Ավարտին մոտեցավ 2021 թվականը, որը չափազանց բարդ տարի էր, լի էր իրադարձություններով, հիասթափություններով և շարունակվող, իմ գնահատմամբ՝ աղետով, որովհետև մենք տարին փակում ենք և նորն ենք սկսում որևէ նորմալ բան չարած։
Քաղաքացին տարեմուտին էկրանից գլխավոր կենացն ասողի դերում տեսնելու է մարդու, որը մեր երկիրը կործանման է տանում, նաև հենց այսօր, ում պատճառով սգից դուրս չենք գալիս, էս պահին ունենք դեռևս անհետ կորած մարդիկ, գերիներ․ հիմա պետք է շնորհավորի, մաղթանքներ անի, ասի հաղթահարել ենք ներքաղաքական ճգնաժամը, վերածնվում ենք և այլն և այլն ու տա խոստումներ, որոնք քոռ կոպեկի արժեք չունեն։
Մարդը տեսնում է, որ նա, ով մեր ազգի ողնաշարը կոտրել է, խոսում էր վերածննդի մասին։ Անհնար է, ժողովուրդ, մի երկիր չկա, որ էսքան ձախողումներից հետո, էս դաժանություններից հետո մնա նույն խայտառակություն բերածը երկրի ղեկին ու վերածնվի։
Մեն մեկը տարվա վերջում ամփոփում է, մի հատ իր համար հաշվետվություն է կազմում, թե ինչ արեց, ինչը չհասցրեց, ինչը ոնց եղավ, տարին լավն էր, թե վատը։ ՀՀ քաղաքացին մեր պետության համար ի՞նչ ձեռքբերումներ առանձնացրեց։ Անգամ Նիկոլը, որ առաջ 100 փաստեր էր մեջտեղ բերում ու անկապ բաները ձեռքբերում համարում, արդեն երկու տարի է՝ չունի որևէ դրական փաստ ներկայացնելու։ 2021-ին, թերևս, ձեռքբերում էր ֆուտբոլի հավաքականի մի քանի հաղթանակը, Եվրատեսիլում հաղթանակը, գազի չթանկանալը, այն, որ Սյունիքը դեռ չեն հանձնել։ Ծիծաղելի է, բայց լուրջ բաներ դժվար հիշեք։
Տարվա վերջին օրն անգամ մարդիկ ականատեսն են խայտառակության։ Հենց այսօր Նիկոլը զբաղված է Վարդենիսը զավթելով։ Համայնքապետարանում ավագանին իրար է քաշքշում։ Բոլորին դարձրել են իրար թշնամի։ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեկ մանդատ գողանալ։ Որքա՞ն կուզենային մարդիկ տեսնել, որ եթե պարտվում եք, դա կրում եք արժանապատվությամբ։ Ընդհանրապես, մի քանի ընտրություն տեղի ունեցան մեր երկրում՝ համապետական և տեղական։ Ոչ մի ընտրություն իրականում հարց չլուծեց․ ՏԻՄ ընտրությունների մեծ մասում Նիկոլի թիմը խայտառակ պարտվեց և հիմա այդ համայնքներում խայտառակություն է տիրում, երկուսում ընտրված ընդդիմադիրին կալանավորել են, Թալինում զոռբայությունն արեցին, Վեդիում զոռբայություն են անում և այսպես շարունակ։ Իսկ խորհրդարանական ընտրություններով ներքաղաքական լարվածությունն այդպես էլ չթուլացավ։ Նիկոլն ինքն իրեն հանգստացնելու համար հարյուր անգամ կրկնում է, թե մեր երկրում քաղաքական մթնոլորտը թուլացել է։ Ոչ, Նիկոլ, չի թուլացել, չի թուլանալու, քանի դեռ դու կաս այդ քաղաքական մթնոլորտում։
Այս տարին շատ անհաջող էր Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում, Հայասդտանը գրանցեց դիվանագիտական ձախողումներ տարբեր ոլորտներում և ոչ մի առաջընթաց, էլ չասեմ, որ երկու արտգործնախարար փոխեցինք, իսկ մի քանի ամիս էլ հիմնարկը մնաց լրիվ անտեր։ Քաղաքացիներն ակնկալում էին, որ պատերազմից հետո պետք է ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններ լինեն, Հայաստանը ատամներով պահի Ստեփանակերտին, այնինչ տեղի ունեցավ սարսափելին՝ Նիկոլը հայտարարեց, որ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս այլ կարգավիճակ չի քննարկվում։ Անվտանգություն ակնկալող քաղաքացին արձանագրեց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի պաշտպանունակությունը էլ ավելի է թուլացել։ Բանը հասել է այնտեղ, որ առանց աջակցության Հայաստանն այսօր չի կարողանում գոնե մեկ դիրք պահել։ Իսկ դիրքերի վիճակը խայտառակություն է։ Հրապարակվեց, թե ինչ ծանր վիճակում են ապրում մեր զինվորները։ Իսկ պաշտպանության նախարարությունը պարգևատրվում է, երևի հենց զինվորներին ցեխերի մեջ քնեցնելու համար։ Տարվա ընթացքում գումար չհայթայթեցին մարտական հենակետ կահավորելու համար, բայց այդ գումարը ծովի պես էր, երբ ուզում էին պարգևավճար տալ։ Հայ ժողովուրդը ամբողջ տարվա ընթացքում չլսեց, թե բանակը համալրվում է նոր ու նորագույն զինտեխնիկայով։ Ու մարդու մոտ ողջամիտ տպավորություն է առաջանում, թե ուզում եք էլի զիջել։
Մարդիկ լսեցին Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերությունների մասին, թաքուն բանակցությունների մասին։ Եռաբլուրում ամփոփված մեր հերոս տղերքը ամբողջ տարի վերևից նայելով չհասկացան՝ այն ինչ կատարվեց 2020 թվականին ինչի՞ համար էր, եթե իշխանությունը գնում է զիջումների ու քիրվայություն է անում։ Եթե նպատասկը դա էր, արդյո՞ք հնարավոր չէր դա անել առանց իրենց հողին հանձնելու, ու թքած ունենալով ժողովրդի կարծիքի վրա։
Հայաստանի քաղաքացին, որն ակնկալում էր սոցիալական ծանր լուծը թեթևացնել, այս տարի ևս տեսավ, որ թոշակ տալու համար պետությունը պարտք է վերցնում, ու պետական պարտքը հատել է 9 միլիարդ դոլարը, հայաստանցին արտագաղթեց 100 հազարով, քաղաքացին ընկավ հոսանքի, ջրի ու մթերքի կտրուկ թանկացման ծանր բեռի տակ, չնայած Նիկոլը հակառակն էր խոստանում։ Բայց քաղաքացին տեսավ, որ իշխանության անդամների համար էլ հաջող տարի էր, մարդիկ բարգավաճեցին։
Ազատություն ու արդարություն ակնկալող քաղաքացին ականատեսը եղավ խայտառակ քաղաքական բռնաճնշումների՝ կալանքի տակ պահվող պատգամավորներ, համայնքապետեր, հասարակական ու քաղաքական գործիչնեևր, վագոններով անիմաստ քրեական գործեր ու հանցավոր աամենաթողություն երկրում։ Ուժեղ պետտություն ակնկալող քաղաքացին տեսավ վախեցած Նիկոլ, մարդ, որը մի կետից մյուսը շարժվում է բացառապես ուժային կառույցների աջակցությամբ, տան 4 բոլորը շրջապատել է ոստիկանական զորքով։ Այսօր ունենք վարչապետ, որն այնքան է խորթացել իրեն իշխանության բերած ժողովրդից, որ անգամ փոքրաթիվ միտինգներին է նախապես հավաքագրում։
Գիտե՞ք որն է զավեշտը․ որ հենց այս տարի Հայաստանի քաղաքացին ուներ այս նվաստացումն ու ստորացումը հաղթահարելու հնարավորություն։ Չարեց։ Բայց ինչպես ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ դեռ հնարավոր է, հնարավոր է որոշ բաներ փրկել, փոխել։ Ուղղակի սրանք պետք է գնան։ Եթե սրանք չգնան, ուրեմն հաջորդ տարին էլ է լինելու Նիկոլի վախերի տարի։ Հաջորդ տարի էլ ենք կորցնելու իրար հետևից, ու սրանք սկսելու են արդարացումները, թե չթողեցին աշխատենք, պատերազմը խանգարեց, կորոնավիրուսը խանգարեց, ընդդիոմւթյունը խանգարեց, եղանակը խանգարեց և այլն։ Ու դուք հարմարվելու եք, չեք հարցնելու՝ լավ, էդ ո՞նց եղավ, որ ո՛չ պատերազմը, ո՛չ կորոնավիրուսը, ո՛չ ընդդիմությունը չկարողացան խանգարել ձեր պարգևավճարներին, ճամփորդություններին, շքեղ հանգստին, ձեր հարստանալուն։ Էդ ո՞նց եղավ, որ նրանք միայն խանգարում են բարի գործեր անելուն, իսկ հակապետական բաներն անում եք առանց խանգարողներին հաշվի առնելու։
Կարճ ասած՝ կարծեք առիթ չկա շնորհավորանքի, բայց գալիք տոները շնորհավոր, հույս ունեմ, որ հաջորդ տարի այն հիասթափոթյունները, որ եղել են, կսկսեն փոխվել։ Մաղթում եմ, որ մենք ուժ ու եռանդ ունենանք պարտությունների, աղետների այս անիվը հետ պտտելու ու ի վերջո կապրենք խաղաղության մեջ։ Այդ խաղաղությունը չի վերաբերում միայն սահմանին։ Բայց այդ խաղաղության համար բոլորս կարևոր անելիք ունենք։
Կհանդիպենք հունվարին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը