15 11 2018

Մեր բարի համբավը փորձում են արատավորել․ «Գազպրոմ Արմենիա»



ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները։

Ընկերությունը հանդես եկավ հրապարակային հերքմամբ։ Այնուհետև մամուլի ասուլիս կազմակերպեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ հերքելու համար մեղադրանքները։

Նա ասաց, որ ասուլիսին հրավիրել են նաև ՊԵԿ համապատասխան աշխատակիցներին, որոնք չեն եկել։

Ըստ տնօրենի՝ իրենք խոշոր հարկատու են, մշտապես իրենց գործունեությունը ծավալել են հարկային օրենսդրությանը համապատասխան, ինչի արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստացել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր: ՊԵԿ-ի մեղադրանքները համարելով անհիմն՝ ասաց, որ ձմռանը կորուստներն ավելի բարձր են, քան՝ ամռանը: Դա ոչ միայն 2018թ.-ին է այդպես եղել, այլև՝ մյուս տարիներին: Դա եղել է և լինելու է, ինչն իր պատճառներն ունի։

Այնինչ ՊԵԿ-ն ամռան ամիսները համեմատել են ձմռան հետ, ինչն անթույլատրելի է:

«Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարն անթույլատրելի է համարում նաև առանց իրենց հետ քննարկելու, հաշվարկել-վերլուծելու հաղորդագրությամբ հանդես գալը։ «Սրանից վատ հետևանքներ են լինելու: Ես պետք է պայքարեմ, իմ ճշտի համար պայքարելու եմ բոլոր ատյաններում: Հակահիմքերը կպատրաստենք ու կպաշտպանենք մեր բարի համբավը: Կա շահագրգռվածություն խնդիրը բերելու «Գազպրոմի» դաշտ: Չեմ կարողանում հասկանալ՝ նպատակը որն է»,- ասաց Հրանտ Թադևոսյանը:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ