Ռուսաստանի և Ուկրաինայի ու վերջինիս դաշնակիցների միջև այս առճակատումը պատերազմի կհասնի՞, թե ոչ, ի՞նչ ընթացք կունենան իրադարձությունները․ ինչպե՞ս Ռուսաստանը դուրս կգա այս ամենի տակից, պատերազմո՞վ, թե պատժամիջոցներով կբավարարվի արևմուտքը, Ուկրայինան, վերջապես խելքի կգա՞, թե՞ կշարունակի մանրադրամ լինենլ Ռուսաստան-Արևմուտք մեծ վեճերի մեջ։ Գիտե՞ք, ի տարբերություն Հայաստանի, որը գնում էր բանակցելու ու իր հաջորդ քայլը չգիտեր, ասում էր ինչ պետք ա դա էլ բանակցում ենք, կքննարկենք՝ կերևա, եթե տեսնենք չի ստացվում, ուրիշ բան կմտածենք, Ռուսաստանի պարագայում բացառվում է, որ լինի բան, որը չէր նախատեսել, հաշվարկել։ Որոշ ծրագրերի սառեցում, ռուբլու անկում, որը կազդի, ի դեպ, թե՛ ռուսների վրա, թե այն պետությունների վրա, որոնցից արտագնա աշխատանքի են մեկնում և այլն։ Պատժամիջոցներն էլ Ռուսաստանին չեն վախեցնում, թեև տնտեսությունը լավ վիճակում չէ։
Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման մասին։ Բավական երկար ելույթով հանդես եկավ մինչ ճանաչման հայտարարումը, խոսեց տարբեր տարիներին Ռուսաստանի սխալներից, Ուկրաինայի ստեղծումից, մինչ այսօր։ Մինչ այդ, տեղի էր ունեցել Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, խորհրդի անդամները, նախագահը, նախարարները, քննարկում ունեցան և առաջարկ արվեց ճանաչել այդ երկու չճանաչված պետությունների անկախությունը, որին հենց այդտեղ անձնապես կողմ դիրքորոշմամբ հանդես եկան բոլորը։ Կարևոր և միգուցե ճակատագրական որոշում էր քննարկվում, որոշվում, ու այստեղ ուզում եմ մի զուգահեռ անցկացնել․ Ռուսաստանի Դաշնության իշխանության դիրքորոշումը, պատճառաբանությունները, կարծիքները և իվերջո՝ ճանաչումը տեղի ունեցավ ուղիղ եթերում, բաց, բոլորի, Ռուսաստանի ժողովրդի, Դոնեցկի, Լուգանսկի, Ուկրաինայի, ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Պուտինը թաքցնելու բան չունե՞ր, երևի կունենար, բայց այդ ամենը արվեց ուղիղ եթերով։ Լավ, իսկ մեզ մոտ ի՞նչպես են կայացվում այդպիսի կարևոր որոշումները։ Նիկոլը ի՞նչ էր անում․ թաքուն հանձնեց հողերը, հետո, արդեն, «պոստֆակտում» ուղիղ եթերում սկսեց արդարանալ։ Ու՞մ հետ քննարկեց, ո՞վ, ի՞նչ ասաց, ոչ մեկ չգիտի։ Ի՞նչ առաջարկ էր ստացել, ումի՞ց, ինչո՞ւ հենց նոյեմբերի 9-ին իսկ ոչ հոկտեմբերի 19-ին կայացրեց այդ որոշումը, մինչ հիմա չի պարզաբանվել։ Նիկոլի բոլոր կարևոր որոշումները եղել են թաքուն, բանակցությունները եղել են թաքուն, այդ թվում Ալիևի հետ ուղիղ կապ ունենալը և Թուրքիայի նախագահի հետ հանդիպման խնդրանքը, ամեն բան թաքուն է, ժողովրդի աչքից հեռու։
Ի դեպ, սա էլ ասեմ, երեկ կեսօրին անվտանգության խորհրդի նիստին ասացին, որ Ռուսաստանի նախագահը շուտով որոշում կկայացնի և հնարավոր է ճանաչի Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը․ երեկոյան արդեն Պուտինը ճանաչեց, ծրագրային ելույթ ունեցավ, ստորագրեց, պայմանագրեր կնքվեցին։ Միանգամից, տեղում, վճռական։ Մեզ մոտ անգամ պատերազմի օրերին հազար անգամ խոսեցին Արցախը ճանաչելու մասին, բայց չարեցին, անգամ ռիսկ չարեցին ռազմաքաղաքական դաշինք կնքել։ Ոչինչ չարեցին, ինչը Ադրբեջանի ու Թուրքիայի սրտով չէր։ Անգամ ՀԱՊԿ-ին չդիմեցին, չնայած ամբողջ ընթացքում թուք ու մուր արեցին ռուսներին։
Ինչևէ՝ Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու այս որոշումը դատապարտվեց մի շարք երկրների, միջազգային կառույցների կողմից՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՄՆ, Գերմանիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Վրաստան և այլն։ Նրանք դեմ են այս պետությունների ինքնորոշումը ճանաչելուն։ Միաժամանակ, մի քանի երկիր ողջունեցին ՌԴ որոշումը։
Հայաստանում քաղաքացիներին հետաքրքրում է, թե այս ամենը ինչ ազդեցություն կունենա մեզ վրա․ գործընթացները պտտվում են մեր ռազմավարական գործընկերոջ շուրջ, որի հետ ընդհանուր քաղաքական, տնտեսական, անվտանգային տարածքում ենք գտնվում գոնե երեք միություններով՝ ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ, բացի այդ, ուկրաինական այս թնջուկը մեծ ծավալ կարող է զբաղեցնել, մեզ ո՞ւր կգցի այդ քամին՝ պարզ չէ։ Շատերս անհանգիստ ենք, որ այդ ամենը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մեր վիրավոր երկիրը դեռ գտնվում է այս տեսակ իշխանության ձեռքում, որը պարզ չէ, թե ում թելադրանքով է առաջնորդվելու։
Ծանր փուլ է, անխոս, որտեղ տարածքներ ու սուվերենություն կարող են կորցնել պետություններ։ Մենք տեսանք, թե ինչպիսի մեծ պրոբլեմ են գործից անհասկացող, խամաճիկի դեր տանող ղեկավարները։ Տեսանք, թե պոպուլիզմը ոնց քանդեց Վրաստանը, ոնց քանդեց Ուկրաինան, ոնց քանդեց Հայաստանը։ Բոլոր այն երկրները, որոնք ունեցել են էդ կարգի իշխանություններ, կանգնել են տարածքային կորուստների առաջ, որքան պոպուլիստ ու տգետ ղեկավարներին ժողովուրդները հանդուրժել են, տարածքների և սուվերենության կորուստը շարունակվել է։
Հիմա էս ծանր վիճակում, երբ միանգամից մի քանի խնդիրներ են իրար գլխի կուտակվել մեզ համար, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է դա հաղթահարելու այս իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը չի կարող, չխառնվել, ասել՝ ահա, չեմ երևում, կխուսափեմ։ Նա պետք է կա՛մ աջակցություն հայտնի Ռուսաստանին, կա՛մ միանա մյուսների դիրքորոշմանը։ Հնարավոր է, որ չեզոքությունը Ռուսաստանի կողմից համարվի դատապարտում։ Մեր երկրում տեղի էր ունենում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստը։ Հայաստանի իշխանությունը միանգամից մի քանի սխալ քայլ արեց․ նա, օրինակ չըմբոստացավ, որ հրատապ կարգով մտցվեց հակառուսական նախագիծը, օրակարգ։ Նիստին մասնակցում էին ադրբեջանցիներ ևս, բայց գերիների մասին հարց անգամ չկարողացան ներառել, բայց թողեցին հակառուսական այդ նախագիծը։ Երկրորդ սխալն էլ ՔՊ-ականների ձեռնպահ քվեարկությունն էր, այսպես ասած՝ մեզ համար մեկ է՝ կդատապարտեք, թե չէ։
Հիմա ամենաշատը մեզ մտահոգում է՝ արդյո՞ք Հայաստանում այսօր այն իշխանությունն է, որը ի զորու է պաշտպանել Հայաստանի շահը, ի զորո՞ւ է Հայաստանի համար կայացնել նուրբ, մտածված ու ճիշտ որոշումներ, որպեսզի դուրս գանք էս վիճակից առանց կորուստների։ Չեմ տեսնում, վստահաբար՝ չկա։ Մեր իշխանությունը տեղով ազգային անվտանգության պրոբլեմ է մեզ համար։ Խնդրեմ, նայեք վերջին օրվա իրադարձությունները։ Հայաստանի խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները հրաժարվում են դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ հռչակագիրը։ Ադրբեջանցիները գալիս են Երևան, նրանց ընդունում են բարձր մակարդակով, մասնակցում են նիստերի, ճաշում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների հետ, Նիկոլն է ընդունում, ջան-ջիգյար անում։ Ադրբեջանական պատգամավորները գալիս են Հայաստան ու այստեղ հայտարարում են, թե մենք Հայաստանից գերիներ չունենք, որին չենք տվել, հանցագործ են, դատելու ենք։ Նույն օրը իմանում ենք, որ Ադրբեջանում դարձյալ քրեական գործ են հարուցել Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ Արցախը 90-ականններին ազատագրելու համար։ Առավոտից իրիկուն Ալիևն ասում է՝ պետք է գրավենք Երևանը, մեր հողերն են, Հայաստանի դեմ հռչակագիր են ընդունում, Նիկոլի՝ Եվրանեսթում պատվիրակության ղեկավարն ասում է Ալիևից պարբերաբար լսում ենք խաղաղության ազդակներ։
Կարճ ասած՝ Եթե ուկրաինացիները այսպիսի արկածախնդրությունների չգնային դեռ 2003 թվականից սկսած, այսօր չէին ունենա այս վիճակը։ Եթե մերոնք արկածախնդրությունների չգնային 2018-ից, չէինք ունենա էս վիճակը։ Ավելին, աշխարհը խառնվել է իրար, ու հենց այս փուլում մեր երկրի ղեկարվարը աշխարհի ամենաթույլ ղեկավարներից մեկն է։ Եթե երկրի մասին մտածեր, հրաժարական կտար, կընդուներ որ իր քաշի բանը չէ։ Մի ասացվածք կա՝ գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում․ կարելի է այդ ասացվածքը փոխել այսպես․ գետանցի ժամանակ թույլ ձիերին, ցանկալի է փոխել ուժեղ ձիերով։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը