10 02 2022

«Կարճ ասած»․ Բռնապետություն, օլիգարխիա, քաքիստոկրատիա, օխլոկրատիա․ Ո՞ր համակարգն է Հայաստանում



 

Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ մեզ մոտ կատարյալ ժողովրդավարություն է, ընդդիմությունը հայտարարում է, որ Հայաստանում բռնապետություն է։ Այսօր ուզում եմ անդրադառնալ պետական կառավարման մի քանի ձևի․ թող ժողովուրդն ինքը տեսնի, թե որ մեկի մեջ է ապրում։

Տարբերակ 1․ Անձնիշխանություն կամ ավտոկրատիա։ Սա անձի ամբողջական իշխանության վրա հիմնված կառավարման ձև է։ Սա այն է, երբ անձն ունի անսահմանափակ իշխանություն և որևէ մեկի կողմից, որևէ կառույցի կողմից չի վերահսկվում։ Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի, կա՞ քաղաքապետ, որը պետք է ներդաշնակ չլինի կառավարությանը, երբ ինքը համայնքապետ է, ԱԱԾ տնօրեն է, ԱԺ նախագահ է ու ամեն ինչ է, ինքն է որոշում, սա ավտոկրատիան է։ Իսկ երբ վարչապետը կարող է անել անպատասխանատու հայտարարություններ, անձնական վիրավորանքներ հասցնել, անձնական կամ ընդհանուր թշնամանք տարածել, պատերին ծեփել ու ասֆալտին փռել, հրամայել շրջափակել դատարանների դռները և պատասխանատվություն պահանջող կառույց չլինի, դա նշանակում է, որ նրա իշխանությունը չի վերահսկվում և ոչ մեկի կողմից, մի խոսքով՝ անձնիշխանություն է։

Տարբերակ 2․ Ավազակապետություն, գողապետություն, կլեպտոկրատիա։ Սա համակարգ է, որը կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին․ գողերի իշխանություն է, որը գողանում հանրության ունեցվածքը՝ թալանելով բյուջեն, այն է՝ ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին։ Հայաստանում անցկացված հարցումների համաձայն, բնակչության 60 տոկոսից ավելին կարծում է, որ մեր պետությունում որոշումները կայացվում են որոշակի խմբակների շահերից ելնելով այսինքն, ստացվում է, հենց կլեպտոկրատիա է։ Ընդ որում, այս իշխանության կողմից բյուջեի թալանը օրինականացվում է․ ասենք կարող է շքեղ ռեմոնտ անեն, որը նախատեսված չի եղել, հիմնավորված չէ, դառնում է բյուջեի վատնում է, բայց դե  ասում են՝ հո սա մեզ հետ չենք տանում մեր հոր տուն, մնում է հաջորդին, հո ավտոն մեզ հետ չենք տանում, մնում է հաջորդին։ Բայց չէ՞ որ, ոչ իշխանության գալուց, նախընտրական խոստումներում, նրանք չեն ասել, որ գալիս են, տներ ռեմոնտ անեն, նոր ու գերթանկարժեք մեքենաներ գնեն․ կամ հավելավճարների, պարգևավճարների մասին, ոչ մի ծպտուն երբևէ չի եղել։ Դուրս է գալիս, մի բան ասել են, եկել ու ոնց ուզում՝ տնօրինում են, ավելին, հիմնականում այդ ամենը անում են թաքուն։

Տարբերակ 3․ Օլիգարխիա։ Քաղաքական համակարգում գործող մեծահարուստներ, որոնք մեծ ազդեցություն ունեն քաղաքական որոշումների ընդունման վրա։ Հայաստանում, օրինակ, օլիգարխ են համարվում նաև նրանք, ովքեր Հայաստանի անկախության առաջին շրջանում հսկայական կապիտալ են ձեռք բերել, օրինակ՝ ջրի գնով գործարաններ առնելով, մայրաքաղաքի կենտրոնում կոպեկներով շենքեր առնելով։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը մեծահարուստին բերում է Ազգային ժողով, ու նա սկսում է թելադրել խաղի կաննոներ, իր աշխատողին դնել նախագահ, իր մյուս աշխատողին դնել ԱԺ նախագահ, կամ ասենք, Թուրքիայի հետ քարոզել հարաբերությունների կարգավորում, որպեսզի ինքնաթիռի չվերթ բացի դեպի Ստամբուլ․ այսինքն, ի վերջո, առաջ է տանում իր տնտեսական շահերը։ Ուրեմն՝ նաև օլիգարխիա կա Հայաստանում։

Տարբերակ 4․ Ժողովրդավարություն։ Սա այն է, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, Լուլուի կամ Արփի Դավոյանի, Հայաստանի բրենդն է, քանի որ Հայաստանի քաղաքացու վրա թքած ունեցող մի կազմակերպություն հայտարարել է, թե գիտե՞ս՝ Հայաստանում ժողովրդավարություն է։ Ժողովրդավարությունը նույն ինքը ժողովրդի իշխանությունն է։ Սա ենթադրում է գործընթացների վրա հասարակության հավասար մասնակցություն, տեղի են ունենում մրցակցային ընտրություններ, ժողովուրդն էլ լեգիտիմ իշխանության միակ աղբյուրն է։ Պետությունը շարժվում է այնպիսի աժեքներով, ինչպիսին է օրինականությունը, քաղաքական ու սոցիալական հավասարությունը, ազատությունը, մարդու հիմնարար իրավունքներ և այլն։ Ոչ թե ժողովրդի անունից ելույթներ են ունենում, ասում են ժողովուրդն է որոշում, սիրում ենք ժողովրդին, իսկ ամեն առիթով տուգանում ու կալանավորում են, ոչ թե ասում են դուք բոլորդ վարչապետ եք, բայց վարչապետավարի պետք է ապրեն մի քանի հոգի, այլ հանրությունը մասնակցություն ունի պետության կառավարմանը՝ իր իրական ներկայացուցիչների միջոցով։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում կատարյալ ժողովրդավարություն է, որովհետև երկրի վարչապետը, այսինքն ինքը ավտոմատով ման չի գալիս փողոցներում։ Ի՞նչ ասեմ, կարծում եմ՝ ցանկացածս կարող ենք դատել, մենք ժողովրդավար պետությունո՞ւմ են ապրում թե՞, ոչ, կարծում եմ՝ երկար մտածելու բան չէ։

Տարբերակ 5 – Քաքիստոկրատիա: Իսկականից կա այսպիսի պետական համարակարգի տեսակ։ Եվ ուրեմն, քաքիստոկրատիայի կառավարման համակարգը ղեկավարվում է ամենավատ, ամենացածր որակավորում ունեցող կամ ամենաանբարեխիղճ քաղաքացիների կողմից։ Սա նշանակում է, որ պետությունը մատնված է բախտի քմահճույքին, պետությունը ձախողված է բոլոր հարցերում։ Մարդիկ են ղեկավարում, որոնք չունեն կրթություն կամ ունեն ցածր կրթական ցենզ։ Ասենք, երբ վարչապետը դիպլոմ չունի, պաշտոնյաների մի մասը կեղծ դիպլոմ ունեն, վարչապետն ու բազմաթիվ պաշտոնյաներ բանակում չեն ծառայել, երբեք կառավարման համակարգում չեն եղել, չգիտեն ինչ է պետությունը, պետական կառավարումը։ Այսպիսի իշխանությունը քանի որ այդքան վատն է, նրանց հատուկ է, որ վերացնում է, չեզոքացնում է բոլոր այն ուժերին, որոնք կարող են, կրթված են, գրագետ են։ Սա կոչվում է անպետքների իշխանություն, անկարողների իշխանություն՝ քաքիստոկրատի։ Ավելի մանրամասն, մտեք, խնդրեմ, համացանցում փնտրեք, կարդացեք, շատ նմանություններ կգտնեք։

Տարբերակ 6․ Օխլոկրատիա։ Օխլոկրատիան այլասերված ժողովրդավարությունն է։ Սա ավելի շատ ամբոխի իշխանությունն է կամ ամբոխների քմահաճույքը բավարարող իշխանությունն է։ Օխլոկրատիան բնորոշ է անցումնային և ճգնաժամային ժամանակաշրջաններին, երբ պետության մեջ իշխանությունը տապալվում է, ու ամբոխն է որոշում իշխանությանը։ Սա հասարակության ամենաաղքատ և ամենաքիչ կրթված հատվածի իշխանություն է։ Մարդիկ, որոնք եկել են փողոցից, ասում են, որ ամենաաղքատ խավի ծոցից են դուրս եկել, թափված ատամներով են, թալանված են, աղքատ ու խեղճ։ Սա այն դեպքն է, երբ փողոցից թափառական, ճանապարհի փոշին վրան դրված խումբը գալիս է իշխանության, անպիտան կառավարում է իրականացնում, ու պետության շահից, բնականաբար, ոչինչ չկա։

Տարբերակ 8 ․ Բռնապետություն։ Պետության կառավարման տեսակ է, որտեղ բացարձակ իշխանությունը պատկանում է մեկ անձի, որտեղ բացակայում է խոսքի ազատությունը, չկա ժողովրդական ներկայացուցչություն։ Այստեղ իշխանության ներկայացուցիչների համար թույլատրված է այն, ինչ թելադրում կամ հրամայում է բռնապետը, իսկ հանրությունը տուգանքի մատերիալ է, նրա համար ամեն ինչ սահմանափակված է օրենքներով, որոշումներով, դատարաններով։ Այստեղ անգամ դատարանների փոխարեն է որոշում բռնապետը, իսկ որոշմանը չենթարկվողներն ու չենթարկվող դատարանները հետապնդման են ենթարկվում։ Կամ, խոսքի ազատությունը ճնշելու համար օրենքներ է ընդունում ու կիրառում, որ լռեցնի նրանց, ում կարծիքը իր կարծիքի հետ չի համընկնում։

Կառավարման ձևերի մեջ, իհարկե, կա տեխնոկրատիա, Մերիտոկրատիա, այսինքն արժանիների իշխանություն, արիստոկրատիա, բայց որտեղ իշխանությունը պատկանում է բարձրագույն խավի մի խումբ ներկայացուցիչների և այլն, որոնք հնարավոր է՝ հաջորդ իշխանությանը բնորոշ լինի, դրան չանդրադառնանք այս պահին։

Կարճ ասած՝ Նիոլ Փաշինյանն ասում է՝ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է, բայց դուք ինքներդ կարող եք տեսնել, թե թվարկածից որ մեկի մեջ եք ապրում։ Իմ կարծիքով, Հայաստանում այս կառավարման ձևերից ամեն մեկն առկա է, բացի ժողովրդավարությունից։ Ու այս խառնիճաղանջ կառավարման, անարժանների կառավարման արդյունքն այն է, որ պետությունը վարի է գնում, պետականությունը վարի է գնում, հայրենիքի մի հատվածը կորցրել ենք, լավագույն տղերքին դրել հողի տակ։ Ժողովուրդն ընկած է ապրուստ հայթայթելու հետևից՝ Հայաստանում կամ դրսում, ժողովուրդը պակասում է, մի մասն արտագաղթում է, մի մասը մահանում է վատ կառավարվող կորոնավիրուսից, մի մասը զոհ է գնում հրահրված ու պարտության տարած պատերազմում, իսկ իշխանությունը ասում է՝ ինչ անում եմ՝ լավ եմ անում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ