09 03 2022

«Կարճ ասած»․ Հայաստանից ներդրումները փախչում են․ ովքե՞ր են ճնշում ներդրողներին



 

Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում ստեղծվեց ներդրումային կոմիտե, որը, ըստ կառավարության, պետք է գնահատված ներդրումային ծրագրերի նախագծերի առաջնահերթություններ որոշի և այլն։ Իբր այնքան շատ են ներդրումները, որ հիմա պետք է որոշեն, թե որն է առաջնային։ Սա գիտե՞ք ներդրումային որերորդ մարմինն է։ Թիվը երևի ստեղծողներն էլ չեն հիշում։ Այս իշխանությունը կարծում է, որ ներդրումների բացակայության պատճառը հիմնադրամների, ֆոնդերի, կոմիտեների պակասն է, կոմիտե չկա, փող չի գալիս։

2018 թվականի հեղափոխության օրերին Նիկոլն ասում էր, թե սփյուռքահայերն անհամբեր սպասում են, որ հենց ինքը դառնա վարչապետ, ճամպրուկներն առնելու են վազեն Հայաստան (Հետո, երբ այդպես չեղավ, խմբագրեց իրեն, թե՝ կարողա՞ գիտեք, ներդրումները ճամպրուկների մեջ կամ անկողնու տակ դրած փող է, որ հենց ես ընտրվեի, վերցներ ու գար): Հեղափոխությունից հետո սփյուռքահայ գործարարները ստեղծեցին ներդրողների խումբ. էնպիսի ներդրումներ պետք է անեին, որ սփյուռքահայերը Հայաստան գային։ Տեսնես քա՞նի հոգի եկան կամ գոնե այդ ակումբի ստեղծողներն իրենք եկա՞ն։ Հետո ստեղծվեց «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ։ Հետո կազմեցին հանրային ներդրումային ծրագրերի գնահատման համակարգի հայեցակարգ։ Հետո ստեղծեցին ներդրումային ֆոնդ։ Ուղղակի անհնար է հիշել ներդրումային համաժողովների թիվը, առանց արդյունքի թանկարժեք ճամփորդություններ եղան Անգլիա, ԱՄՆ, Էմիրաթներ, Կանադա, Շվեյցարիա․ որին Ավինյանն էր մասնակցում, որին Նիկոլը։ Ո՞ւ․․․ Հայաստանի բոլոր մարզերում տեղի ունեցան Իմ քայլը այսինչ մարզի համար ներդրումային համաժողովներ։ Արդյունքի մասին այդպես էլ բան չկա։ Նիկոլն ասում էր՝ «Հայաստանում նախկինում երբեք ներդրումային այսպիսի հետաքրքրություն չի եղել»։

Բայց այս բոլորը ընդամենը աշխատանքի իմիտացիա ստեղծելու համար էր։ էդպիսի խոսք կա, եթե ուզում ես ոչինչ չանես, բայց ցույց տաս, թե ինչ-որ բան ես անում, պետք է ուղղակի շատ աղմկես։ Մարդկանց խաբեցին, թե հեսա գործարաններ ենք բացում, եկեք մեզ ընտրեք, քաղաքացիները վազեցին-ձայն տվեցին։ 2018 թվականի նոյեմբերիի 21-ին, Նիկոլը Արագածոտնի մարզում քարոզարշավ էր անում, հայտարարեց՝ «Ջուրը չթռած հոպ չանենք, բայց քննարկման փուլում են մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրեր»։ Ոչ մեկ չհարցրեց՝ եղբայր, 6,5 ամիս իշխանության ես քա՞նի ներդրող է եկել։ Ասաց՝ Այսօր արդեն ձեռք ենք բերել նոր գործարանների կառուցման պայմանավորվածությունններ, հստակ պայմանավորվել ենք, սաղի հետ ձեռք եմ սեղմել, հաջորդ տարի 180 աստիճանի կփոխվի մեր տնտեսությունը։ Այսինքն հիմա պետք է արդեն տնտեսությունը դզված լիներ։ Դրանից մի շաբաթ հետո արդեն 100 միլիոն դոլարով ավելացրեց թիվը, Գավառում արդեն հայտարարեց 600 մլն դոլարի մասին, ցուցակ ցույց տվեց։ Աղքատ, դյուրահավատ մարդկանց ձայները տարավ։ Օրը մի հատ թիվ էին ասում․ 2019 թվականի մարտին կեսին Նիկոլն ասում էր, թե 89 ներդրումային ծրագիր են քննարկում՝ 2,7 մլրդ դոլարի չափ, մի շաբաթ հետո ասաց, թե 89 ներդրումային ծրագիր է 3,1 մլրդ դոլար ծավալով։ Թիվ ա էլի, ինքը սիրում է խոսալ պլյուս-մինուսով։ Ո՞նց էր մեկ ասում կապիտուլյացիա ստորագրեցի, որ փրկեմ 20 հազար զինվորի կյանք, հետո ասեց՝ 25 հազար, 30 հազար, 35 հազար։ Ավինյանը մարդ էր բերել, որ պետք է մի քանի հարյուր միլիոն դոլար ներդներ, պարզվեց՝ սկի 20 հազար ռուբլու կապիտալ չունեն։ Չինացիներ էին բերել, որ 15 մլրդ դոլարով խելացի քաղաք սարքեն, Հայ-կորեական ավտոբուսներ էին ուզում արտադրել Հայաստանում 10 մետրանոց, Գյումրու օդանավակայանի մոտ ինքնաթիռների արտադրամաս էին սարքում, կոկորդիլոսաբուծարան։ Ներդրումային հեղափոխություն էին անում, ինչ-որ լենտեր կտրեցին պատահական շենքերի վրա, որոնք մի շաբաթ չաշխատեցին, հետո Նիկոլն ասաց ես ի՞նչ մեղավոր եմ, ես լենտ կտրողն եմ, մոտավորապես՝ ես հո պատերազմ վարողը չե՞մ եղել, ես մոդերատոր եմ եղել։

Աբսուրդ․ ու ինչքան քիչ ներդրում են գալիս, էնքան շատ թիվ են ասում․ բայց հենց հարցնում ես կոնկրետ չափ, անուն-ազգանուն, ասում են՝ դեռ ամփոփված չէ, հետո կասենք, առանձին կասենք, գրավոր կասենք։ 2019 թվականի փետրվարի 2-ին Նիկոլ Փաշինյանն ասաց, թե էնքան ներդրումների առաջարկներ կան, որ իրենք արդեն սկսել են ֆիլտրեր մշակել։ Հավանաբար, մշակեցին ու որոշեցին, որ ոչ մեկն էլ իրականանալի չէ։ Երբ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հարցնում էինք ներդրումներն ինչու են պակասել, ասում էր ներդրումները ոչ թե պակասել են, այլ ներդրումները պակաս են, բառախաղ էր անում տղեն։

Վահան Քերոբյանը 2021թ․ փետրվարի 10-ին ասաց, որ 2021 թվականի ներդրումների ներքին պլանը 1 մլրդ դոլարն է։ Հիմա, վստահ եմ, ասելու է՝ կատակ եմ արել։ Ոչ միայն 1 միլիարդ դոլար չկա, այլև, հակառակ պատկերն է՝ ներդրողները հանում են իրենց փողերը Հայաստանից։ Վիճակագրություն հրապարակվեց, որ 2020 թվականին ավելի շատ փող է գնացել Հայաստանից, քան մտել է, 2021 թվականի միայն առաջին կեսին Ֆրանսիան Հայաստանից հանել է 10 մլն դոլար, նույնքան էլ Վրաստանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը հանել է 20 մլն դոլար։ Ռուսաստանը Վարստանում ավելի շատ ներդրում է անում, քան իր դաշնակից Հայաստանում, ո՞ւմ երեսի՞ց է այդպես, կարո՞ղ եք ասել։ Ներդրողների համար երաշխիքներ չկան։ Ամեն տարի մեր երկրում ներդրումները նախորդի համեմատ պակասում են։ Ավելին ասեմ, Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժ է ներկայացվել 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի գումարային պահանջ տարբեր օտարերկրյա ներդրողների կողմից` շինարարության, հանքարդյունաբերության, աղբահանության ու այլ ոլորտներում։ Միջազգային Խոշոր կազմակերպություններ են։ Հայաստանի կառավարությունը չի ապահովում ներդրումների պաշտպանությունը։ Հայաստանում իրար հետևից բիզնեսներ են փակվում․ միայն 2020-ին 22 հազարից ավելի կազմակերպություն է փակվել։

Մարդը, որ ուզում է Հայաստանում բիզնես անել, ասենք, ուսումնասիրում-տեսնում է, որ գործող բիզնեսը հանկարծ հայտնվում է կառավարության ձեռքում, ինչ-որ հանքից բաժնեստոմս են նվիրում վարչապետի աշխատակազմին, պետական ռեկետի տպավորություն կա, դիմակներով այցելում են խոշոր ներդրողներին, ասֆալտի տենդերները շահում է ԱԺ նախագահի եղբայրը, վառելիքը պետությանը հիմնականում մատակարարում է ԱԺ պատգամավորի անվան հետ կապվող ընկերությունը, պետգնումներն իշխանության հետ կապված մարդիկ են, մրցակցություն չկա, կոռուպցիա է, որը ներդրումների թշնամին է։ Հլը դրանք մի կողմ, երկրի տարածքում թշնամի երկիրը տամոժնյա է դրել, ի՞նչ ներդրում գա։ Մարդիկ ներդրում արեցին, բաժին հասավ թշնամուն, էլ ինչո՞ւ պետք է բիզնես դնեն։ Ներդրողների համար կարևոր է արդար դատական համակարգը, մարդիկ մտածում են, որ եթե խնդիր ունենան իշխանության հետ, իշխանական օլիգարխների հետ, իրենք հաստատ պարտվելու են բոլոր պարագաներում։ Մարդիկ գալիս են ներդրում անելու, սրանք տապալում են հանդիպումը, հետո ասում են՝ ջինսերով ու բոթասներով էին եկել, պետք է Հայաստանի դրոշի գույներով նասկի հագած գային երևի։ Թե իշխանության հույսը սփյուռքահայերն էին, նրանց էլ հիասթափեցրեց իր ստերով, նեղացրեց հայ-թուրքական սիրախաղով: Ու դեռ չեն գիտակցում իրենց սխալը․ չեն ասում, որ պատճառը այս՝ թվարկածս ու չթվարկածս գործընթացներն են, Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ ելույթներն են։ Առաջ ասում էին՝ քանի իշխանությունը չի փոխվել ներդրում չի լինի, հետո ասացին՝ քանի Աժ-ն չի փոխվել, չի լինի ներդրում, հետո ասացին՝ քանի ՍԴ կազմը չի փոխվել, չի լինի ներդրում, հիմա ասում են քանի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չենք կնքել, չի լինի, քանի Թուրքիայի հետ ախպերություն չենք արել, չի գա ներդրող։ Հիմա էլ ասում են՝ ստեղծել ենք  գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցերով աշխատանքային խումբ։ Մասկը սրտատրոփ դրան էր սպասում, որ «Tesla»-ն տեղափոխեր Հայաստան։

Կարճ ասած՝ Հայաստանում ներդրումային ֆոնդերի, հիմնադրամների, կոմիտեների թիվը ավելի շատ է, քան վերջին 4 տարվա ներդրումների քանակը․ միայն այդ ֆոնդերում աշխատողների աշխատավարձը, վստահաբար, գերազանցում է ներդրումների արդյունքում եկած գումարներին։ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել է իր քայլերով, ելույթներով, որ ներդրում չգա մեր երկիր։ Վստահ եմ, այս իշխանության օրոք լուրջ ներդրում սպասելը, ներդրումային բում սպասելը անիմաստ է։ Խոստումներ ու ելույթներ կլսեք ինչքան ուզեք, բայց արդյունք չեք տեսնի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ