Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Դատական գործը քննելու է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։ 3-րդ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Դատարանի դիմաց ակցիա են անում ՀՀ երրորդ նախագահի աջակիցները։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը