Հայաստանի կառավարությունը և պառլամենտը կադրային առումով կարելի է բաժանել երեք մասի․ մի մասը նիկոլականներն են․ նրանք թույլ են, նրանց համար չկան սկզբունքներ, իմ կարծիքով, կարևորը փող աշխատեն, չեղած տեղից կարիերա անեն, էստեղից-էնտեղից քյար ունենան. հազիվ են հասել այդ հնարավորությանը, աշխատում են բաց չթողնել, իսկ մեթոդները, տարբեր են՝ պոպուլիզմով, պետք եղած ժամանակ՝ առանց կարմրելու մարդկանց խաբելով, ֆռացնելով իրենց գործն առաջ տանեն, բնականաբարъ իրենց նպատակների համար։ Ու քանի որ նիկոլական կադրերը մասնագետ չեն որևէ հարցում, հիմնականում պրավալ են տալիս իրենց ոլորտները։ Ջահել են, ինքնավստահ և պետության կառավարման տեսանկյունից՝ խիստ անհաջող, միգուցե` վտանգավոր։
Երկրորդ հատվածը սորոսականներն են։ Սորոսը, որպես Հայաստանում գունավոր հեղափոխությանը տարբեր իմաստներով խիստ աջակցած ուժ և որոշ պնդումներով, այս իշխանության բաժնետեր, իր կադրերին է տեղավորում թե՛ Ազգային ժողովում, թե՛ կառավարությունում, ԲՈՒՀ-երում, ու շատ այլ տարբեր մարմիններում։ Ընդ որում, նրանց թիվը բավականին մեծ է, մի ամբողջ խմբակցության կբավարարի։ Գրագետ են, կրթված են, աշխատում են հատուկ ծրագրով ու շատ կասկածելի է՝ Հայաստանի Հանրապետության պետական շահին որևէ կերպ համընկնո՞ւմ է, թե ոչ։ Ինչու եմ ասում կասկածելի․ տրամաբանենք․Ջորջ Սորոսը ինչո՞ւ պետք է միլիոնավոր դոլարներ ծախսեր տարիներ շարունակ մի երկրում, որտեղի ո՛չ ազգակիցն է, ո՛չ առավել ևս՝ քաղաքացին․․․ Անգամ Հայաստանում երբեք չի եղել․ բացատրեք ինձ, ինչու՞ պետք է այդ մեկենաս կոչվող կերպարը այդ գումարները էստեղ ծախսի, ծրագրեր անել տա, որ ՀՀ քաղաքացու՞ն լավ լինի, Հայաստան կամ Արցախ պետությու՞նը ամրապնդվի․․․ Դժվար թե։ Հասկանում են այդ սորոսական կոչվածները, որ միգուցե կործանիչ գործունեությամբ են զբաղված Հայաստանում։ Հնարավոր է, որ ոչ, հնարավոր է՝ այո։ Սորոսիզացիան սպառնալիք է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ուղղակի մեզ մոտ 2018 թվականից մտած են պետական բոլոր համակարգեր։
Կադրային մյուս մեծ խումբը իշխանության մեջ, կարելի է ասել՝ պատկանում է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Լևոնականները, Լևոնի թիմի անդամները Նիկոլի իշխանության մեջ շատ են ու թելադրող են։ Լևոն Տեր-Պետրոսյանը երբ հեռացվեց իշխանությունից, նրա կադրերը մեծամասամբ մնացին, եթե ինքնակամ չհեռացան ի սոլիդարություն իրենց առաջնորդի։ Տարբեր տարիների՝ սկսած 1999 թվականից, վերակենդանանալու, իշխանությունը վերադարձելու փորձեր արեցին․ կարելի է հիշել ոչ միայն 2008 թվականի մարտի 1-ը, այլև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հայտնի ցուցակը, որով պետության բարձր պաշտոններ էին պահանջում իշխանությունը վերադարձնելու համար, կարելի է հիշել այլ դրվագներ ևս։ Ի վերջո, 2018 թվականի հեղաշրջումից հետո լևոնականները թևակոխեցին կառավարություն ու ազգային ժողով։ Նրանք շատ են, պատմության փոշին վրաներից փչում են, դեմ են տալիս Նիկոլին, նա էլ տեղավորում է ուր ուզում են՝ Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Մելքոնյան, Խաչատուր Սուքիասյան, Վիգեն Խաչատրյան, Վաղարշակ Հարությունյան, Վահագն Խաչատրյան և այլն և այլն, դժվար է այդքանին թվարկելը։ Վաղուց մոռացված լևոնականները Նիկոլի օրոք վերակենդանանում են, նրանց շարքում մարդիկ, որոնք զարմանալիորեն դուրս մնացին արդարադատության աչքից, չնայած որ թալանի մասին լեգենդներ կան։ Դիտելով հիմիկվա բարքերը, կարող էին, չէ՞, մի տարի-երկու տարի կալանքի տակ գտնվեին, մինչև դատախազությունն ու քննչականները, ԱԱԾ-ն կպարզեին՝ այդ լեգենդները հիմքեր ունե՞ն, թե ոչ։ Բայց ոչ, նրանք հանգիստ իրենք իրենց համար ապրեցին։
Ու հիմա այդ լևոնականներից մեկը դառնում է նախագահ։
Արմեն Սարգսյանն այսօրվանից ՀՀ նախագահը չէ։ Չափազանց լավ լուր է։ Վերջապես մենք ազատվեցինք մի անհաջող կադրից։ Պաշտոնից գնաց մի մարդ, որը 4 տարվա ընթացքում ոչինչ չարեց, բացի անխնա ճամփորդելուց և արդարանալուց, որ ոչինչ չի անում, որովհետև լիազորություն չունի։ Արմեն Սարգսյանին չեմ ուզում անդրադառնալ, նրան, հուսով եմ, կանդրադառնա Հայաստանի իրավապահ համակարգը՝ գոնե այս իշխանության հեռանալուց հետո։ Իսկ ո՞րն է Արմեն Սարգսյանի գնալու լուրի մեջ վատը․ այն, որ նրա չեղած լիազորությունները կատարելու է Ալեն Սիմոնյանը։ Մյուս վատն էլ այն է, որ հաջորդ նախագահ է նշանակվելու Վահագն Խաչատրյանը։ Այս կադրային տեղապտույտը պետությունը խայտառակելու հերթական արարն է։
Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն իր մարդն է ունենում նախագահի աթոռին։ Ընդդիմությունը չեմ լսել, որ նախկին ու ներկա, հին ու նոր, սև ու սպիտակ բաժանում անի։ Բայց Նիկոլենք իշխանության գալով՝ մերժեցին նախկինների կադրերին, բայց սկսեցին ամենանախկինին վերակենդանացնել։ Վահագն Խաչատրյանի ազգանվան մեջ մի հատ «ու» տառ են բերել-մտցրել ու վերջ, նա արդեն նոր է։ Երևի այդպես են մտածում, ինչ ասեմ։
Համաձայն Սահմանադրության, պետք է նախագահը լինի չեզոք։ Արմեն Սարգսյանը չեզոք էր, բայց ոչ միայն կուսակցական առումով, այլև ընդհանրապես, բացի իր բիզնեսից, մնացած ամեն ինչի առումով, Հայաստանի վերաբերյալ ամեն ինչում ձեռնպահ էր, իր համար մեկ էր՝ ինչ է լինում։ Այ այդքան չեզոք էր։
Վահագն Խաչատրյանը Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ է մինչև հիմա։ Ասում է՝ մոռացել եմ դուրս գամ։ Վահագն Խաչատրյանը քաղաքացիական պայմանագրի թիմի անդամ է։ Ավելին, նա նախարար դարձավ աղետալի պատերազմից հետո, կապիտուլյացիայից հետո, երբ անգամ այն ժամանակվա մոլի նիկոլականների աչքներն բացվեցին, նա հակառակը՝ ողջունեց Հայաստանի տարածքի հանձնումը Ադրբեջանին, թշնամին եկել-մտել է Սյունիք, նա ասում է ոչինչ չենք տվել, այդ հողը մերը չէ։ Իմ կարծիքով, կլասիկ հակապետական մարդ է նա ու դառնում է նախագահ։ Կարծում եմ՝ ադրբեջանցիների ուրախությանը հերթական անգամ չափ չի լինի։
Վահագն Խաչատրյանը չեզոք չէ նաև տնտեսապես․ նա բավականին երկար ժամանակ Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկում է աշխատել, ասում է՝ խորհրդի անդամ էր, մինչև նախարար նշանակվելը։ Հիմա էդ մարդը կարո՞ղ է չեզոք լինել գործարար միջավայրի նկատմամբ։ Չի կարող։ Էս մարդը երբ Երևանի քաղաքապետ էր, Խաչատուր Սուքիասյանին կոպեկներով հանձնել է Երևանի ամենակենտրոնում գտնվող հսկա շենքը։ Էն կենտրոնում, որ ինչին մոտենում ես, ասում են էս Գռզոյինն ա, այ դրա մեջ նաև Վահագն Խաչատրյանի ամագը կա։
Իրականում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինձ չեզոք մարդ պետք չէ, ինձ պետք է մարդ, որը ինչ ուզում եմ՝ ստորագրի, ինչ ուզում եմ անի կամ չանի, Արմեն Սարգսյանի պես, երբ ինձ պետք է՝ չդիմի ՍԴ, ինձ ինչ պետք է՝ ասի հա, որ ստիպված չլինենք շրջափակել նախագահականի շենքը։ Տարբերություն չկա՝ էն շենքում Նիկոլն է նստած, թե Վահագնը, կամ մի ուսապարկ, որովհետև նույն բանն է իրականում։ Էդ մարդը, ինչպես քաղաքական գործիչներից մեկն է դիպուկ բնորոշում, իր քաղաքական անձնագիրը հանձնել է Նիկոլին ու ասում է՝ ինչ ուզում ես արա, քեզ լինի։ Էս կողմ էն կողմ էլ չընկնենք, Փաշինյանն է ասում՝ ես եմ որոշում ով կաշխատի, ով հրաժարական կտա։ Իսկ որոշում կայացնելիս էլ սպասելու է Նիկոլի ՍՄՍ-ին, ինչպես ԱԺ պատգամավորներն են դրան սպասում։ Մենակ թե ինձ հետաքրքիր է՝ Խաչատրյանը գիտի՞, որ նախագահը լիազորություններ չունի։ Չնայած ով չի պատրաստվում գործ անել երկրի համար, լիազորությունների սակավությունից կխոսի, իսկ ով ուզում է, լավ էլ կանի․ այլ հարց է, որ գործադիր իշխանությունը կկոմպլեքսավորվի, դրա համար էլ նենց մեկին են գտնում, որ նստի սպասի ՍՄՍ-ին։
Նախագահի պաշտոնը երբ թափուր մնաց, ինչ անուն ասես որ չշրջանառեցին՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, դե սրանք ինքնաառաջադրվածներն էին, հետո Արայիկ Հարությունյան, հետո բերեցին մի թեկնածուի վրա, որ հանրությունը ստիպված ասի՝ դե լավ, Արայիկ Հարությունյանի համեմատ, գոնե սպիտակ մազերով է, ու էդպես վատերի մեջ մի քիչ ոչ այդքան վատին ընտրելու սկզբունքով ընտրեցին։ Բայց մի անկեղծ հարց տամ․ եթե մեր երկրում Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետ է, Հրաչյա Հակոբյանը թիվ մեկ քաղաքական մարմնի դեպուտատ է, Մելիքսեթ Պողոսյանը մարզպետ է, պատկերացնու՞մ եք Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահ է, կադրային էսպիսի ընտրություն ունեցող Նիկոլի թիմում ինչի՞ պետք է Վահանգն Խաչատրյանը չդառնա նախագահ։
Ցավալին այն է, որ խոշոր հաշվով, քաղաքացու համար մեկ է՝ ով որտեղ պաշտոնի կլինի։ Մարդիկ շարժվում են էն տրամաբանությամբ, որ ով էլ լինի նախագահ՝ Արմեն Սարգսյանից լավը կլինի, ու համաձայնում են Վահագնին, ով էլ լինի արդարադատության նախարար՝ Բադասյանից լավը կլինի, ու բերվում է Անդրեասյանը, ով էլ լինի ԱԺ նախագահ, Արարատ Միրզոյանից լավը կլինի, ու բերվում է Ալենը, ու տեղի է ունենում էս շարունակվող խայտառակությունը, որը կոչվում է Հետհեղափոխական Հայաստանի Հանրապետություն։
Կարճ ասած՝ այս ամենը կատարվում է միմիայն մարդկանց, քաղաքացիների անտարբերության պատճառով։ Ինչ է եղե՞լ որ, «թող միքիչ էլ սրանք լինեն»-ով առաջնորդվելով։ Եթե քաղաքացին անտարբեր չլիներ իր ու երկրի կյանքի համար, չէին համարձակվի այ էսպիսի քաոս սարքել երկրում։ Մենք շուկայում լոլիկը ավելի մանրակրկիտ ենք ընտրում, քան իշխանություն, այդտեղ է պատճառը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը