ՀՀ Ազգային ժողովը երբեք ավելորդ պարկեշտությամբ չի փայլել։ Ավելին ասեմ, Ազգային ժողովը 1995 թվականին եղել է կեղծված ընտրությունների մարմնացում, եղել է ծեծու ջարդի տեղ, 2012-ից սկսած՝ մականունավորների ու գործարարների հավաքատեղի, 2018-ից հետո՝ նաև մանկապարտեզ։ 2018 թվականի հեղափոխության ժամանակ ասում էին՝ ԱԺ-ն պետք է մաքրենք գործարարներից, մականունավորներից, ոչ պրոֆեսիոնալներից, ծանոթ-բարեկամ սկզբունքով ձևավորումից։ 2021 թվականին ձևավորվաած Ազգային ժողովի իշխանական խմբակը բոլոր վատ խորհրդարանների հանրագումարն է։ Այստեղ կան պատահական մարդիկ, մարդիկ, որոնց մեջ համատեղելի չէ բարոյականություն, ազնվություն, պարկեշտություն, տղամարդկություն արտահայտությունները։
Այսքան հեղինակազրկված խորհրդարան երբեք չենք ունեցել և հուսով եմ՝ այլևս չենք էլ ունենա, որովհետև ավելի իջնել, քան հիմա է, անհնար է պատկերացնել։ Ու դա անում է իշխող մեծամասնությունը։
Նախկինում մենք՝ լրատվամիջոցներս, շատ ու շատ դժգոհելու առիթներ ենք ունեցել․ բայց վստահեցնում եմ՝ էսքան նեղ ու ճղճիմ չի եղել երբևէ։ Ես դժգոհ եմ եղել, որ ֆինանսական ճգնաժամի ժամանակ 90 մլն դրամ տվել են, որ ԱԺ դահլիճը նորոգվի, 150 հոգի նստեն հիմիկվա պայմաններում․ իսկ հիմա մենք խոսում ենք, որ հենց էդքան գումար ընդամենը մեկ ՔՊ-ականի համար են տվել, որ ավտո առնեն։ Մենք քննադատում էինք, որ ՀՀԿ-ական խորհրդարանը բարձրացնում է հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը, սրանք դրան գումարեցին կրկնակի պարգևավճար։ Մենք ասում էինք՝ ազգային ժողովին պատիվ չի բերում, որ նիստեր են անցկացվում ու դահլիճում մի քանի պատգամավոր է։ Իսկ հիմա մի քանի պատգամավոր են, մնացածը զբաղված են ծեծկռտուքներ կազմակերպել և իրականացնելով։ Ազգային ժողովում մի անգամ իրար ասել էին հայվան, դա օրեր շարունակ չէր իջնում քննարկումից։ Հիմա ազգային ժողովում միջադեպը միջադեպով են ծածկում։ Պատգամավորը լրագրողին ասում էր կտամ չանեդ կպոկեմ, դա շաբաթներ շարունակ դատապարտվում էր, էդ թվում՝ իր խմբակցության անդամ պատգամավորների կողմից, հիմա խմբակցությունը քաջալերում է լրագրողին հրող դեպուտատին, ոգևորում է, ավելին ասեմ՝ էն տուժած լրագրողն էլ հիմա չտեսնելու է տալիս։ Մենք դժգոհում էինք, որ օրենքների 80 տոկոսը կառավարությունն է բերում, բայց հիմա 90 տոկսն է կառավարությունը բերում, ինչն էլ բերում է՝ դակում ուղարկում են։ Էս ամենի պատճառը մեկ հոգի է՝ Նիկոլ Փաշինյան․ հիշենք, որ երբ ֆիդային Սասուն Միքայելյանը էդմոն Մարուքիանին նիստերի դահլիճում հարվածեց, Փաշինյանը ելույթ ունեցավ, շիրա տվեց ու էդքանից հետո այդ միջադեպերը դարձան սովորական։ Պետության ղեկավարի ներկայությամբ իր թիմի անդամնեը ծեծկռտուք են անում ու իրենց ներսից ամոթ ասող չկա։ Էն ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին Շմայսը ասել էր դիշովկա, մենք քննադատում էինք, ու դրա տհաճությունը զգալով հանդերձ՝ Նիկոլը հիմա մի քանի անգամ ավելի վատ ԱԺ է մեզ հրամցնում։
Երեկ ազգային ժողովի իշխանական մի քանի դեպուտատ խմբով հավաքվել են ու ծեծկռտուք են սարքել՝ ցանկանալով ծեծել ընդդիմադիր պատգամավորների օգնականների։ Ու գիտե՞ք ենթատեքստը որն է․ ժողովուրդ․ կխնդաք՝ որ խափանեն նրանց ելույթները։ Շշմելու է․ Ի՞նչ է լինում մեր երկրում երկու շաբաթվա ընթացքում՝ ԱԺ նախագահը գնում է Մոսկվա ու անպատասխանատու հայտարարություններ է անում, տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, ու ՔՊ-ն խայտառակ պարտվում է, Ալիևը հայտարարություն է անում Զանգեզուրի միջանցքի մասին, Սոչիում բանակցություններ են տեղի ունենում, Ալեն Սիմոնյանի՝ գերինարի մասին խայտառակ ձևակերպումների տեսանյութ է հրապարակվում։ Պատկերացնում ե՞ք ինչերից էին խոսելու, ընդդիմադիր պատգամավորները։ Ու սա խափանելու համար կազմակերպում են ծեծկռտուք։ Սրանք այնքան վատ բաներ են արել ու պատրաստ չեն լսելու քննադատություն, ավելի լավ է խուլիգանություն անեն ու խայտառակվեն, քան թույլ տան այդ ամբիոնից իրենց դեմ խոսք։
Էդպես լավ չէ, կերեք ընդդիմությանը․ Պապուա Նոր Գվինեայում նախագահական ընտրությունները 2012 թվականին գիտե՞ք ինչի չեղարկվեցին․ մարդակերները կերել էին ընդդիմության թեկնածուին։ Կերեք ընդդիմությանը, հարգելի իշխանականներ, դուք արդեն Հայաստանը քարե դար եք հետ շպրտում։
Դուք պատկերացնո՞ւմ եք որքան են Ազգային ժողովի հեղինակությունը գցել․ պետական բյուջե են քննարկում՝ պետության կարևոր տնտեսական փաստաթուղթը, ու էկոնոմիկայի նախարարը չի գնում ԱԺ, ի՞նչ ասեմ, երևի վախենում է բռնեն-ծեծեն։
Բնականաբար, երբ մարդուն մանկապարտեզից միանգամից տանում ես ԱԺ, երբ քրեական բարքով հայտնի մարդուն տանում ես ԱԺ, երբ ոչ մի բանով աչքի չընկածին, կյանքում ոչինչ չարած-չստեղծածին տանում ես խորհրդարան, սա՛ պետք է լինի վերջը։ Ամեն ինչով մենք ստացել ենք ահավոր խորհրդարան։ Այլ երկրների ԱԺ պատգամավորները նիստերի դահլիճում կարևոր օրենքներ են քննարկում, մեր պատգամավոր կոչվածները ծեծկռտուք են կազմակերպում, որ իրենց լուրջ հարցեր չտան։ Ու էդ «ծեծ կազմակերպող» «տղերքը» հաջորդ օրը տեսնում են, որ ԱԺ մուտքերի մոտ բողոքի ակցիա կա, տնտեսական ու տեխնիկակակն մուտքերով են ներս մտնում, վախենում են ձվահարվելուց։ Դուխով տղերք են, ի՜նչ խոսք։ Գնում ստեղ-ընդեղ, ամբաղ-զամբաղ խոսում են, ու հենց ասում են արի դեմս ասա, տեխնիկական մուտքերով են փախնում։
Այս ամենը կատարվում է բոլորի աչքի առաջ, կատարվում է ուղիղ եթերով, այս ամենը տեսնում են մարդիկ՝ Հայաստանում ու դրսում, տեսնում են մարդիկ, որոնք դեռ ակնկալիքներ ունեն էդ պատգամավորներից։ Մարդիկ կշեռքի մի նժանին դնում են մեր խնդիրները՝ կապիտուլյացիա, նոր պառտերազմի հնարավորություն, կորոնավիրուս ու մահեր, սահմանագծում-սահմանազատում, գերիներ, տնտեսության քայքայում, մյուս կողմի վրա դնում են էկրանին դրված էս մարդկանց լուսանկարները ու տեսնում են, որ մեր պետությունը ուղղակի շանս չունի։
Վստահ եղեք՝ դա ոչ միայն մենք ենք տեսնում, տեսնում են նաև մեր թշնամի երկրում։ Ձեր կարծիքով ինչի՞ է Ալիևն ամեն ինչ անում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության ղեկին մնա․ սրա համար։ Որովհետև տեսնում է՝ մեր ԱԺ նախագահը խոսում է Ադրբեջանի շահերից ելնելով, մեր վարչապետը խոսում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից ելնելով, նեղացնում են մեր գործընկերներին ու դաշնակիցներին, իրենք են ներկայացնում մեր երկիրը միջազգային արենայում։
Կարճ ասած՝ մեզ հիմա մի Մովսես Խորենացի է պետք, որ նոր «Ողբ» գրի։ Դուք մեր երկրի հերն այնպես եք անիծել, անյնպես եք իջեցրել բոլոր կառույցների կշիռը, հեղինակազրկել ամեն ինչ, որ ոչ մի հարցում և ոչ մի տեղ մեզ լուրջ այլևս չեն ընդունում։ Չկա մի կառույց՝ ԱԺ, կառավարություն, դատախազություն, ոստիկանություն, որ պատշաճ արժեք ունենա։ Դրանք մեկ օրում չէին ստեղծվել, պատմություն էին անցել, դուք 3,5 տարում հողին հավասարեցրիք, այն դեպքում, երբ նրանց կայացմանը մասնակից չէիք եղել, մի մազաչափ ամագ չունեիք դրանց ստեղծման մեջ։ Ու դժվար է ասելը՝ ձեր գնալուց հետո կլինի՞ վերականգնելը։ Սա հեղափոխության իսկական դեմքն է։ Սա փողոցի դեմքն է։ Փողոցից եկած մարդիկ պետական ու պաշտոնական կառույցներում փողոցային բարքեր են մտցնում։ Արամ Վարդևանյանի հետ համաձայն եմ՝ ավելի ազնիվ կլինի, որ հայտարարեք՝ մենք գնում ենք խուլիգանապետության, ոչ թե հայտարարեք ժողովրդավարության բաստիոն, բայց սարքեք խուլիգանապետություն։ Բայց ասեմ, եթե խուլիգանապետություն եք սարքում, ուրեմն ասեք մնացածն էլ իմանան ու համապատասխան լինեն, մենք էլ տեսնենք էդ ժամանակ ով ում ինչքան․․․
Եթե դու 2018-ին դուրս էիր եկել էսպիսի պատկեր ստանալու համար ու գոհ ես, ուրեմն լրիվ հասկանում եմ քեզ, ժողովուրդ, բայց եթե քեզ համար սա անընդունելի է, ինչպես ինձ ու իմ պես շատերի համար, ապա չեմ հասկանում ինչու ոչինչ չես անում փոխելու համար։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը