Երբ նայում ենք, թե էս պահին ինչքան խնդիրների մեջ է թաղվել Հայաստանը, տպավորություն է, որ դրանք շատ ավելի շատ են, քան պատերազմի ու բազմաթիվ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանինը։
Ամենմեծ խնդիրներից մեկը հետևյալն է․ Հայաստանն այսօր հայտարարեց, որ ինքը գնալու է Ադրբեջանի հետ խաղաղություն ստորագրելու ինչ էլ որ լինի, պարտադրելու են խաղաղություն, եթե անգամ Ադրբեջանը խանգարի դրան։ Ադրբեջանն ուղարկել է 5 կետանոց պահանջ այդ խաղաղուցթյան համար, ինչպես է ինքը պատկերացնում։ Հայաստանն այդպես էլ չասաց, թե 5 կետերը որոնք են, դա հերթական բանն է, որ իմացանք Ադրբեջանից։ Ադրբեջանը պահանջում է ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ ողջ Արցախով, Հայաստանի այն տարածքներով, որտեղ մտել են ու դուրս չեն գալիս։ Պահանջում է դելիմիտացիա-դեմարկացիա, որը վստահաբար լինելու է Հայաստանի տարածքների նեղացմամբ, մյուսը այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է։ Ադրբեջանն ամեն օր կրակում է սահմանին, ունենք զոհ, ունենք վիրավորներ, Արցախում կրակում է, գյուղերի հարևանությամբ ծանր տեխնիկա է կուտակել։ Հայաստանի ղեկավարն ասում է՝ այս ամենի նկատմամբ վերաբերմունք, կարծիք չհայտնենք, ասում են մեզ ամեն գնով խաղաղություն է պետք ու հենց դրանով, էդ վախով համաձայնում են Ադրբեջանի պահանջներին։ Ասում ենք՝ զոհ ունենք, կրակոց ունենք, Հայաստանի նոր նախագահն ասում է՝ հետո՞ ինչ։ Ադրբեջանցիներին հրավիրում էին չայ խմելու, հիմա էլ Ադրբեջանը չայ է արտադրում, տուփի վրա՝ Երևանը, Սևանը։
Հաջորդ խնդիրը շատ կապված է այս այսպես կոչված՝ հայ-թուրքական հաշտեցման հետ․ դա էլ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումն էր։ Պրոտոկոլային նկարահանումները նայելով, երկու երկրների առաջին դիվանագետների ժպիտները նայելով, ես այդպես էլ չհասկացա, թե Հայաստանի շահը ներկայացնողն այդտեղ ով է։ Ընդամենը մեկ տարի առաջ թուրքական բայրաքթարերը կոտորում էին հայ զինվորներին, Արարատ Միրզոյանը բերանը բացել՝ ծիծաղում էր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը։ Թուրքիայի հետ հարաբերություններ են կարգավորում, անունը դրել են առանց նախապայմանների, բայց էլ նախապայման չկա, որ սրանք չեն կատարել։ Ընդ որում՝ Հայաստանի հետ հարաբերություն կարգավորողները անգամ Արարատ անունն էին սխալ գրել, որ հանկարծ Մասիս սարի հետ չասոցացվի։ Ի՞նչ էին նրանք քննարկում․ Ադրբեջանը խաղաղության համար կետեր է թելադրում, Թուրքիան ասում է՝ Հայաստանը պետք է ընդունի այդ խաղաղության օրակարգը, ու դեռ դա նախապայման չէ՞։ Ռուբինյանի հետ շփվող թուրքական բանագնացը որերորդ անգամ է Ադրբեջան գնում, միասին են որոշում ինչ անել, մեր կողմից ո՞վ է դիվանագիտական էդ հանճարը, Նիկո՞լը։ Հայաստանի կողմից բանակցում է մարդ, որը հենց առաջին հանդիպումից հալվել էր թուրքական ժպիտներից, մարդ, որին ասում են՝ թուրքական գործակալ է։
Մյուս խնդիրը․ Արցախում պարզապես հումանիտար աղետ է։ Ադրբեջանը վնասել է Արցախ մտնող գազատարը, ու գազ չկա։ Խորհուրդ էին տալիս հոսանք քիչ օգտագործել, պարզվում է՝ հոսանք էլ համարյա չկա։ Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը․ պարզապես ասում է փաստերն արձանագրենք ու գնահատական չտանք, Ադրբեջանին բան չասենք։ Ի՞նչ են անում Արցախի իշխանությունները։ Հայտարարում են՝ Ադրբեջանն ուզում է հայաթափել Արցախը։ Ընդամենը արձանագրում է, որ գազ չկա, լույս չկա, 100 հազար մարդ զրկված է տարրական պայմաններից, այ էտ սրիկա ադրբեջանցիները։ Չէ՞, լու՞րջ։ Բա դուք ինչի՞ համար եք Արցախի իշխանություն։ Արայիկ Հարությունյան, ինչի՞ ես նախագահ, երդվել ես հանուն Արցախի կյանքդ էլ տալ, բյուջե ունես, միլիոնատեր էլ մարդ ես, նախաձեռնի Հայաստանից հոսանքի գծեր տար Արցախ։ Ձեր համար հանգիստ նստել եք, ասում եք՝ անհնար է։ Ի՞նչն է անհնար։ Արցախում պատերազմի ամենաթեժ պահին՝ 1993 թվականին, Արցախի իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ էին անում, գիտե՞ք, հա՛մ պատերազմ էին մղում, հա՛մ զուգահեռ համալսարան էին բացում, զուգահեռ Հայաստանից հոսանք էին քաշում՝ բարձրավոլտ, Արցախում հեռուստատեսություն էին բացում, որ մարդիկ հա՛մ տարրական պայման ունենան, հա՛մ կրթվելու հնարավորություն ունենան։ Կարող էին, չէ՞, ասել՝ Ադրբեջան կրակում է, խափանում է ու ոչ մի բան չանեին։ Եթե 93 թվականի պատերազմի ծանր ժամանակ հնարավոր էր, հիմա ինչի՞ հնարավոր չէ, շուրջբոլորդ խաղաղապահներ են։ Փոխանակ կոնկրետ քայլեր անեն, ասում են՝ ճնշեք Ադրբեջանին։ Ո՞վ պետք է ճնշի, ՔՊ-ական խորհրդարանական դիվանագիտությո՞ւնը։ Ռուբինյա՞նը, Միրզոյա՞նը, թե՞ Ալենը՝ աներձագ Հրաչի հետ։ Էդքան ճնշողի նման ե՞ն։
Արցախի ՊՆ-ն ի՞նչ է անում, դրել արձանագրում է, թե որ գյուղի վրա քանի կրակոց է ընկել։ Ինչի դուք վիճակագրության համար ե՞ք։ Տպավորություն է, որ էս ամենը, մտնում է այդ հայաթափման ծրագրի մեջ։ Չեմ զարմանա, որ վաղն էլ արդեն հոսանք ու գազ ստանան Արդբեջանից։ Ու արդեն կասկածներ ունեմ, որ սրանք համատեղ քայլեր են՝ Ադրբեջանի հետ։ Էն ժամանակ դիտմամբ բերին մի վիճակի, որ ասեն՝ ժողովուրդ էս ա՝ ուզած-չուզած ստորագրեցի կապիտուլյացիա, հիմա էլ բերում են մի վիճակի, որ ասեն ժողովուրդ էլ ճար չկա, պետք է Ադրբեջանի 5 կետերը ընդունենք։ Իսկ մարդիկ լքում են երկիրը, հայաթափվում է Արցախը։ Իսկ որ էնտեղ հայ չմնաց, ուրեմն խաղաղապահ էլ չի մնա, մնա ի՞նչ անի, և ուրեմն հայկական բան էլ չի մնա։
Երկրին ու ժողովրդին թողել է Արայիկ Հարությունյանը առանց լույս ու գազի, եկել է էստեղ, մասնակցում է Վահագն Խաչատրյանի երդմնակալությանը, մի մարդու, որին ասում են՝ սահմաններից կրակում են, զոհ ունենք, պատասխանում է՝ «հետո՞ ինչ»։ Մենք էլ պետք է ասենք նոր նախագահ ունե՞նք։ Վահագն Խաչատրյանը մեր երկրի նոր նախագահն է՞, ժողովրդի մատից փուշ է հանելո՞ւ։ Ո՞վ է հավատում․․․ Վստահ եմ՝ անգամ ինքը չի հավատում։
Հաջորդ խնդիրը․ մտել ե՞ք խանութներ, նայել ե՞ք ախպրանքի գները։ Մարդիկ իրար գլուխ են ջարդում, ինչ կա՝ կրում-տանում են․ ալյուր չկա, ձեթ չկա, շաքարավազ չկա, ինչ էլ կա՝ ահավոր թանկ է ու էլի թանկանում է։ Մարդկանց ասում են՝ պահեստները լիքն են․ բա լավ, ինչի՞ է թանկանում։ Հակամրցակացային հանձնաժողովի նախագահն ասում է՝ շաքարավազի գինը ուզում է թող 800 դրամ լինի, մենք ոչինչ չենք կարող անել։ Բա որ դու իշխանություն ես, բան չես կարողանում անել, ժողովուրդն էլ ստիպված պետք է խանութը դատարկի, քանի պեսոքի գինը 2 հազար չի եղել։ Մարդկանց հանգստացնելու փոխարեն Նիկոլը խոսում է գնաճային երկրաշարժից։ Մի տատիկ կար, ասում էր՝ թեկուզ հացը դառնա 1000 դրամ, բայց թող Նիկոլը նմնա իշխանության․ ես չգիտեմ հիմա էդ տատիկն ուտելու հաց ունի՞, թե չէ, բայց հացը հեսա դառնում է 1000 դրամ, Նիկոլն էլ վարչապետ է, պետք է որ գոհ լինի։ Միակ էժան բանը մնացել է Նիկոլի սիրած կանաչին, դե ինչ, միսը թանկացել է, կարագը, պեսոքը թանկացել են, ալյուր չկա, խառը կանաչի կերեք։
Խնդիրները սրանով, բնականաբար, չեն սահմանափակվում։ Լավ, բայց ի՞նչ է անում իշխանությունը, շոուներ, միայն ու մի՛այն շոուներ, թատերական ներկայացումներ․ բեմադրում է կառավարության նիստ, բեմադրում է ԱԺ նիստ, բեմադրում է նախագահի ինաուգուրացիայի թատրոն։ Սրանք պետք է գիշեր-ցերեկ աշխատեին, փորձեին մի բան անել, կարգավորել էս վիճակը, բայց ինչո՞վ են զբաղված։ Արցախից ենք խոսում, իսկ Հայաստանում իշխանություն կա՞։ Երբ Նիկոլենք եկան իշխանության, Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում էր, դա շատ մեծ նվեր էր իրենց, իսկ հիմա ամենվտանգավոր երկրների մեջ է։ Եթե էն ժամանակ վարի տվին, հիմա՞ ինչ կանեն։
Կարճ ասած՝ սա, ժողովուրդ, հենց այն է, ինչը խոստանում էր Նիկոլ Փաշինյանը՝ չագուչը ձեռքին՝ գյուղ առ գյուղ ման գալով։ Սա իրենց խոստացած ապագան է։ Սրանք իրականում սա էլ խոստանում էին։ Ու գիտե՞ս ում ես ձայն տվել, իմ միամիտ քաղաքացի․ մարդկանց խմբակի, որոնք ի վիճակի չեն էս պետության համար մի լավ բան անելու։ Ոնցոր 36 համար հագնողին տաս 46 համարի կոշիկ, սրանց հագած կոշիկը 10 ռազմեր մեծ է։ Ու երևի արդեն ամեն օր փոքրանում է շանսերը մեր երկրում ինչ-որ բան փրկելու, ինչ-որ բան վերականգնելու։ 2018 թվականի նոյեմբերի ընտրություններում Նիկոլենք չհաղեթեին, հնարավոր կլիներ կանխել այս աղետը, 2021 թվականի ընտրություններում Նիկոլը չհաղթեր, հնարավոր կլիներ պարտությունից հետո մեջքը շտկել։ Հիմա Հայաստանը գտնվում է ծայրահեղ վիճակում ու դժվար է ասել՝ մեկ քայլ այն կողմ ինչ է։
Ի դեպ, շատերն էին ասում, որ հենց սրա հմար են եկել իշխանության։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը