24 01 2022

«Կարճ ասած»․ Երեք բացասական լուր՝ երկու օրում․ Ի՞նչ կատարվեց Հայաստանում



 

Երեք լուր ունեմ, երեքն էլ բացասական։ Սկսեմ այսօրվա իրադարձությունից․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան նշանակվեց մարդ, որը ոչ մի չափանիշներով այդ պաշտոնին չէր համապատասխանում։ Քրիստինե Գրիգորյանը արդարադատության նիկոլական փոխնախարար էր։ Մարդու իրավունքների պաշտպանը, համաձայն սահմանադրության, պետք է լինի հանրության կողմից ճանաչում և հարգանք վայելող․ այս տիկնոջը ոչ ոք չի ճանաչում, հարգանքի մասին խոսելն ավելորդ է․ անգամ մասնագիտական շրջանակներում երևի ոչ մեկը ունի, ոչ մյուսը։ Մենք գիտենք, որ հարգանքը մարդ վայելում է իր պահվածքով, գործողություններով։ Այս կինն այսօր ելույթ է ունենում ու ասում՝ սահմանին ամեն ինչ նորմալ ա, Հայատանում քաղբանտարկյալներ չկան, իշխանության փաստաբանի դիրքերից է հանդես գալիս ու արդարացնում ամեն ինչ։ Ոչ մի անաչառ խոսք, ամեն բան իշխանությանը հաճո։

Առուշ Առուշանյանը, Նարեկ Մանթաշյանը, Աշոտ Մինասյանը երևի իրենք հոգնել էին ազատության մեջ մնալուց և խնդրել էին իրենց բանտարկել։ Հարցնում են կարծիքը Նիկոլի չագուչի մասին, կարծիք չունի, դատարանները շրջափակելուց կարծիք չունի, այս իշխանության արած որևէ բացասական երևույթի վերաբերյալ կարծիք չունի։ Ու նա դառնում է նիկոլական Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան՝ օմբուդսմեն։ Նիկոլենք մոմի լույսով ման եկան, թե որ պաշտոնի հերը չեն անիծել ու հենց հնարավորություն ունեցան, արեցին։ Արման Թաթոյանի դեմ հաճախ էին բողոքում ու հաճախ իշխանականները։ Դարձել էր աչքների փուշը։ Սահմանին այցելել կարողանում են սահմանափակ թվով մարդիկ, Արման Թաթոյանը ունի այդ իրավունքը և միշտ օգտվում է, բարձրաձայնում է խնդիրները։ Իսկ Ադրբեջանի հետ քիրվայություն անողներին դա դուր չի գալիս։ Այս կնոջը օմբուդսմենի պաշտոնում նշանակելով՝ իշխանությունն ասաց, որ այսուհետ Հայաստանում պետք է յուրաքանչյուր քաղաքացի ինքն անձամբ զբաղվի իր իրավունքների պաշպանությամբ, մոռանա էդ պաշտոնում գոյություն ունեցողի մասին։

 

Մյուս իրադարձությունը, որ արժանի է հիշատակման, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն է։ Դե լավ, կարելի է մտածել, մարդ է, ամուսնացել է, ի՞նչ է եղել որ։ Բան չէի ասի եթե․․․ Նախ դերասանություն-շոու արվեց՝ գնալով Եռաբլուր ֆոտոսեսիայի։ Գնացել էին մեր հերոս տղաների շիրիմներին, որոնցից բազմաթիվներին, շատերի կարծիքով,  հենց իր իշխանությունը չթողեց ամուսնանալ, երջանկանալ, տարավ ու դրեց հողի տակ։ Ասում են՝ բոլորն էլ հարսանիք անում են, պաշտպանության նախարա՞րն ինչու չանի։ Թող աներ, բայց՝ պարտված երկրի, դեռ գերիներ ունեցող երկրի, անհետ կորածներ ունեցող երկրի, մեր երկրի, որտեղ պատերազմից մեկ տարի և երկու ամիս անց դեռևս Եռաբլուրում գերեզմաններ են փորվում, այդ երկրի պաշտպանության նախարարը աղմկոտ, ճոխ հարսանիք է անում ու դա նորմա՞լ է․ դա Նիկոլի ու թիմի տռճիկն էր դիակների վրա, տղերքի վրա, որոնք զոհվեցին զուտ նրա համար, որ Նիկոլը, Սուրեն Պապիկյանն ու նրանց նմանները իշխանության են։ Ինչների՞դ վրա էիք պարում։

Պապիկյանին կարելի է հարցնել՝ եթե դուք բախտի բերմամբ չդառնայիք մեր երկրում թիվ մեկ ասֆալտ անողը, եթե չլինեիք իշխանավոր, նախարար, էդպիսի մեծ ու ճոխ հարսանիք կանեի՞ք։ Ասեք էլի։ Ինչպե՞ս է լինում, որ ձեր թիմը չի կարողանում անգամ ապառիկով պիլեսոս առնել,  թունդ հեղափոխական է դառնում ու մեր երկրի մասշտաբով գերշքեղ հարսանիք է անում, գնում է միկոնոսյան շքեղ հանգստի, տներ ու ավտոներ է փոխում տարին մի քանի հատ։ Հասարակությանը հետաքրքիր է, էդ փողը ո՞րտեղից աշխատեցիք, այս կարճ ժամանակահատվածում։ Եթե դա ունեցել եք մինչև հեղափոխությունը, ուրեմն ինչի՞ էիք ասում, թե Սերժի վախտ վատ եք ապրել, թալանել են, ձեր գրպանում մկներ էին վազում։ Բնականաբար՝ դա ձեզ տվել է ձեր իշխանությունը։ Դե պարզաբանեք, տեսնենք, այլապես այս խոսակցությունները դեռ երկար են մնալու։

Սասուն Խաչատրյան, ինչո՞վ է զբաղված քո հակակոռուպցիոն կենտրոնը։ Բացեք նայեք Պապիկյանի հարսանիքի հյուրերի ցանկը կոռուպցիոն դեմքերի առկայությունը, օլիգարխների առկայությունը էդ ցանկում ու կտեսնեք, թե ինչպես իրենց արած հեղափոխությունը, իրենց իսկ՝ հեղափոխականներին դարձրեց հրեշ։

Կրկնում եմ, հանրությունը հարց է տալիս ձեզ՝ Պապիկյան Սուրեն, հեղափոխությունից հետո եղել ես նախարար, ստացել ես 1,5 մլն դրամ աշխատավարձ ու պարգևավճար, ո՞նց ես էդպիսի վայելքներ թույլ տալիս։ Ուրիշի հաշվի՞ն ես արել, դու պաշտպանության նախարար ես։ Բացատրություն տուր ժողովրդին, Սասուն Խաչատրյանին։ Ժողովուրդ, ուրախ եմ, որ մեր երկրում ամուսնությունները շատանում են, մանավանդ որ Նիկոլի պատճառով էնքան է պակասել մեր ժողովուրդը, որ անգամ բազմակնություն մտցնելու կարիք կա, բայց դա պետք է լինի մարդավարի։ Այդ հարսանիքից կոռուպցիոն հոտ է գալիս։

 

Մյուս նորությունը, իհարկե, Արմեն Սարգսյանի հրաժարականն էր, որից հետո հիշեցինք, որ Հայաստանում նախագահ կա։ Նա մեկ 1997 թվականին հրաժարական տվեց՝ վարչապետի պաշտոնից, մեկ էլ հիմա։ Երկու անգամ էլ նրա գործունեությունը Հայաստանի համար եղել է տխրահռչակ։

Տարբեր վերլուծություններ կան, թե ինչու է հրաժարական տվել Արմեն Սարգսյանը․ Նիկոլն ուզում է անձամբ դառնալ նախագահ, Նիկոլն ուզում է իր մարդուն դնել, Արմեն Սարգսյանն ինքն է հրաժարական տվել՝ այլևս ցանկանալով միայն իր բիզնեսներով զբաղվել, կան փաստաթղթեր, որոնք վտանգավոր են Հայաստանի համար, Արմեն Սարգսյանը չի ուզում ստորագրել ու գնում է։ Առանձնապես վերջին տարբերակին հակված չեմ։ Արմեն Սարգսյանը ստորագրել է այն ամենը, ինչ տվել են ու էլի կստորագրեր։ Նա մարդ է, որին նախագահի պաշտոնը ստիպված Հայաստան էր բերում՝ շրջագայությունները կիսատ թողնելով։ Նա նախագահ էր, որի օրոք մեր երկրում տեղի ունեցան ամենախոշոր սրիկայությունները, ու նա ձայն չհանեց։ Արմեն Սարգսյանը ձայն չհանեց, երբ երկրի հերն անիծեցին, դատարանների շրջափակում, ՍԴ վրա գրոհ, հակասահմանադրական օրենքների շքերթ, կապիտուլյացիա, ի վերջո։ Նա առաջինը մոռացավ, որ պահանջել է Նիկոլի հրաժարականը, ու սկսեց հետը համագործակցել։ Իսկ իր անգործությունն էլ ամեն անգամ արդարացնում էր, թե՝ լիազորություն չունեմ։ Անգամ ասում էինք գերիների մասին խոսեք, ասում էր իմ ի՞նչ գործն է, ես նախագահ եմ։

Նա միայն լիազորություն ուներ բարբեքյու պատրաստելու, Ամուլսարի դեմ կռիվ տվողների հետ Քոչարի պարելու, երեխաների հետ մառոժնի լպստելու։ Արմեն Սարգսյանն այն բացառիկ հայրենակիցներից էր, որոնք դրսում ունեին հսկայական կապեր, ինչպես մեզ ներկայացվում էր, բայց ոչ մեկը հանուն Հայաստանի չօգտագործվեց։ Իմ կարծիքով, Նախագահի պաշտոնն այդ մարդու համար լրացուցիչ հնարավորություն էր իր բիզնեսներն ապահովագրելու ու աշխարհի տարբեր երկրներում նա իր գործերն արեց։ Դա կռիշ էր իր համար, կարգավիճակ էր որը օգտագործվեց անձնականի համար, բայց ոչ Հայաստանի համար։ Ու հնարավոր է եկավ մի օր, ու այլևս նախագահի պաշտոնը իրեն էլ պետք չէր, միգուցե արդեն խանգարում էր։

Արմեն Սարգսյանին ուշադիր եղեք՝ հանկարծ շատ հեռու չթռնի․ նա պետք է շատ արժեքավոր վկայություններ տա իշխանափոխությունից հետո, թե ինչպես եղավ Հայաստանի կործանումը։ Ամեն դեպքում, Արմեն Սրագսյանի հրաժարականը ցույց է տալիս, որ այնքան վատ վիճակում ենք, որ անգամ տուրիստներն են փախչում։

Կարճ ասած՝ վերջին երկու օրերի երեք իրադարձությունները հերթական ահազանգն են, որ ժողովուրդ, սթափվիր։ Ո՛չ Արմեն Սարգսյանի, ո՛չ Սուրեն Պապիկյանի, ո՛չ Քրիստինե Գրիգորյանի պաշտոնավարելն է ի շահ երկրի, ոչ էլ հրաժարական է ի շահ երկրի։ Նրանք, իրականում մեր երկիրը ու մեզ բոլորիս քամում են։ Մի օր էլ որ տակը բան չմնա, այ սենց Արմեն Սարգսյանի նման դրսից հրաժարական կտան։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ