ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկվա ասուլիսում ասաց, որ Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն։ Իսկ դատախազությունը դարձել է գունավոր իշխանափոխության պահապանը, այլ ոչ թե օրենսդրության և Սահմանադրության։ Իհարկե՝ անհնար է չհամաձայնել նախագահ Քոչարյանի հետ, բայց հավելեմ, որ խոսքը կարող է վերաբերվել ոչ միայն դատախազությանը, այլ իրավական ողջ համակարգին։
Դատախազության ու իրավապահ ողջ համակարգում այս խայտառակ պատկերին շատ եմ անդրադարձել ու էնքան եմ անդրադառնալու, որ մի օր թասիբի ընկնեն ու գոնե մի գործ անեն, այս իշխանության մի ապօրինության ընթացք տան։ Սրանք դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության ապօրինությունները աչքաթող անող կառույցներ։ Մենք՝ լրատվամիջոցներս, բազմաթիվ հրապարակումներ ենք արել, ապօրինությունների, կոռուպցիոն դեպքերի մասին, հանձնել դատախազությանը։ Հետո ընկել ենք հետևից ու ամեն անգամ ստացել ենք պատասխան, թե ուսումնասիրվում է։ Ամիսներ շարունակ ուսումնասիրում են Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հանցագործությունը, այն է՝ կեղծ դիպլոմով գործի ընդունվելը։ Գործը գնացել է ոստիկանության 6-րդ վարչություն ու հիմա էլ այնտեղ սառել։ Ավելին ասեմ, անգամ չեն կասեցնում մարզպետի գործունեությունը, մինչև ուսումնասիրվի։ Փաստացի հանցագործություն է սա, թողնում են, որ մարդը բարձր պաշտոնում աշխատի կեղծ կամ չհամապատասխանող դիպլոմով։
Մենք պատահականության սկզբունքով վերցրել ենք երեք հոգու այս կառավարությունից և տեսել ենք, որ երեքն էլ կրթություն չունեն և օրենքի խախտմամբ են աշխատում բարձր պաշտոնյա, երրորդի մասին օրերս կհայտնենք։ Կարող ենք, չէ՞, ենթադրել, որ մեծամասնությանը կեղծ է, Նիկոլի իշխանությունը կեղծիքներով է պաշտոնի նշանակում։ Կրկնում եմ՝ այս իրավապահ համակարգը խուլ է հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարում են այս իշխանության անդամները և մասնավորապես՝ վարչապետը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները բացահայտեցին, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում տեղակայված ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների և կամավորական ջոկատների մոտ 20 կմ նահանջը եղել է կոնկրետ գրավոր փաստաթղթի հիման վրա։ Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհահատվածը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել ավելի վաղ ստորագրված փաստաթղթի հիման վրա։ Նիկոլն ասում էր՝ բանավոր պայմանավորվածություններով, պարզվում է՝ գրավոր։ Ո՞ւր է իրավապահ համակարգը: Նիկոլը զորքը հետ է քաշում, թշնամին առաջ է գալիս, ո՞ւր է դատախազությունը։ Չի՞ հարցնում, այ ընկեր, էտ ինքնիշխան պետության տարածքը հանձնելու էդ ի՞նչ հրամաններ եք արձակում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեղավոր է, պատասխանատու է․ կա՞ մի հատ գործ, որով անցնում է։ Եթե մեկը մարդ է սպանում, քննվում է, չէ՞, առանձնապես դաժանությամբ է եղել, դիտավորությամբ է եղել, պատահական է եղել ու համապատասխան պատիժ են նշանակում, բա էս մարդը հայտարարել է, որ տարա մարդկանց մահվան բերան, որ ինձ դավաճան չասեն, այսինքն՝ դիտավորյալ է արել, կանխամտածված սպանության տարել, ու հիմա էլ ասում է՝ մեղավոր եմ։ Ո՞ւր ես, դատախազություն։
Ավելին ասեմ, էս երկրում քրեական գործ են հարուցել գեներալ Մովսես Հակոբյանի դեմ, որ բացահայտել է այս իշխանության ապօրինությունները։ Պատերազմը տանուլ տալու համար մեղավորներին չի կալանավորում, նրանք, ովքեր կասկած են հայտնում, որ դիտմամբ են տանուլ տվել, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվում։ Հայրենիք են տարել-հանձնել, կա՞ պատերազմի դավադրության մասին որևէ հաղորդում, որին ընթացք են տվել ու որով անցնում է այս իշխանության որևէ ներկայացուցիչ։ Բանակից ինչքան հեռու մարդ կա, Արցախի շտաբում էր ու բունկերում, նրանց վերաբերյալ որևէ քրգործ կա՞։ Պատերազմի մասնակիցները բաներ են պատմում անկազմակերպվածության մասին, նահանջի հրամանների ու հազար ու մի բաների մասին, զարմանքից քար ես կտրում․ իսկ պատերազմին հազարավոր մարդիկ են մասնակցել։ Ո՞ւր են քննչական մարմինները, թե՞ սպասում եք քննիչ հանձնաժողովին, ամեն ինչ իր վրա գցեք։ Լուրջ եմ ասում՝ խնդալու է, ի՞նչ քննիչ հանձնաժողով, բա դուք ինչի՞ համար եք էդ պագոններն ու պարգևները ստանում, ի՞նչ օրենք եք պահում-պահպանում, ՀՀ գրված ու ընդունված օրենքները, թե՞ նոր քրեական օրենսգիրք եք ստացել էս հեղափոխություն կոչվածից հետո․ ումի՞ց եք ստացել՝ Նիկոլի՞ց, Ալիևի՞ց, ումի՞ց։
Եթե ես հիմա հայտնեմ, թե մենք այսքան օրվա պարենի պաշար ունենք, զենքի այսքան պաշար ունենք, ինձ կկալանավորեն՝ առանց հասկանալու՝ ես կարո՞ղ էի իմանալ նման ինֆորմացիա, թե չէ։ Պետության վարչապետը, որը հստակ ունի ինֆորմացիա, այդ մասին հայտնում է, ու 0 խնդիր իրավապահների հետ։
«Համահայկական» հիմնադրամի մասին բացահայտումներ ենք արել միլիարդավոր դրամների․ պարզել ենք, որ էս կառավարությունը պատերազմի ժամանակ Արցախի համար ուղարկված գումարները Արցախին ուղղելու փոխարեն մեր բյուջե է ուղարկել, դրանով պարգևավճար ու եսիմինչ տվել․ ի՞նչ ընթացք եք տվել։
Սահմանադրական դատարանը ասում է, որ առողջապահության նախարարությունը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից և փաստացի՝ հարյուր հազարավոր մարդկանց վրա թեստ անելու պարտավորություն է դրել, ծախսի տակ է գցել։ Պարզվեց, որ դա հակաիրավական է, հակասահմանադրական է։ Դատախազություն ո՞ւր ես։
Բացահայտում ենք Լոռու մարզպետի ապօրինությունները, ոստիկանության 6-րդ վարչությունը արդեն քանի ամիս է՝ մի գործ է քննում։ Վստահեցնում եմ, որ էդ գործը մարզպետի օգտին է փակվելու, որովհետև հեսա Նիկոլին խնամի է դառնում։ Բա սենց պտի լինի իշխանությունը, որ խնամիներով, քավոր սանիկներով, ազգուտակով պաշտոնի լինեն։ Ընդ որում, ամենամեծ կոռուպցիոն ռիսկը հենց այստեղ է, երբ ազգուտակով բարձր պաշտոնի են։ Էն պատերազմ անցած պրոֆեսոր Արմեն Չարչյանին տարել 5-6 ամիս փակել եք, ամոթ էլ չեք անում, թե գիտե՜ք, իր աշխատողներին հավաքել-ասել է՝ կգնաք ընտրության ու ճիշտ ընտրություն կանեք, արա սրանց բոլոր պաշտոնյաները էլ պետական փողերից հատկացումներ են արել ընտրությունների բերան, էլ գործից մարդկանց հանել են, որ մի լայք են տեսել ընդիմության կողմ, էլ սպառնացել են, որ եթե իրենց օգտին չաշխատի, կհանեն, ու հանել են․․․ էդ բոլոր մարդիկ կան, էդ մարդիկ խոսում են այդ մասին, բայց դատախազությունը Չարչյանի համար է կալանք պահանջում, իսկ էն քպ-ականներն իրենց գործն են անում, ինչ ուզում ու ոնց ուզում, կարծես իրենք հավերժ են։ Ոչ, ընկերներ, ո՛չ դուք եք հավերժ, ո՛չ էս քննչականներն ու դատախազները, մի օր դուք իշխանության չեք լինի, նրաք էլ կհայտնվեն շաատ ավելի վատ վիճակում, ու այդ ժամանակ պատասխան կտան, իրական օրենքի ամբողջ խստությամբ։
Լավ, կասեք, ինչո՞ւ, ինչպե՞ս այդպես ստացվեց։ Որովհետև մեր երկրի գլխավոր դատախազն էլ է Նիկոլը, քննչական կոմիտեի նախագահն էլ է Նիկոլը, ԲԴԽ նախագահն էլ է Նիկոլը, արդարադատության նախարարն էլ է Նիկոլը և ընդհանրապես, բոլոր պաշտոններում իր կամքն է։ Ոնցոր անցած 3-4 տարիներին էր բոլորին խաբում, թե էս կանեմ-էն կանեմ, իմ ասածով պետք ա լինի․ է՝ ով չի դիմանում դրա ճղճղոցին, հանձնվում ա, դառնում ա իր ծառան, հանցակիցը։
Երկրորդ նախագահն ասում է՝ այն, ինչ անում են սրանք, ուղղակի մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար, Կիմ Չեն Իռը նախանձից կմեռներ։
Այս իրավապահ համակարգի հանցավորությունը միայն այն չէ, որ իրենք այս հանցագործությունների համար կտրուկ գործողությունների չեն դիմում, Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունները չեն իրացնում․ այս իրավապահ համակարգի հանցավորությունն այնտեղ է, որ չկանխարգելելով՝ նրանք հնարավորություն են տալիս մեր երկրում ամեն օր նոր հանցանքներ գործել։ Ու գործում են։
Կարճ ասած՝ ես անգամ հեռավոր հույս չունեմ, որ սրանք խելքի են գալու։ Ընդդիմության, ընդդիմադիր մամուլի բոլոր հրապարակումները, ցավոք, այսօրվա համար չեն, սրանք կուտակվելու են, մնալու են հետագայի՝ հաջորդ իշխանության համար։ Հայաստանում, ի վերջո, գալու է նորմալ իշխանություն, բացելու է էդ բոլոր թղթապանակները ու հերթով կանչի, ասի Նիկոլ, Արթուր, Սուրեն Պապիկյան, Ալեն-բան, բոլորդ հերթով եկեք ստեղ, սա ձեր արածը չէ՞, դե այ հիմա գնացեք անժամկետ կալանքի, մինչև մենք կքննենք ձեր գործը։ Ու կքննեն, շատ ուշադիր ու դանդաղ։
Երբ սրանք իշխանության եկան, ասում էին, թե ամենուր կոռուպցիա է, հանցագործություն։ Չգիտեմ, կասկածում եմ, սրանք սուտասաններ էլ են, դատարանի վճռով էլ որևէ փաստ չունեն։ Բայց պատկերացնո՞ւմ եք, թե քանի գործ է լինելու հենց իրանց մասով, ու որքան փաստերով, ապացույցներով։ Հանգիստ չենք ապրելու, ոնց որ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը