Ժողովրդավարության բաստիոն հռչակված մեր երկրում մենք գիտե՞ք ինչի վրա ենք ուրախանում․ մենք ուրախանում ենք, որ մարդուն 5 ամիս ապօրինի կալանքի տակ պահելուց հետո ազատ են արձել․ միանգամից երեք հոգու, այն էլ՝ ժողովրդի ընտրյալ, պատգամավոր, Հայաստանի բարձրագույն քաղաքական մարմնի անդամ։ Մեր երկրում իշխանության գերխնդիրը մարդուն հանցագործ դիտարկելն է ու կալանքը, ոչ թե անմեղության կանխավարկածն ու ազատ արձակումը։ 5 ամիս շարունակ պնդում են իրավաբանները, փաստաբանները, սահմանադրագետները, որ իրավունք չունեք պատգամավորներին պահել կալանքի տակ։ 5 ամիս շարունակ պահանջում են ազատ արձակել, բերում են ՀՀ սահմանադրություն, միջազգային նորմեր, մարդու իրավունքներ, նիկոլական դատախազությունն ասում է՝ չէ, սահմանադրության հերն էլ անիծած, միջազգային նորմերի հերն էլ անիծած, օրենքի հերն էլ անիծած, իրենք պտի նստեն, «մեզ դզում ա»։ Դատախազությունը դա է ասում, դատավորներն էլ ասում են՝ դե բա որ դատախազությունն ասում է՝ մենք ո՞վ ենք։ Նիկոլը մի նվաստացուցիչ խոսք է ասել՝ վնգստոց, մի գուցե անտեղի է ասել, բայց հիմա սազում է։
Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում, որ Դուք՝ դատախազ Արթուր Դավթյան, շարունակ հակասահմանադրական որոշումներ եք կայացնում, դատարաններն էլ, ու միայն դրանից հետո ասում են՝ հա, բավարարում ենք։ ՍԴ-ի հիմնավորումը նույնն է, ինչ փաստաբանների։ Բա փաստաբանն էլ է իրավաբան, դատավորն էլ, դատախազն էլ, էդ ո՞նց է լինում, որ փաստաբանը 10 գլուխ ավելի է հասկանում։ Մեր երկրում արդյո՞ք դատարաններում ու գլխավոր դատախազությունում չմասնագետներ են նստած, մարդու ազատությունը ձեր համար խաղալի՞ք է։
Սա առաջին դեպքը չէ․ սա երկրորդ կամ երրորդ դեպքը չէ։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույն կամայականությունների արդյունքում շուրջ երկու տարի մնաց կալանքի տակ, որովհետև տենց էին պլանավորել, տենց էին ուզում։
Ու հիմա հարցնում եմ՝ արդյո՞ք այս ապօրինությունների համար պատասխան պետք է չտաք։ Մի ներողություն անգամ չեք ասել մարդուն երկու տարի ապօրինի կալանքի տակ պահելու համար։ Մի քանի հոգու կամայական որոշման արդյունքում մարդիկ բանտերում քայքայել են առողջությունը, կալանքի տակ են թողել ունեցվածքը, ընտանիքները տան մեծի երես չեն տեսել, ո՞վ պետք է պատասխան տա։ Արթուր Դավթյանն իր դղյակում վայելում էր կյանքը, բայց իր դատախազների սխալի արդյունքում շաքարային դիաբետ հիվանդության բարձր աստիճան ունեցող Արմեն Չարչյանը նոր հիվանդություններ էր ձեռք բերում բանտում։ Որովհետև նրանք որոշել էին, որ ինչ-որ մեկից ստացած զանգը Սահմանադրությունից կարևոր է։ Արդարադատության նախարարը Նիկոլի նկարը դրել էր դեմը ու հիշում ազնիվ աշխատելու մասին, բայց դատավորները էդ ընթացքում հերթով պեչատում էին կալանքի սանկցիաները։ Երկրորդ անգամ արդեն Սահմանադրական դատարանը հայտարարում է, որ մարդկանց ապօրինի պահել եք կալանքի տակ, երկրորդ անգամ՝ իրարից ամիսներ տարբերությամբ, ու ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկում դատախազությանը, մի հատ էլ արդարադատության նախարարն առաջարկում է գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձը 120 տոկոսով բարձրացնել։ Արդյո՞ք այս ամենը չի գալիս ապացուցելու, որ այս ամենը քաղաքական որոշումներ էին ու հրահանգներ, ոչ թե իրավական ընթացք։
Հիմա հարց, Անդրեասյան Կարենը, արդյո՞ք դատավորների կարգապահական վարույթի համար չի միջնորդելու արդարադատության ռահվիրա Ջհանգիրյան Գագիկին։ Ե՞րբ պետք է վարույթներ հարուցվեն Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունները բավարարած դատավորների նկատմամբ։ Էն դատավորները, որ արդարադատի համբավ ունեն, գործեր եք հարուցում կասեցնում եք գործունեությունը, միջակություններին սարքում եք ձեր ժամանակի հերոս։ Չեմ ասում, թե դատարաններն միշտ արդար են եղել, բայց դատարաններն այսքան անհաջող վիճակում չեն եղել ոչ մի ժամանակ։ Ասում եմ՝ Նիկոլի ասած վնգստոց տերմինը այսքան սազական երբեք չի եղել։
Նիկոլի քաղաքականությունը սա է, ում դեմ չի կարողանում պայքարել նորմալ մեթոդներով, գործում են ուրիշ մեթոդներ․ Ռոբերտ Քոչարյանից դողում է, ուրեմն կլանքը ուզեք-չուզեք պետք է տաք, Սյունիքն ուզում է կտրել Հայաստանից, ուրեմն համայնքապետերի կալանքը պետք է տաք։ Բայց դա անում է ոչ թե ուղիղ առաջին դեմքով, այլ անում է զուգահեռ բոլոր կառույցների հերն անիծելով։
Խնդրեմ, մյուս ամենաթարմ օրինակը բերեմ․ Վարդենիսում ՔՊ-ն չի կարողանում ունենալ համայնքապետ, մյուս երկու թեկնածուները դաշինք են կազմել ու հաղթել ՔՊ-ին․ տեսնելով, որ ուրիշն է հաղթել, անցել են սիրած մեթոդին՝ հաղթած համայնքապետին հրավիրել են Քննչական կոմիտե ու կալանավորել։ Վարդենիսում, որտեղ ամեն օր կրակոցմներ են, քաղաքը գլուխ չունի․ իշխանությունը փոխանակ անվտանգության հարցերը լուծի, ընկած անձնական հաշիվներն է լուծում։ Դե թող էսքանից հետո մեկը կանգնի՝ ասի սա քաղաքական հետապնդում չէ։ Չի կարելի ախար էդ կարգի կացնային եղանակով չարաշահել ամեն բան, ինչ պատահականորեն ընկել է ձեռքներդ։ Չի կարելի ուղղակի, անընդունելի է։ Մեխն էլ է իրենց ձեռքին, չագուչն էլ, բայց ախար էդ անտերը թարս էլ կարող է խփել։
Կրկնում եմ՝ սա բոլոր կառույցների հեղինակությունն է հողին հավասարեցնում։ Էսօր պաշտպանության նախարարությւոնը հաղորդագրություն է տարածել․ լրիվ քաղաքական տեքստ․ պաշտպանության նախարարությունն արդեն ընդդիմանում է բողոքի ցույց անողներին։ Ասում է՝ Ադրբեջանը սադրանքների է դիմել, երկու թեթև վիրավոր ունենք, նրանցից մեկին շտապ պետք է հասցնեինք Երևան, վարդենիսցիները ճանապարհը փակել էին, ուշացել ենք։ Հիմա էլ հասկանում ե՞ք ասում են ցույց մի արեք, փողոց մի փակեք, մի դժգոհեք, թողեք թող ում ուզում են՝ կալանք տան, հետո մի 6 ամիս անց ՍԴ-ն կպարզի, որ ապօրինի է։ Կարող եմ մի քիչ հետ գնալ ու ասել, բա որ 2018-ին ողջ ռազմավարական մայրուղիները կաթվածի էիք ենթարկել, էդ մասին մտածում էի՞ք, Պապիկյան Սուրեն։
Հարց եմ տալիս Պ նախարարին։ Եթե զինվորները հրազենային թեթև վիրավորում են ստացել, Վարդենիսում հոսպիտալ կա, ինչո՞ւ էիք Երևան հասցնում, շատ նորմալ բժիշկներ ու սարքավորումներ կան այդ հոսպիտալում։ Եթե անհրաժեշտ էր շտապ հասցնել Երևան, ինչո՞ւ ՊՆ-ն չի օգտվում սանիտարական ուղղաթիռից։ Թե՞ դրանք միայն նախարարաների անձնական թռիչքների համար են։ Նիկոլ Փաշինյանի օրոք բոլոր ուժային կառույցներն են քաղաքական բնույթի տեքստեր տարածում, քաղաքական բնույթի կալանավորումներ անում, ելույթներ ունենում։ Գերիների հարազատներին ընդդիմության դեմ տրամադրելուց պրծան, հիմա էլ անցել են վիրավորների հարազատներին տրամադրել հանրության դեմ։ Գերիների հարազատներն էին էն օրը ասում՝ մեզ ասում էին ցույցեր են անում, չեն թողնում բերենք ձեր տղերքին։ Սրանք ամեն ձև գտնում են, որ մարդկանց լռեցնեն, սրանք խմնդիրների դեմ չեն պայքարում, այլ խնդիրները բարձրացձայնողների։ Ու ամենից զզվելին նա է, որ չեն խորշում շահարկել գերիներին, զոհվածներին, հերոսներին, նրանց հարազատներին՝ իրենց քաղաքական խաղերի համար․ շահարկում են, որքան կշահարկվեն։
Կարճ ասած՝ սա պետք է վերջ ունենա, այսպես ամեն ոլորտի հերն անիծելով, իրար գլխի կուտակելով պրոբլեմները, դուք մեծ պայթյունն եք արագացնում։ Չես կարող հա խաբել-ֆռացնել գերիների հարազատներին, անհետ կորածների հարազատներին, թոշակառուներին, պատգամավորներին, մամուլին․․․ Մի օր սա պայթելու է, բոլորը հոգնել են էդ տեսակ սրիկայություններից։ Դու այդպես միայն քեզ չես կործանում, դու հեչ, մեզ էլ ես վարի տալիս քեզ հետ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը