Հայաստանում մինչև 2018 թվականը երբ հարցում էին անում քաղաքացիներին հուզող խնդիրների շուրջ, պատասխանների առաջին տեղում գործազրկությունն էր, հետո աղքատությունը, արտագաղթը, երիտասարդության վիճակը և այսպես շարունակ։ Երբ հարցնում էին, թե ամենակարևոր ձեռքբերումը ո՞րն է, առաջին տեղում բանակն էր։
Վերջին 3 տարին, սակայն, արմատապես փոխեցին իրավիճակը․ չէ, ո՛չ գործազրկությունը պակասեց, ո՛չ արտագաղթը, ո՛չ աղքատությունը։ Ընդհակառակը, բոլորի թիվը կտրուկ աճել է։ Բայց մարդկանց համար ամենակարևոր հարցն է փոխվել։ ԱՄՆ-ի հանրապետական ինստիտուտը Հայաստանում հարցում է արել, թե առաջնահերթ հարցերը որոնք են, ամենաառաջին տեղում անվտանգությունն է, սոցիալականն է, հետո բանակն է։ Էն ժամանակը բանակը ամենակարևոր ձեռքբերումն էր, հիմա՝ ամենահրատապ կարգավորելու ենթակա կառույցը։ Հետո գալիս է աշխատատեղերի հարցը, տնտեսական աճը։
Դրսի հարցումը, իհարկե, պարտադիր չէր սա հասկանալու համար։ Մենք էլ մշտապես հարցումներ ենք անում, ու քաղաքացիները դժգոհում են անվտանգության բացակայությունից։ Հիմա թող ձեզանից ցանկացած մեկն իրեն հարց տա՝ այդ ե՞րբ է այդպես եղել նախկինում՝ նույն Սերժի ժամանակ, Քոչարյանի ժամանակ, անգամ՝ Լևոնի ժամանակ, որ մարդիկ այսքան անհանգստացած լինեին անվտանգության հարցով։
Քաղաքացին՝ մենք, զբաղվել ենք մեր խնդիրներով՝ աշխատանք, տուն, քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ապահովելու հարցեր, անգամ չենք մտածել անվտանգության մասին,որովհետև դրա մասին մտածել է երկրի ղեկավարությունը ու առիթների ժամանակ էլ միշտ խմել ենք մեր զինվոր եղբայրների կենացը։ Մենք մեր գործն ենք արել, իշխանությունն իր գործը։ Հիմա դա էլ է դարձել մեր գործը, ընդ որում՝ առաջնային գործը։ Քաղաքացին չարչարվում է իշխանության փոխարեն, դարձել ենք ռազմական փորձագետ, վերլուծաբան, քաղաքագետ։ Ստիպված, որովհետև համոզված ենք, որ մենք մեր ղեկավարությունից և՛ խելոք ենք, և՛ հայրենասեր ենք, և՛ ազնիվ ենք։
Հայաստանի ներսում Ադրբեջանի իշխանությունը տամոժնյա է դրել, մուտք ու ելքի թույլտվություն է տալիս, մարդ է կալանավորում, սահմանամերձ գյուղերից մարդ է գողանում, տեխնիկա է գողանում։ Էս վիճակում մարդը ինչի՞ մասին մտածի, տա՞ն, աշխատանքի՞, երեխայի կրթությա՞ն, թե՞ ֆիզիկական անվտանգության։ Ու այդ անվտանգության պրոբլեմը միայն սահմանին չէ կամ էլ ամեն օր սահմանամերձ դարձող մի գյուղում, այդ անվտանգության ճգնաժամը Երևանի կենտրոնում էլ է։
Պատճառը ուժեղ ղեկավարի բացակայությունն է։ Մեր երկրի ղեկավար կովածը ոչ միայն մեզ պաշտպանելու հնարավորություն չունի, այլև ի՛նքն ունի մեր պաշտպանության կարիքը, ի՛նքն է բոլոր հարցերում թաքնվում ժողովրդի թիկունքում։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին բունկերից հայտարարում էր՝ ես բերել եմ խաղաղություն, փրկել եմ զինվորի կյանք, հետո իրար հետևից զոհեր էին գրանցվում, կրակում էին։
Հիշողություն ունեցողները թող գնան էն տարիները, որ անվտանգ էր երկիրը իրոք, մի հատ ձեզ հիշեք էն ժամանակ ու համեմատեք հիմիկվա հետ։ Ինչ-որ մեկը ձեզանից մտածում է, որ եթե վարչապետ լիներ մեր երկրում Քոչարյանը, Ալիևը էդքան լկտի կպահե՞ր իրեն, Ադրբեջանը կգար ու Հայաստանի տարածքում ռեյդ կանե՞ր։ Ոչ միայն չէր գա, ոչ թե կգար ու մերոնք կքշեին, այլ ընդհանրապես չէր էլ փորձի, մտքով չէր անցնի։ Տեսել ենք, դրա համար էլ ասում եմ այսքան վստահ։ Նա երկրի տիրոջ պես էր պահում, չէր ասում՝ հույս ունեմ՝ այսպես կլինի, դե հիմա ժողովուրդը ինձ է ընտրել, դե հիմա էդ ա։
Քոչարյանը լիներ վարչապետ, Արշակ Կարապետյանին կամ ինչ էր դրա անունը․․․ ռեստորանի գեներալ Վետերոկ Վաղոյին կնշանակեր պաշտպանության նախարա՞ր։ Արշակ Կարապետյանը դարձավ նախարար, երկրորդ օրը խրոխտ ձայնով ասաց՝ հրաման եմ տալիս՝ սրանից հետո մեր սահմանին ոտնձգություն լինի, միանգամից պատասխան հասցնել։ Բա ո՞ւր ես Արշակ Կարապետյան։ Մենք հո գիտենք, որ պաշտպանության նախարար դառնալու որևէ արժանիք չունես, մենք հո գիտենք, թե ինչի համար ես նախարարի էդ աթոռը մաշում, ինչ ծառայությունների դիմաց են էս երեք տարի էս պաշտոնից էն պաշտոնը քարշ տալիս։ Մենք հո գիտենք, որ քո դուխն էլ ա մենակ գլխարկին գրած՝ շեֆիդ պես։ Բայց էդ անտեր խոսքը, ի վերջո, պետք է ունենա արժեք, պետք է իրար համընկնեն ելույթն ու իրականացրածը։ Պետք է եթե մարդը շեղվել է իր ասածից, եթե պաշտոնյան սուտ է խոսում, պաատասխանատվության ենթարկվի։ Համատարած ստում են։ Սրանց ուշքումիտքը քեֆ անելն ա, մի հատ ասես հարբելու տեղ կա, էնքան լակեն, որ հազիվ կանգնեն ոտքի վրա․ կադրերն էլ հո տեսել ենք։
Նիկոլն ասում էր խաղաղություն եմ բերել, պատերազմի ավարտից հետո էլ հարձակվում են, առաջ են գալիս, կրակում են, գողանում են։ Հենց էսօր նոր վիրավոր ունենք։ Ու տրամաբանական է, որ ժողովուրդը, իր բոլոր խնդիրները թողած, անվտանգության մասին է մտածում։
Մի օր չի լինում, որ առավոտ արթնանանք ու կարդանք ինչ-որ հաջողության մասին, ոնցոր թուղթուգիր արած լինեն, զարթնում ենք, տագնապով մտնում լրատվական կայքեր, թե՝ ինչ նոր խայտառակություն է զբաղեցնելու մեր օրը։ Որովհետև սրանցից այլ բան սպասել չի լինում, որովհետև գիտենք՝ եթե թշնամին ուզենա անգամ գալ Արարատ, Արտաշատ, Մասիս, Երևան, ոչ թե դրա դեմ առնելու են, այլ պաշտոնի դիմաց ցուցմունք տվող պաշտպանության նախարարն ասելու է՝ դա մեր լիզազորությունների մեջ չէ, Քպ խմբակցության պատգամավորն ասելու է՝ դա ադրբեջանական տարածք է ու որպես ապացույց DJ էդոն էդ տարածքների Ադրբեջանի տված անուններն է կարդալու։
Ասել եմ ու շարունակում եմ ասել՝ որպես անվտանգություն ապահովող, ուժեղ ղեկավար Ռոբերտ Քոչարյանն այլընտրանք չունի, ու այս հարցում ընտրության արդյունքները որևէ բան չեն փոխում։ Կապ չունեն ընտրության արդյունքները, կապ չունի այն, որ մեր երկրում կա կործանմանը ծափ տվող 690 հազար մարդ, ՀՀ քաղաքացին իրեն ապահով կարող է զգալ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստանում։ Նա մնաց որպես նախագահ, որը մեր երկրին բերել է հաջողություններ, հաղթանակներ, խաղաղություն, անվտանգություն։ Ապրել ենք, տեսել ենք, գիտենք։
Կարճ ասած՝ Հայաստանն ուժեղ առաջնորդի կարիք ունի։ Ղզիկները, լաչառները, ճղճղանները, վախկոտները մեզ հասցրել են փորձանքի ու պետք է հեռանան։ Ժողովուրդ, եթե ուզում ես ապրել, փախստական չդառնալ, ուրեմն գնա նիկոլիզմը հավերժ մերժելու ճանապարհով։ Սրանց հետ որևէ մեկս ապագա չունենք ու չենք կարող ունենալ։ Ափսոս ենք, չենք ուզում ապրել Աֆղանստանի, Սիրիայի կյանքով, նայեք այդ երկրներում ապրողներին, խղճացեք ձեզ։ Սրանք դրան են տանում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը