Երբ թարթում էի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի լրահոսը, այսինքն՝ իմ կարծիքով պլանավորված պարտության բերող պատերազմի երրորդ օրվա մասին է խոսքը, մի այսպիսի ուշագրավ լուր հանդիպեցի. այն է, թե ՀՀ ռազմական ղեկավարությունը կարևորել ու հաշվի է առել նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների փոխանցած տեղեկություններն ու նրանց աջակցությունը։ Բանակն ու պաշտպանությունն այն հարցերն են, որտեղ նախկին ու ներկա չկա։ Ցավում եմ, որ այս ամենը սուտ էր։ Ոչ միայն բոլորին չէին լսում, այլ նաև նրանց ծառայություններից հրաժարվում էին։ Միքայել Հարությունյանը գեներալ գնդապետ է, կադրային գեներալ, ոչ թե ֆիդային, մարդը, չնայած պատկառելի տարիքին, դիմել էր՝ հայտնելով, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել, լուրեր կային, որ առաջարկել էր իր հետ ՀՕՊ մասնագետներ բերել՝ ադրբեջանական ԱԹՍ-ների դեմ պայքարի նպատակով։ Պատկերացնում՞ եք, քանի կյանք հնարավոր կլիներ փրկել: Գիտե՞ք, սրանք ինչ են ասել... Չեն արձագանքել։ Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, դիմել էր ու վիրավորված՝ ասում է, որ պաշտպանության նախարարն իրեն անգամ չընդունեց։ Անհասկանալի պատճառով, ավելի ճիշտ՝ հիմնավոր թվացող տեղեկությունների հմաձայն՝ գեներալ-գնադպետ Մովսես Հակոբյանի մուտքը շտաբ արգելվեց վարչապետի տիկնոջ հետ ոչ քնքուշ տոնով խոսելու համար։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Նիկոլի վախից հրաժարվում էր զրուցել, հանդիպել արժեքավոր դեմքերի հետ, որովհետև նախկին էին, ոչինչ որ իրենք էին առաջին պատերազմում ազատագրել Արցախը, երբ Փաշինյանը թռել էր պատերազմից։ Ու այս ֆոնին մի զարմացեք, որ այս աղետալի պատկերն ունեցանք։ Պատկեր, որտեղ շունը տիրոջը չէր ճանաչում, որտեղ խիստ հակասական էին անգամ պաշտոնական հաղորդագրությունները, որտեղ, իմ կարծիքով, միայն մեկը գիտեր, ինչով է այդ ամենն ավարտվելու։
Ի՞նչ եք կարծում, եթե պետության ղեկավարումը, բանակի ղեկավարումը հանձնված լիներ նորմալ մարդկանց, եթե ստեղծված լիներ պաշտպանության պետական կոմիտեի պես կառույց ու գործից հասկացողները ղեկավարեին այն, սուտ ինֆորմացիաներ, ֆեյքային քարոզարշավ կիրականացվե՞ր։
2020 թվականի սեպտեմբերի 29-ը երեքշաբթի էր, իսկ երեքշաբթի Հայաստանում արդեն երեք տարի՝ տեղի են ունենում պարտության խորհրդանիշ հանդիսացող դատական նիստ՝ Ռոբերտ Քոչարյանին և գեներալներին, Արցախն ազատագրողներին դատելու նիստ։ Սեյրան Օհանյանը՝ գեներալ-գնդապետը, Արցախի ու Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը, չսպասեց դատական նիստի հետաձգելուն, գնաց Արցախ․ դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց միայն փաստաբանների միջնորդությունից հետո, ոչ թե իր նախաձեռնությամբ։ Հետո՞ ինչ, որ պատերազմ է։ Դանիբեկյանը, ի ուրախություն Ալիևի, անգամ Շուշին ազատագրելու օրն էր նիստ անում՝ ազատագրողներին դատելով։ Տպավորություն էր, թե՝ հենց ազատագրման համար։ Իշխանության կամքն էր։ Նույն Դանիբեկյանը օրերս արգելեց Արմեն Գևորգյանին ԵԽԽՎ մեկնել․ այդ նիստում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին անվանվեց Ղազանչի, իսկ նիստին միայն ՔՊ-ական անճար պատվիրակությունն էր ներկա։ Դանիբեկյանն իրեն մեղավոր զգո՞ւմ է, որ թուրքերի ծրագրին մաս կազմեց։
Պատերազմի երրորդ օրվա հայտարարությունները շատ տիպիկ են. Արծրունը պնդում էր, թե՝ Ադրբեջանի ՊՆ-ն խաբում է իր ժողովրդին: Ասում էր՝ հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, իրենց հասարակությանը կերակրելու նյութեր են ման գալիս։ Գիտե՞ք իրականությունը որն է, Արծրունը ոչ մի սուտ բան չէր ասում, ուղղակի պետք է հասկանալ՝ այդ պահին ո՞ր երկրի անունից էին հանդես գալիս ինքը, Արայիկը, Նիկոլը։ Եթե նրանք հանդես էին գալիս Ադրբեջանի անունից, ուրեմն բոլոր հայտարարությունները ամբողջությամբ ճիշտ են։ Թե չէ՝ ո՞նց է ստացվում, որ սրանք խաբում են մեզ, բայց հայտարարում են՝ Ադրբեջանը խաբում է իր ժողովրդին։ Արծրունին հարցնում էինք՝ դու ասում ես հերներն անիծում ենք, բայց մենք դիրքեր ենք կորցնում, պատասխանում էր՝ պատերազմի ժամանակ դիրք վերցնել-կորցնելը հեչ մարտավարական հարց չի լուծում։ Իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ մեղադրում էր Ադրբեջանին, որ խուճապը կանխելու համար իր զոհերի իրական թիվը չի հայտնում։ Ջհանդամ լինի Ադրբեջանը, բա դու՞ք, դուք հայտնու՞մ էիք:
Ու շեշտեմ, որ այս հայտարարություններով, մեր զգոնությունը բթացնելով, ձեռքի հետ էլ ազդանշան, այսպես ասած՝ իշմար էր տալիս իր կիրթ գործընկերոջը։ Ալիևն ասում էր՝ Հայաստանում զենքը ավարտվում է, Նիկոլը հաջորդ օրն ասում էր՝ ով տանը կասկա ունի, վերցրեք ու եկեք, ցույց էր տալիս, որ այո, ունենք պրոբլեմ, կարծես ասում էր՝ դիմացի մի քիչ էլ, Ալիև ջան, հեսա կհանձնվենք։ Ամբողջ պատերազմի ընթացքում Ալիևը խոսում էր իրենց փառապանծ բանակի մասին, Նիկոլը խոսում էր դավաճանության մասին։ Նրանք մեր տեխնիկան խոցում էին, կադրերը հրապարակում, Արծրունն ասում էր՝ դա անիմացիա է։ Ուրիշ էլ ո՞նց թշնամուն օգնես, եթե ոչ հենց այսպես, չէ՞ որ, մեր տղերքն էլ, կամավորներները, դուխով կամավորագրվում էին ու գնում Բայրաքթարների տակ:
Արայիկ Հարությունյանն ասում էր՝ «Մենք չենք խնդրելու զինադադար, մենք պետք է պարտադրենք զինադադար, եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վախճանը։ Թուրքիային Հայաստանն աշխարհն է հետաքրքիր՝ իր պանթյուրքիզմի ծրագրերն իրականացնելու համար»։ Սա շատ լուրջ հայտարարություն էր, սխալ չէր ասում, իսկ ի՞նչ հետևություն արեցին։ Այդքանը հասկացող իշխանությունները ո՞նց երկիրը տարան նման աղետի ու ո՞նց են հիմա էլ թուրքի հետ դրական ազդակ փոխանցում իրար։ Հիմա, երբ Նիկոլը Թուրքիայից ազդակների է սպասում, Արայիկը փոխանցե՞լ է իր անհանգստությունը նրան։
Պատերազմի երրորդ օրն արդեն թշնամին հարվածեց Վարդենիսի զորամասին, Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս հրդեհեց, թուրքական կործանիչ էր հայտնվել քաղաքի երկնքում, վտանգի տակ էին նաև Մեծ Մասրիկ, Սոթք համայնքները։ Դրանից ընդամենը օրեր առաջ բթացնող հայտարարությունների վարպետ Լիլիթ Մակունցը, որը քիչ մարդ չէր, իշխանական ֆրակցիայի ղեկավար էր, ասում էր՝ եթե պատերազմ լինի՝ չի միջամտի։ Ո՞ւմ շահն էր սպասարկում նա։ Ցավոք, այս իշխանության պատճառով սահմանամերձ Վարդենիսը բնաջնջման վտանգի տակ է, բայց չի էլ գիտակցում այդ մասին, ու դա են վկայում ընտրությունների պաշտոնական արդյունքները։
Կարճ ասած՝ ժողովուրդ, հասկանում ե՞ս, թե ոնց քեզ մատերի վրա խաղացրին, հասկանո՞ւմ ես, որ քեզ խաբեցին, առնվազն խաբելով՝ դավաճանեցին, ուղարկեցին պլանավորած պարտության, ուղարկեցին պատերազմի՝ իմանալով, որ հետ չես գալու։ Քո ողջ մնալը իրենց պլանների մեջ չէր մտնում։ Ու արդյո՞ք պետք է պատասխանը չստանան։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը