01 10 2021

«Կարճ ասած»․ Ինչպե՞ս պատերազմի ժամանակ հիմարացրին ժողովրդին



 

Վերջին երեք տարիներին հաճախ ենք հանդիպել մարդկանց, որոնք ամեն մի քննադատական գրառումից, խոսք ու ելույթից հետո գրում էին՝ բա ինչի՞ էն վախտ, Սերժի վախտ չէիք խոսում։ Իհարկե՝ ես այդպես մտածողներին համարում եմ հավի հիշողություն ունեցողներ։ Հիմա էլ մարդիկ են ի հայտ եկել, որ լրագրողներիս ասում են՝ բա ինչի՞ պատերազմի ժամանակ չէիք ասում իրականում ինչ է կատարվում, չէիք զգուշացնում, չէիք տեղեկացնում։ Այս տեսակը բացի հավի հիշողություն ունենալուց, նաև անարդար է։ Մեկ տարի առաջ է եղել պատերազմը, չեք հասցրել մոռանալ։ Այդ մարդկանց ես հարցնում եմ՝ իսկ դուք ճիշտը ուզո՞ւմ էիք լսել։ Ի՞նչ էր ուզում լսել մեր ժողովուրդն այն օրերին։ Լսում էր պաշտոնական մակարդակով այն, ինչը ցանկանում էր լսել։ Նա ուզում էր լսել, որ Գետաշեն ենք գրավել, Գյանջան հողի տակ է անցել, Էրդողանը լացակումած զանգել է Նիկոլին ու խնդրել խնայել իրեն, Մեհրիբանն էլ Բաքվից մինչև Ստեփանակերտի բունկեր չոքեչոք եկել է Աննայի մոտ։ Էդ էիք ուզում լսել, ու Արծրունը, Նիկոլի ֆեյքերը, Նիկոլն ինքը, Արայիկ Հարությունյանն ու մյուսները դա էին ասում։ Պատերազմի մեկնարկից մի քանի օր անց այս հաղորդման նկարահանումները դադարեցվեցին, հասկացանք, որ էստեղ ինչ-որ բան այն չէ, էս մարդիկ հիմարացնելու ճանապարհն են բռնել, մենք մեզ էշի տեղ չէինք կարող դնել։ Բայց նաև պատերազմը վարելու թերությունները չէին լսում ու ընդունում ո՛չ իշխանությունը, ո՛չ հանրությունը։

Պատերազմի ամբողջ ընթացքում չի եղել մարդ, ում հետ զրուցել եմ ու չեմ ասել հետևյալ արտահայտությունը՝ Նիկոլ Փաշինյանով մենք պատերազմ չենք կարող հաղթել, ուզո՞ւմ եք հաղթենք, դա պետք է հրաժարական տա։ Մենակ ես չէի ասում։ Դա հասկանում էին շատերը ու խոսում էին քչերը, բայց հրապարակային խոսելը գիտե՞ք ինչ էր նշանակում։ Ով բացի Արծրունից, այլ ինֆորմացիա ստանալու հնարավորություն ուներ, ասում էր, որ առաջին քայլը պետք է լինի Նիկոլին ու իր խմբակին ռադ անելը։ Երբ որ դուք հրամանատարական կետում քարտեզների մոտ տեսնում էիք մարդկանց, որոնք չեն ծառայել բանակում, զենքը չգիտեն՝ կրակելու համար է, թե հողամաս մշակելու, տեսնում էիք մարդկանց, որոնք հայտնի են որպես թուրքի գործակալ, ի՞նչ էիք մտածում։ Լուրջ մտածում էիք, որ կհաղթե՞նք։ Դե կասեք, որ հաղթողը բանակն էր, հո Նիկոլն ու Ավինյանը չէի՞ն։ Կասեմ՝ ոչ, հաղթողը այն զինվորն է, ում խելքը գլխին հրամանատարի հրաման է գալիս, հաղթողն այն հրամանատարն է, ում հրամանատարական կենտրոնից պատերազմը տեսնող գլխավորն է հրաման տալիս, ու կարևոր է թե այդ հրամանատարական կենտրոնում ովքեր են իրեն խորհուրդներ տալիս՝ բանիմաց, հայրենասեր ղեկավարներ ու խորհրդատունե՞ր, թե՞, օրինակ, Արարատ Միրզոյանն ու Աննա Հակոբյանը։ Էլ չեմ ասում Նիկոլի կապրիզների մասին։ Իսկ անցած պատերազմն այդպես է կառավարվել։

Առաջին անգամ հրապարակայնորեն հրաժարականի պահանջ հնչեցվել է պատերազմի մեկնարկից 7 օր անց։ Դա հոկտեմբերի 3-ն էր․ այդ օրը ես երբեք չեմ մոռանա։ Արցախից  վերադարձած ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը անհապաղ պետք է հեռանա իր հեղափոխական թիմով։ Սա պատերազմը մեր օգտին թեքելու միակ տարբերակն էր։ Հարցրեցի՝ պարոն Շահնազարյան, դուք գիտե՞ք ինչ կանի մեզ էս ժողովուրդը, եթե սա հրապարակենք, դուք տեսնո՞ւմ եք, թե ոնց մարդիկ «հաղթում ենք»-ի ազդեցության տակ են։ Ասաց՝ ես Արցախից եմ վերադարձել, էս ոգևորության մի տոկոսը չկա էնտեղ, մենք Արցախը կորցնում ենք։ Դա եղել է պատերազմի 7-րդ օրը։

Հրապարակեցինք ու էլ չասեմ՝ մեր դեմ ինչ սկսվեց։ Հիմա՝ մեկ տարի անց, ես ափսոսում եմ, որ էն ժամանակ քչերն էին այսպիսի կարծիք հայտնում։ Մարդիկ, որ ինչ ասես մեզ գրում էին, հիմա ասում են՝ ինչի՞ ինչ գիտեիք չէիք հրապարակում։ Դա, կրկնում եմ, 7-րդ օրն էր, դրանից հետո ևս 37 օր սրանք հիմարացրին ժողովրդին։ Հասկանո՞ւմ եք, որ այն ժամանակ բոլոր նրանք, ովքեր սահման չեն գնացել, գային կառավարության դիմաց ու հրաժարական պահանջեին, ինչ էր լինելու․ անհավանական բան եմ ասում, բայց, եթե հրաժարական տվողը, այդ օրերին, խելոք հրաժարվեր՝ չէինք պարտվի։ Նորմալ ղեկավարը պետություն կառաջնորդեր, բանակ կառաջնորդեր․ սա ասաց՝ ես գերագույն գլխավորն եմ ու գնաց բանաստեղծությունների գիրք գրելու։

Ադրբեջանն ասում էր՝ Մատաղիսը գրավել եմ, Հադրութը գրավել եմ, Ջեբրայիլը գրավել եմ, Թալիշը գրավել եմ, ցույց էր տալիս կադրերով։ Արայիկը գնում էր կոֆե խմելու զինվորների հետ, Արծրունն ասում էր՝ ոչ մի բան էլ չեն գրավել, իսկ դու Հադրութի գրավման վիդեոներին չէիր հավատում, ստերին էիր հավատում։ Մի ամբողջ քաղաք կորցնում էինք, ձայն չէիր հանում, մի հատ ԱԹՍ էինք խոսցում Արծրունին սարքում էին Վարդան Մամիկոնյան։

Հոկտեմբերի 1-ին, ընդամենը պատերազմի մեկնարկի 5-րդ օրը, թշնամու 2 աթս հասավ Երևանին մոտ։ Աբովյանի բնակչությունը դուրս էր թափվել, էստեղ ՊՆ-ն ու ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավարությունն ասում էր՝ մի անհանգստացեք, վարժանքներ են․ հանգիստ գնում էիր քնելու։ Մեկի մտքով չանցավ՝ այ մարդ, եթե թուրքի բեզպիլոտնիկը հասել է Երևան, ո՞նց կարան սրանք պատերազմ ղեկավարեն։

Ասում էին՝ մենք գրավում ենք, թշնամուն ջախջախում ենք, չենք հասցնում հաշվել դրանց կորուստները։ Նախագահի խոսնակը գրում էր՝ բոլորը ուզում են գալ ու մասնայկցել հաղթանակին, դրա կարիքը չկա․ Նիկոլն ասում էր՝ հենց հիմա փայլուն օպերացիա ենք անում, որ հաղթանակի հիմքն է դնելու․ մարդիկ էլ մտածում էին՝ դե որ հաղթում ենք, էլ ո՞ւր գնանք։ Ամեն օր ասում էին՝ մենք ունենք 23 զոհ, 25 զոհ, թշնամին ունի 300 զոհ, 600 զոհ, մարդիկ էյֆորիայի մեջ էին, թե՝ տեսեք մեր Սպարապետներ Նիկոլն ու Արայիկը ինչ օրն են գցել Ալիևներին։

Գիտե՞ք ինչու եմ այս ամենը պատմում․ որովհետև հիմա էլ է էդպես, քեզ հիմարացնում են, խաբում են, դու էլ հավեսով ենթարկվում ես։ Դա հեշտ ա ժողովուրդ, որովհետև, դա մտածել չի պահանջում, լսում ես ու կրկնում ես՝ առանց վերլուծելու, վերջ։

Կարճ ասած՝ ես հասկանում եմ, որ դժվար է էս ամենը նորից հիշելը, անդրադառնալը, բայց սա մեր պատմությունն է, Նիկոլի բերած ապագան է։ Էն վիճակը, որում այսօր գտնվում են Արցախը, Սյունիքը, դուք, ես, բոլորը, հենց սրա պատճառով է․ ուրեմն պետք է հատ-հատ, անուն առ անուն նորից հիշել մեղավորին ու հարակից մեծ ու փոքր մեղավորներին, պատասխնատուին ու մյուս մեծ ու փոքր պատասխանատուներին։ Սա ոչ միայն նույնը չկրկնելու համար է, այլ՝ որ ոտքի կանգնեք։ Տեսեք ինչ է արդեն կատարվում մեր մյուս սահմաններին, ինչքան է լարվել։ Այդ ամենը նույն պատճառով է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ