադրաբար նրա հետ ձեռք բերել։
Իջևանցի Էդգար Չիբուխչյանը, որ ապրում է հենց Ենոքավան գյուղում, պարզվում է, Նիկոլ Փաշինյանի խորդ մոր եղբոր տղան է: Հասարակ ընտանիքից մի «ռամիկ» է Էդգարը, համեստ երիտասարդ, ով ձեռքին ոչ գործ ունի, ոչ ձեռնարկատեր է դարձել: Ասում են՝ զբաղվում է հողագործությամբ:
Yerevan․Today-ի զանգը անսպասելի էր Էդգարի համար, խառնաշփոթի մեջ հազիվ մի քանի բան ասաց, ու երբ Արտակ Փաշինյանի անունը լսեց, անմիջապես անջատեց հեռախոսը՝ թույլ չտալով իրենից միջադեպի առնչությամբ պարզաբանումներ լսել:
- Իսկ չի՞ լինի մենք իրար տեսնանք, դեմ առ դեմ խոսենք, թե չէ՝ տհենց ես չեմ հասկանում դուք ինչերից խոսում...
Ամեն դեպքում, Սևքարի անտառային տարածքում ցանկապատե՞լ եք տարածք:
Հա, ուզեցել եմ վարձակալեմ հողատարածք։
Անցած տարի էր դա՞։
Այո...
Եվ ի՞նչ եղավ հետո...
Դե..․ ես դիմումս ներկայացրել եմ ու ես դրանով էլ չեմ զբաղվում...
Ւնչո՞ւ, ո՞վ է զբաղվում Ձեր փոխարեն
Թողել եմ կիսատ, ժամանակ չունեի:
Այդ դեպքում ո՞վ է ցանկապատել այդ տարածքը:
Չգիտեմ, չեմ էլ տեսել սկի:
Բայց տեսչականի կողմից Ձեր վարչական ակտը, փաստորեն, ապօրինի տարածքը զավթելու համար էր, այդպես չէ՞։
Այո, 185 հազար դրամ:
Բա ապօրինի ծառահատումը, դա է՞լ էիք դուք արել:
Ես ապօրնի ծառեր չեմ հատել, մի տխլի եմ կտրել ու մի ուղիղ ճանապարհ եմ սարքել:
Իսկ ինչու՞ էիք մինչև Հայանտառ ՊՈԱԿ-ին դիմելը ապօրիաբար այդ ամենն անում:
Դե.. չգիտեմ , տհենց ա ստացվել...
Իսկ Ճի՞շտ են պնդումները, որ իրականում դուք չեք այդ ապօրինությունների հեղինակը, պարզապես դուք վերցրել եք ձեր վրա և ձեր անվամբ է գրվել վարչական ակտը:
Չէ, ես էլ արել եմ, անձամբ ես ..
Վարչապետի եղբոր՝ Արտակ Փաշինյանի անունն է հոլովվում:
Չէ, չէ, Արտակը վաբշե դրա հետ կապ չունի:
Իսկ ի՞նչ էիք պլանավորում կառուցել այդ հողատարածքում և ինչո՞ւ չկառուցեցիք:
Հուշաղբյուր պիտի սարքեի և վերջ... հորս հիշատակին նվիրված։
Իսկ ներկայում այնտեղ տեղադրված «բեսեդկան» ի՞նչ նպատակով է դրվել...
Էդգար Չիբուխչյանն ընդհատեց մեր զրույցը և հեռախոսն անջատելուց հետո ինչ-որ մեկին զանգեց, հավանաբար։ Նրա հեռախոսը երկար ժամանակ զբաղված էր ցույց տալիս։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հարցում էինք ուղարկել՝ պարզաբանելու համար, թե նշված ժամկետում բնապահպանական իրավախախտման ի՞նչ դեպքով է կազմվել վարչական ակտ՝ Արտակ Փաշինյան կամ Էդգար Չիբուխչյան անձանց անուններով: Գերատեսչությունից ստացված պատասխանը, կարելի է ասել, հաստատում է գրեթե մեր ամբողջ տեղեկատվությունը՝ անձերի, ժամկետների, տարածքի ապօրինի զավթման ու ծառահատման մասով:
2019 հունիսին իրականացվել է վարչական վարույթ, որի շրջանակներում պարզվել է, որ Էդգար Չիբուխչյանը Հայանտառ ՊՈԱԿ-ի Սևքարի անտառտնտեսության «Փույլեկ» կոչվող տարածքում ապօրնի հատել է 2 հատ 12 սմ տրամագծով տխլենի տեսակի ծառ, որից մեկն արմատախիլ է արվել։ Իչպես նաև իր գործողություների արդյունքում տարածքում 620 քմ մակերեսով առաջարցրել է հողի դեգրադացիա։ Նաև նույն տարածքում ապօրինի շինությամբ զբաղեցրել է 12 քմ մակերես տարածք։ Վարչական վարույթի գործի քնությամբ հիմնավորվել է, որ Է. Չիբուխչյանի կողմից Բնությանը պատճառած վնասի ընդհանուր չափը կազմում է 135 հազար 332 դրամ, և ևս 50 հազար դրամ։ Շարունակելով թեման՝ գերատեսչութունը տեղեկացնում է նաև, որ նույն ժամկետում Էդգար Չիբուխչյանի կողմից վարած ավտոեքենայում ոստիկանությունը հայտնաբերել է 2,8 խմ վառելափայթ՝ բոխի ծառատեսակից։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը