16 07 2021

«Կարճ ասած»․ Միայն ընտրության հարցը չէ․ Սահմանադրական դատարանը պետք է կանխի սպասվող աղետը



 

Սահմանադրական դատարանը վաղը շատ ծանր որոշում ունի կայացնելու, պատմական որոշում՝ Հայաստանին այսքան մահ, ցավեր ու տառապանք բերած իշխանությունը մնո՞ւմ է, թե ոչ։ Մի քանի օր տևած նիստերում ապացուցեց մի քանի բան՝ եղել են ընտրակեղծիքներ ու լուրջ խախտումներ՝ ընտրացուցակների մասով, երկրից բացակա անձանց քվեարկության մասով, անձնագրերի մասով։ Սահմանադրական դատարանում ապացուցվեց վարչական ռեսուրսի անխնա չարաշահումը։ Փաշինյանն ընտրությունների քարոզարշավին մասնակցում էր որպես վարչապետ ու օգտագործում էր ողջ պետական ռեսուրսը, որը կարող էր թեկուզ մեկ ձայն ապահովել։

Մարդը հանցագործություն է արել, հրաժարական տալուց հետո յուրացրել է վարչապետի պաշտոնը։ Նա օգտագործել է ոստիկանական ռեսուրսը, ծառայողական ողջ ռեսուրսը՝ ապօրինի։ Ու երբ օգտագործվում են վարչական լծակները, անհավասարության մեջ են դրվում ընտրության մասնակիցները, և սա իր ազդեցությունն է ունենում ելքի վրա։ Այս ընտրություններում խորհրդարան չանցած ցանկացած մեկին տայիր այն լծակները, որ օգտագործել է Նիկոլ Փաշինյանը, բոլորից առաջ կանցներ։

Սահմանադրական դատարանում հնչեցվեց էն ամբողջ բառամթերքը, որը օգտագործվում էր Փաշինյանի կողմից՝ ատելության խոսքը, որ տարածվում էր։ Երբ ասում է՝ թաթիկները կկտրեմ, լեզուն կկտրեմ, էս կանեմ, էն կանեմ, առանց այն էլ անգրագետ, ընտրական իրավունք ու կուլտուրա չունեցող մարդը կվախենա, չէ՞, դրանից։ Դատախազությունն իրեն դրեց էն համառ կենդանու տեղը։ Եթե ես հիմա գնամ դատախազության մոտ մուրճ թափահարեմ ու սպառնամ ջարդել դատախազի գլուխը, ինձ կբանտարկեն, երկար ժամանակով։ Բայց երբ Փաշինյանն է մուրճն առած սպառնում գլուխներ ջարդել, դատախազությունը դա ընկալում օրենքի դիկտատուրայի հաստատում։ Ու մի խելքը գլխին մարդ չկա էդ համակարգում, որ իրեն հարց տա՝ մուրճով գլուխ ջարդելը օրենքի՞ դիկտատուրա է, թե՞ հանցագործության ապացույց։

Ու սա արդարացնում է ոչ միայն դատախազությունը, այլև ՍԴ որոշ անդամներ՝ առանց հաշվի առնելու, որ անգամ օրինական դատական ակտ կա այն մասին, որ Փաշինյանը շարունակաբար բռնության սպառնալիքներ է հնչեցրել։

Ինձ համար տհաճ էր տեսնել Բարձր դատարանի որոշ անդամների պահվածքը։ Ցավոք, չմնացին բարձրության վրա։ Չէ՞ որ ակնհայտ է, որ այն բռնությունները, որ Նիկոլը խոստացել է քարոզարշավի ընթացքում, հիմա իրականություն է դարձնում։ Մենք տեսնում ենք ակնհայտ քաղաքական հետապնդումներ, այնքան ակնհայտ ու ապօրինի, որ արդեն նիկոլին սատարող սորոսականներն են ահազանգում։ Ընդ որում, այդ քաղաքական հաշեհարդարների շարքում ոչ միայն կալանքներն են, այլև աշխատանքից ազատումները։ Ու սա չեն կարող չտեսնել Սահմանադրական դատարանի պրոֆեսիոնալները։

Անկեղծ ասած՝ հանրությունը ուղղակի տարակուսած է ՍԴ նախագահ Արման Էդուարդի Դիլանյանի տարօրինակ պահվածքից։ Դավիթ Հարությունյանի ելույթին նրա պատասխանի ժամանակ բոլորս տեսանք, որ մարդը ինչ-որ տեքստից էր օգտվում, որը չէր գրել Դավիթ Հարությունյանի ելույթի ժամանակ․ զգացվում էր՝ դա էդ մարդու մոտ հայտնվել է նախօրոք։ Ընդ որում, մարդիկ նկատեցին, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Դավիթ Հարությունյանին պատասխանում էր Նիկոլի սրտի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի բառապաշարով ու պնդում են՝  նրա գրած տեքստով։

Բայց ՍԴ նախագահի խոսքում ամենաէական հանգամանքն այն էր, որ նա հայցադիմումը ներկայացնող ուժերին տեղեկացրեց ՍԴ որոշման մասին։ Նա ասաց, թե դուք փորձում եք վբարկաբեկել ՍԴ ապագա որոշումը։ Պարզից էլ պարզ էր, որ նա ասաց՝ ապագա որոշումը ձեր սրտով չի լինելու։ ՍԴ նախագահը դեռ գործը չավարտած՝ հայտնեց որոշման մասին։

Իսկ Դավիթ Հարությունյանը, որին պատասխանում էին ՍԴ նախագահը կամ Վահե Գրիգորյանը, դա արդեն կարևոր չէ, չափազանց կարևոր բանի մասին էր խոսում։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Հայաստանում կյանքը կանգ չի առնելու, շարունակելու ենք ապրել, ինչպես նա է ասում՝ ապագա կա, բայց ի՞նչ ապագա է լինելու։ Հայաստանի վարչապետը ստորագրելու է մեր երկրի սահմաններիը կիսող փաստաթղթի տակ, հողեր է հանձնելու Ադրբեջանին։ Դա անելու է Նիկոլը, թուրքական կապիտալը լցնելու է Հայաստան, մաշեցնի մեր ռեսուրսն ու թրքացնի աստիճանաբար։ Վաղը Սահմանադրական դատարանը մեծ բեռի տակ է մտնելու, որոշումներ կա, որ պետք է կայացնի ու հավասար մասնակից է դառնալու Նիկոլ Փաշինյանի նոր հակապետական քայլերին։ ՍԴ-ն պետք է որոշի՝ նման ընթացքով գնալ, թե ոչ։

Սահմանդրական դատարանի աչքի առաջ են մեր պետության գլխով վերջին տարիների ամբողջ անցածը, մահակով իշխանություն պահելը, կիլոմետրերով հայրենիք զիջելը, անբացատրելի զոհերը, գերիները, բոլորը աչքի առաջ են։ Սահմանադրական դատարանի աչքի առաջ մներ պետական բոլոր ինստիտուտները հերթականությամբ քայքայվել են, հեղինակազրկվել են։ Ու սահմանադրական դատարանը որոշում է կայացնելու՝ նույն տեմպերով շարունակե՞լ քանդումը, թե կանգ առնել, դադար տալ։

Ամբողջ համացանցը սարսափած է այն սկանդալային բացահայտումներից, որ արել է Նաիրի Հոխիկյանը, Փաշինյանի՝ Ղարաբաղը հանձնելու ուղղակի կարևոր փաստեր է ներկայացնում։ Սահմանադրական դատարանը պետք է կանխի հետագա աղետները։

Այս ընտրությունների արդյունքներով Նիկոլի հաղթանակը բոլորովին կապ չունի ժողովրդի տրամադրությունների, ձայների, ընկալումների հետ։ Իրական պատկերը սրանով ցույց չի տրվում։  Ժողովուրդը խաբված է, հաղթանակը գողացված է։  Միանշանակ է, կասկածի ենթակա չէ, որ եթե չլինեին այս աստիճանի ընտրակեղծիքները, Նիկոլ Փաշինյանը հազիվ կկարողանար իր ձայներով երկրորդ ուժը լինել խորհրդարանում։ Լրիվ խեղաթյուրված է պատկերը։

Կարճ ասած՝ Սահմանադրական դատարանը պետության ճակատագիրն է որոշում, ու նրա սխալ որոշումից ամենաթեթև կորուստը այդ կառույցի հեղինակությունն է լինելու։ Մենք կարող ենք արդեն որպես պետություն հարցականի տակ դրվել։ ՍԴ յուրաքանչյուր դատավոր պետք է, պարտավոր է ապացուցել ոչ միայն արդար ու բարեխիղճ դատավոր լինելը, այլև՝ ազնիվ քաղաքացի և հայ լինելը, պահանջատեր լինելը։ ՍԴ-ն ոչ թե ընտրությունների հարցն է լուծում, այլ՝ պետության ճակատագիրը։ Նիկոլն ապացուցել է, որ իր ամեն մի օրը վտանգ է մեր երկրի համար։ Սահմանադրական Դատարանը կարող է Հայաստանի շահը հաշվի առնելով՝ ուղղակի թույլ չտալ Նիկոլին իշխել։ Մեր պետության շահը հենց դա է պահանջում։

 

Սևակ Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ