19 01 2022

«Կարճ ասած»․ Ձեր կատակները թանկ են նստում պետության վրա. 5 հազար զոհ արժեն



 

Հայաստանում գործազրկությունը հասել է ռեկորդային թվերի՝ 20 տոկոս։ Սենց ցուցանիշ մեկ էլ Տեր-Պետրոսյանի կառավարման առաջին տարիներին է եղել։ Պետությունը չի էլ մտածում կարգավորելու մասին, կատակով ասում է՝ ամեն ինչ աննախադեպ լավ է։ Նիկոլ Փաշինյանը 3 անգամ կառավարության ծրագիր է ներկայացրել, երեքի դեպքում էլ աղքատության նվազեցում ու ծայրահեղ աղքատության վերացում է գրված, երեք անգամ էլ ձախողվել է։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև կատակ են արել, ժողովուրդ, որ գրել են, թե աղքատությունը վերացնելու են։

Վահան Քերոբյանն ասում էր, թե 2021 թվականին զբոսաշրջության 319 տոկոս աճ կունենանք, իսկ տնտեսությունն էլ ավելի համեստ աճ կունենա՝ ընդամենը երկնիշ։ Yerevan.Today-ի հարցին՝ եթե ձեր նպատակին չհասնեք, ինչ կանեք, ասում էր՝ հրաժարական կտամ։ Հիմա ասում են՝ խոստումդ չես կատարել, հազիվ ասածիդ կեսին ես հասել, ինչի՞ հրաժարական չես տալիս, ասում է՝ կատակ եմ արել։ Էս էն կատակի սիրահարն է, որ օլիմպիադայում 175 մասնակցից 163-րդ տեղն էր գրավել ու կատակում էր, թե՝ տեսեք-տեսեք՝ հաղթել եմ։

Ախր շատ ավելի վատ է, եթե կատակով ես ասել․ մարդ իր առաջ պլանկա է դնում՝ պետք է հասնեմ այս տարի սրան ու խոստանում է դա անել․ եթե դա ասում է հազար տեսախցիկի ներկայությամբ ու չի անում, պարտավոր է որպես տղամարդ, բարոյականություն ունեցող մարդ, ուղղակի թողնել-գնալ՝ չմոռանալով ներողություն խնդրելու մասին։ Դա նաև իր հաջորդի համար դաս կլինի։

Ասում ես Քերոբյան, բա որ չէիր կարողանալու երկնիշ աճ ապահովես, ինչի՞ էիր խոստում տալիս, պատասխանում է՝ ասել եմ երկնիշ տնտեսական աճ կլինի, որ հանրությանը հույս տամ։ Այսինքն, ի սկզբանե գիտեր, որ չի լինելու, խաբում էր։ Ասում է՝ մարդիկ մոտենում, շնորհակալություն էին հայտնում, որ հույս եմ տվել։ Սա լրիվ Նիկոլի աշակերտն է, բոլորը նրան անիծում են, նա էլ ասում էր՝ ոչ, մարդիկ մոտենում՝ շնորհակալություն են հայտնում, որ Արցախը հանձնել եմ։

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է աշխատանքից ազատել Քերոբյանին ստելու համար․ Քերոբյանն փաստացի ասում է՝ ժողովուրդ, կառավարության որևէ խոստումին չհավատաք, ինչ ասել ու ասում են՝ կատակ է։ Նա ձեռք է առնում բոլորին, այդ թվում՝ կառավարությանը։ Բայց Նիկոլը նրան չի էլ ազատի, ասաց, թե ինքն է արգելել, որ հրաժարական տա․ գիտե՞ք ինչի․ որովհետև հենց ասի դիմումդ գրի, կարող է Քերոբյանը համարձակություն ստանա ու պատասխանի՝ Նիկո՞լ, էդ դու 500 էջ խոստում ես տվել, ո՞ր մեկն ես կատարե՞լ, որ․ ոչ մեկը․ բա ինչի՞ դու չես գնում, ես պետք է գնա՞մ։

Նիկոլը խոստացել է 500 հազար աշխատատեղ բացել, 7-ապատկել միջին աշխատավարձը։ Սրանով Նիկոլը կատակ չէ՞ր անում։ 20 տոկոս գործազրկություն կա Հայաստանում։ Մեր երկրում ցանկացած 3-րդ աշխատող համարվում է աղքատ, զուգահեռ աշխատանք է ման գալիս։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ 2018 թվականի մայիսից սկսած՝ Հայաստանում արտագաղթը դադարել է։ Հենց էսօր ՀՀ քաղաքացիները բողոքի ցուց էին անում ԱՄՆ դեսպանատան մոտ, թե ինչի՞ չեք թողնում գնանք մեր երեխեքի անվտանգ ապագան ապահովենք։ Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ցույց է արտագաղթի պահանջով։ Արտագաղթի պահանջո՛վ, Նիկո՛լ։ Դու՛, 5 միլիոն քաղաքացիով Հայաստան ես խոստացել։ Կարող է ասել՝ ես չեմ խոստացել, որ միայն հայեր կլինեն, կարող են թուրքերն ու ադրբեջանցիներն էլ գալ։

Նիկոլ Փաշինյանն ասում էր` Հայաստանում կոռուպցիան իսպառ վերացել է։ Մարդը կատակ էր անում․ օրը մի կոռուպցիոների մասին իմանում ենք, էլ չասեմ՝ չբռնված կոռուպցիոներները, որ գործում են իշխանության թևի տակ ու ոչինչ չի բացահայտվում։ Արդեն երևի հասկացաք, որ կատակ էր անում, երբ ասում էր՝ գազը, հոսանքը կէժանանան, ջուրը չի թանկանա։ Եթե չեք զգացել, անհամբեր սպասեք ամսվա վերջում կոմունալին։ Կատակ չէ՞ր անում, երբ ասում էր, որ ԽԾԲ համակարգ էլ չի լինելու։ Նիկոլի էլ աներձագ, քավոր, սանիկ, ընկեր, կնիկ-մարդ, էլ ում ասես՝ խառը լցրել են ու պետական բյուջեյի հաշվին բարեկեցությունն են ապահովում։ Վերջերս անգամ մարզպետ հորը հանեց, տղուն դրեց տեղը։ Այ հենց տենց, բդեշխական վիճակ։ Կատակ էր անում, երբ ասում էր, որ պետք է արագաչափերը հանեն, կատակ էր անում, երբ ասում էր՝ թռիչքաձև զարգացում, էլ չեմ ասում՝ տնտեսական հեղափոխություն։

Պատկերացրեք՝ ինչ կարգի կատակ էր անում, երբ ասում էր՝ պետք է բացենք շաքարի գործարան, բալոնների գործարան, հայկական տեխնիկայի գործարան, բամբակի գործարան։ Մարդը կատակ է արել, ժողովուրդ։ Ասում էր՝ մեր երկրում պետք է բացվեն 3 հազար աշխատող ունեցող նոր գործարաններ։ Ո՞ւր ա։ Գնում էիք, մի հատ անկապ շենքի առաջ լենտ էիք կտրում, ասում էիք՝ գործարան ա։ Մի շաբաթ հետո գնում-տեսնում էինք վրան կողպեք ա խփած ձեր գլխից մեծ։ Կատակ էր էլի, Հ1-բան ցույց տվեցին, իրենք իրենց ծափահարեցին, ուրախացան և վերջ։

Միլիոններ ծախսեցին, բոլոր մարզերը ֆռացին, ներդրումային համաժողովներ արեցին։ Ի՞նչ արդյունք ունեք։ Գրեթե զրո ներդրում․ ստացվում է՝ էդ հավաքները եղել են հումորի ցերեկույթներ։ Մի կատակ էլ Նիկոլն արեց 2019թ․ ապրիլի 19-ին, հայտարարեց, թե իր տված խոստումները կատարել է 100  տոկոսով։

Ասում էր՝ վերացնելու եմ տնտեսական մենաշնորհները։ Հիմա դու՝ Նիկոլ, կարող ես պարզ աչքերով, առանց կարմրելու նայել Խաչատուր Սուքիասյանին ու Սամվել Ալեքսանյանին ու ասել՝ ես վերացրել եմ տնտեսական մենաշնո՞րհը, օլիգարխերի՞ն։

Փաշինյանը գնացել էր Արարատի մարզի Ռանչպար գյուղ․ եկել-ասում էր՝ Ռանչպարում վիճակը ծանր էր, որոշեցի մի բան անպայման անեմ էդ գյուղացիների համար, ու բանաստեղծություն գրեցի։ Դուք վատ ե՞ք, արա։

Ձեզ թվում է՝ մենակ Նիկոլն ու Քերոբյանն ե՞ն շուլուխչիներ․ 2019 թվականին Էկոնոմիկայի նախարարը, որ հիմա ֆինանսների նախարար է, խոստանում էր ներդրումները հասցնել ՀՆԱ-ի 23-24 տոկոսին։ Կատակ է արել։ 2019 թվականին կապի նախարարի տեղակալը մեգաշուլուխ արեց, թե՝ «Էյրբաս» ընկերությանը ուզում են հրավիրել Հայաստան, շուտով մեր երկրում սամալյոտ կարտադրեն։ Էն մեկն էլ խոստանում էր, որ մինչև 2022 թվականը զանգվածային հայրենադարձություն կլինի։ ՔՊ խոստումների ծրագիրն ընդհանրապես, հումորի գիրք է։

Ու սրանք ասում են՝ ժողովուրդ, մեզ վրա հույս մի դրեք, մենք ինչ ասում ենք՝ հումորով է։ Դու բերել ես, սպասում ես, որ պետք է քո կյանքը բարեփոխեն, սրանք ասում են՝ ձեռ ե՞ք առնում, բա մեր կյա՞նքը ով բարեփոխի։ Սրանք ալնլուրջ են վերաբերում ոչ միայն իրենց, այլև ժողովրդին։ Նրանք թքած ունեն թե՛ նրա վրա, որ այս ստերի արդյունքում իրենց հեղինակությունը զրոյի է հասնում, թե՛ նրա վրա, որ ստերի արդյունքում դու չես կարողանում ապրել էս երկրում, գնում ես ԱՄՆ դեսպանատան մոտ, թե՝ ինձ տարեք Հայաստանից։ Էս ա վիճակը, նախարարը բան է խոստանում, ասում է՝ հումոր եմ արել, Փաշինյանն աջ ու ձախ զրպարտում է, ասում է՝ հումոր եմ արել, էն մի նախարարը ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում, լուրջ օրինագիծը ծիծաղալով ու մռութները լպստելով է արտասանում, կասի՝ հումոր էի անում, խնդում էի։ Պետությունը վարի են տվել ու նստել, կատակ են անում։

Սա վատ օրինակ է բոլորի համար, որ կարող են վաղը իշխանության գալ, ոչինչ չանել ու ասեն՝ տեսեք՝ նախկինները, այսինքն՝ նիկոլենք, ոչինչ չէին անում, պատիժ չէին կրում, մե՞նք ումից ենք պակաս։ Բոլորն են տեսնում, չէ՞, որ տապալում եք ու պարգևատրվում, տապալում եք ու պարգևատրվում։

Կարճ ասած՝ դուք հասկանում ե՞ք, թե ինչ ծանր են նստում մեր վրա ձեր կատակները։ Հերիք ա ժողովուրդ, հերիք ա կատակ անեք, սա պետություն է, հումորի լիգա չէ։ Վաղը Քերոբյանին էլ կմոռանանք, էս միանման դեմքերին էլ կմոռանանք, բայց չենք մոռանա ձեր ամենամեծ կատակը, որի արդյունքում կորցրեցինք Արցախի մեծ մասը, հազարավոր լուսավոր տղերքի դրեցինք հողի տակ, հազարավոր լուսավոր տղերք դարձան հաշմանդամ, կորցրեցին մարդիկ իրենց տունը, որովհետև արծրունական կատակ էիք անում, թե՝ ինչ ուզում՝ բանակցում ենք, մեր կետից ենք բանակցում, հաղթում ենք։ Նիկոլի ու թիմի մի կատակը ողբերգություն բերեց, մյուս կատակը՝ աղքատություն բերեց, էն մեկելը՝ գործազրկություն։ Ձեր կատակների արդյունքում մենք պետություն ենք կորցնում ու հավատացե՛ք, ոչ ոք չի ծիծաղում դրանց վրա, ձեր կատակները այս ժողովրդին միայն թշվառություն, լաց ու մահեր են բերում։



Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ