14 02 2022

«Կարճ ասած». ՔՊ-ի բերած պատերազմը չի կարող ՔՊ-ն քննել, ու ասեմ թե ինչու



 

44-օրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովը դեռ նոր ձևավորված՝ արդեն ունի օբյեկտիվության դեֆիցիտ։ Բանն այն է, որ այդ քննիչ հանձնաժողովի 11 անդամներից 7-ը իշխանականներն են։ Ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել նիստի աշխատանքներին՝ դա համարելով շոու ու ասելով, որ իրենք ցանկություն չունեն մասնակից դառնալ այդ ներկայացմանը։ Չի կարող այդ հանձնաժողովն ունենալ օբյեկտիվություն, եթե նրա իշխանական անդամներն են երկիրը պատերազմի ու կապիտուլյացիայի տարած նույն թիմի անդամները, մեղավորները, պատասխանատուները։ Ցանկացած իշխանության պարագայում այդպես էր լինելու, չի կարող, նույն իշխանականը քննել մի բան, ինչն արել է, ասենք, իր կուսակցապետը, շեֆը՝ եթե կուզեք, ու այն լինել օբյեկտիվ, այդտեղ առնվազն շահերի բախում է։

Ընդդիմությունը նույնն է պնդում, չի կարող լինել օբյեկտիվ քննություն։ Դա, ընդ որում, հասկացավ իշխանությունը, ինչի պատճառով էլ թե՛ հանձնաժողովի նիստում, թե՛ ասուլիսում նրանք ոչ թե ասում էին, թե ինչեր են ուզում բացահայտել, այլ մեղադրում էին ընդդիմությանը, որ չի մասնակցում՝ վախեցան, փախան և այլ անդուր բառապաշար օգտագործելով։ Զարմանալի է, թե ինչու պետք է ընդդիմությունը վախենար կամ փախչեր, եթե էս ամբողջ պատերազմի ստերի կաշան եփել էր իշխանությունը։

Ընդդիմության դիրքորոշումը, կարծում եմ, ընկալելի պետք է որ լինի բոլորի համար, այդ թվում՝ իշխանության։ Մարդիկ ասում են ուզո՞ւմ եք հանձնաժողովը հաջողություն ունենա, պետք է իշխանությունը այդ հանձնաժողովում լինի միայն հարցաքննվողի կամ դիտորդի կարգավիճակով։ Ասենք բանակում թիկունքի ապահովման վերաբերյալ ի՞նչ պետք է բացահայտի Գագիկ Մելքոնյանը, որը եղել է բանակի թիկունքի պետ և հիմա բավականին հարուստ, գործարար մարդ է։ Բանակի համալրման մասին ի՞նչ պետք է բացահայտի Անդրանիկ Քոչարյանը, որի որդին խիստ կասկածելի հանգամանքներում պատերազմից առաջ ազատվել է բանակում ծառայելուց։ Հպարտորեն հայտարարում են, որ հանձնաժողովի փորձագետը Արծրուն Հովհաննիսյանն է՝ 44-օրյա պատերազմում ստերի խորհրդանիշը, մարդ, որը մեզ ամեն օր ասում էր, թե հաղթում ենք, մինչև կապիտուլյացիայի օրը ներառյալ, էն պահը, երբ ասաց, թե հիվանդանոց է գնում, վատ է։ Արծրուն Հովհաննիսյանի որևէ ելույթի մարդիկ հավատալու ե՞ն, նրա ուսումնասիրած որևէ փաստի, վստահելու ե՞ն։ Քոչարյան Անդրանիկն ասում է՝ Արծրուն Հովհաննիսյանը ոգևորված աշխատում է․ մարդը ամեն ինչն էլ ոգևորված է անում, բա ստե՜լը։ Ով որ չէր հավատում իր ստերին, անձնական նամակներով ու քոմենթներով էր ոգևորված արձագանքում, ասում էր՝ ես երբեք չէի ասելու հաղթում ենք, եթե ինքս դրանում վստահ չլինեի։

Եթե այս հանձնաժողովը պետք է գործեր, ապա միայն ու միայն այն պարագայում, երբ այդ անձինք լինեին հարցաքննվողի դերում, ընդ որում՝ շատ ավելի ճիշտ կլիներ, որ Արծրունը, Նիկոլն ու շատ ու շատ ուրիշ մարդիկ հարցաքննվեին ոչ թե խորհրդարանական հանձնաժողովում, այլ ԱԱԾ-ում, Քննչականում, դատախազությունում քրեական բազմաթիվ գործերի շրջանակներում, ընդ որում, ամեն օր բանտից տանեին հարցաքննության, էնտեղից հետ տանեին բանտ։ Անդրանիկ Քոչարյանն ի սկզբանե հանձնաժողովին օժտել է դատախազական լիազորություններով, էս ենք անելու, էն ենք անելու․ ոչ, դուք ո՛չ մասնագետ եք, ո՛չ էլ ձեզանից սպասում են մասնագիտական գնահատական, մի տարի քաղաքական գնահատականի վրա եք չարչարվելու։ Կարո՞ղ եք ասել, դատախազությհունը, իրավապահ ողջ համակարգը, պաշտպանության նախարարությունները 44-օրյա պատերազմի պատճառների, մեղավորների բացահայտման համար ի՞նչ գործ է կատարել։ Էդ ի՞նչ է, Արթուր Դավթյանն անճարությունից թողել սաղ գործը Քոչարյան Անդոյի ուսերի՞ն։ Սա էլ ասում է բացառիկ հնարավորություն կա Նիկոլ Փաշինյանին հրավիրելու հարցաքննության։ Լո՞ւրջ։ Էդ ի՞նչ մի բացառիկ հնարավորություն է։ Ամեն երեք շաբաթը մեկ Նիկոլ Փաշինյանին հարցաքննում են ու ամեն անգամ նոր բացահայտումներ է անում հենց ԱԺ ամբիոնից։ Նիկոլ Փաշինյանին պետք է հարցաքննի ոչ թե Անդրանիկ Քոչարյանը, այլ՝ դատախազությունը, քննչական կոմիտեն, բայց ոչ երբեք Արթուր Դավթյանի գլխավորությամբ։

Մեր պետության համար այս հանձնաժողովից, կարծում եմ, մեծ սպառնալիք է լինելու․ դա այն է, որ պատերազմի վարման, համալրման, տակտիկայի ու շատ այլ գաղտնի փաստաթղթեր, կարևոր պաշտոնյանիերի հարցաքննություններ, որոշումներ, հույժ գաղտնի հրամաններ հայտնվելու են Վահագն Ալեքսանյանի, Արմեն Խաչատրյանի, Քրիտստինե Պողոսյանի և այլոց ձեռքին։ Այնպես, ինչպես եղավ Ապրիլյանը քննող հանձնաժողովի դեպքում։ Ի միջի այլոց, դեռ պետք է լուրջ ուսումնասիրվի ու քննվի հենց այդ, Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած նախորդ քննիչ հանձնաժողովի հանգամանքները, պատճառները, ինֆորմացիայի արտահոսքերը, դրանց հնարավոր նպատակները, պատվիրատուներն ու շահառուները․․․ Չէ՞ որ այդ ամենը արվել էր 44-յա պատերազմից առաջ, որից հետո մենք տենց շռնդալից պարտվեցինք Ալիևին։

Խոսում են բարոյականության ինչ-ինչ դրսևորումներից, ասում են՝ մեր բարոյականությունը թույլ կտա՞ կեղծել։ Լուրջ ե՞ք ասում, ՔՊ-ն ու կեղծիքը էդքան հակակշիռ են իրա՞ր։ Դուք հենց հանձնաժողովի նիստից հետո ասուլիսում կեղծ փաստեր էիք արձանագրում։

Վահագն Ալեքսանյանն ասում է (ներողություն եմ խնդրում իմ հեռուստադիտողից նրան մեր եթերի աստղ դարձնելու համար), ասում է, թե իրենք սրբորեն պաշտպանելու են տարածքային ամբողջականությունը, սուվերեն տարածքը, ի տարբերություն Քոչարյանի, ով Մեղրին փոխանակում էր։ Սա պարզապես փաստերի խեղաթյուրում է։ Նրա կողքին նստած սյունեցի Արմեն Խաչատրյանը չի ասում տղա ջան, Քոչարյանը եթե Մեղրին փոխանակում էր, բա էդ ինչի՞ էր 10 տարի զարգացնում, ռազմավարական ճամփեք գցում, զրոյից սարքում։ Մեղրին ո՞ւր է, փոխանակել է՞։ Նույն Արմեն Խաչատրյանը, որ ասում է, թե հաճախ է Սյունիք գնում-գալիս, եթե ազնիվ լիներ, Վահագին մի հատ լավ կշշպռեր, թե գիտե՞ս ինչ կա հիմա հենց իրենց թիմն է Մեղրին Հայաստանից կտրում, որովհետև Սյունիքով տեղաշարժվելը դարձել է Ֆորտ Բոյարի փորձությունների պես մի բան՝ էս ճամփով մի գնա՝ թշնամու մաքսակետ կա, էն ճամփով մի գնա, կուտակում է, էստեղ պետք է վճարես և այլն։ 

Արմեն Խաչատրյանը պետք է նույն Վահագնին ասեր, ապեր, հատկապես էդ հանձնելու ու փոխանակելու թեման պետք է մեր թիմը մոռանա, ամաչի, չխոսի, որովհետև Քոչարյանի ժամանակ Արցախը իրականում Հայաստան էր, իսկ քո քաղաքական առաջնորդը հայտարարեց, թե Հայաստան է և վերջ, բայց արծրունանմանների ձեռքերով փաթեթավորեց ու հանձնեց Ադրբեջանին։

Օրեր շարունակ շրջանառվում է, որ այս իշխանությունը պատրաստվում է Կապանից դիրքեր հանձնել։ Դիմում են լրագրողները Արմեն Խաչատրյանին, ասում է՝ ո՞վ ա տենց բան ասում, ԱԱԾ եմ դիմելու։ Հարցնում են՝ իշխանությունը երաշխավորո՞ւմ է, որ չի զիջվելու․ կատաղում է, կարծես սպառնում է՝ բա դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ ԱԺ շենքից անփորձանք կհասնեք տուն։ Այսինքն այդ մարդը հաստատում է, որ իրոք նոր զիջումների թեմա կա։ Ինքն ու նույն Վահագն Ալեքսանյանը հոխորտում են, ասում են՝ այս իշխանությունը իր կյանքի գնով կպաշտպանի Հայաստանի սուվերեն տարածքը։ Նրանց մեջտեղում նստած Անդրանիկ Քոչարյանը, որը պետք է 44-օրյա պատերազմի բոլոր փաստերն իբր ուսումնասիրի, չի ասում, այ ընկերներ, էս ի՞նչ եք խոսում, ուղիղ 9 ամիս թշնամին մինչև 45 կիլոմետր խրված է մեր սուվերեն տարածքի մեջ, այն ժամանակ էլ, հիմա էլ երկրի ղեկավարը Նիկոլն է, չենք կարողանում պաշտպանել։ Արմեն Խաչատրյան, էդ որ կյանքդ ուզում ես տալ Սյունիքի անվտանգության համար, հենց էս պահին վտանգի տակ է, ի՞նչ ես անում Երևանի կենտրոնում։

Գիտե՞ք բարոյականության հարց է, երբ դու ունենալով լիքը սխալներ, տապլումներ, ուրիշներին մեղադրում ես այդ ամենի մեջ։

Կարճ ասած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը լի է դեֆեկտներով, իմ կարծիքով՝ ուղղակի ծաղր է այս ժողովրդի նկատմամբ։ Այդ հանձնաժողովը պարզապես ժամանակ է սպանելու, զուր վատնելու է․ 44-օրյա պատերազմը պետք է քննվի մանրամասն, հետո, այլ իշխանության օրոք։ Հայաստանում դեռ նոյեմբերի 9-10-ի գիշերն է, օրը չի փոխվել, ու չի փոխվելու, քանի դեռ պատերազմի փաստերը կոծկվում են։ Ցավոք, անվստահությունը մնալու է մինչև հաջորդ իշխանություն։ Հուսով լինենք՝ ոչ երկար։ Սա իշխանության հարց չէ, քաղաքական շահի հարց չէ, սա մեր արժանապատվությունից զրկված միամիտ ժողովրդի, արդարության վերականգնման հարց է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ