15 07 2021

«Կարճ ասած»․ Նիկոլը 300 հազար ձայն հորինել է, այնպես, ինչպես ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցը



 

Հիմա ես պետք է պատմեմ մի զավեշտի մասին։ Որ այս իշխանությունը զբաղված է փչելով՝ հորինելով, ոչ մեկիս գաղտնիք չէ։ Սրանք սուտը հասցրել են կատարելության։ Այ հիմա, արդեն, հաստատուն կերպով անցել են միջազգային ասպարեզ։

Կարո՞ղ է որևէ երկրի ղեկավար հարգել քո երկրի ղեկավարին, երբ գիտի, որ սա ստում է, իր հետ խոսելու է, հետո տեսնի, որ լրիվ ուրիշ բան է տարածել հաղորդագրության մեջ։

ԱՄՆ պետքարտուղարը զանգահարում է Նիկոլ Փաշինյանին ու ասում՝ շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ։ Նիկոլը իր կայքում դնումէ  այսպես․ շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։ Պարզվում է՝ ժողովուրդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։

ԱՄՆ պետքարտուղարն ասում է՝ «Ողջունում եմ ձեր հետևողական քայլերը Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում»։ Իհարկե՝ անհասկանալի է, թե ինչ ժողովրդավարության մասին է խոսքը, բայց ԱՄՆ-ն դա է ասում, հո մենք մեղք չունենք, որ էդ երկիրը 2018 թվականի ապրիլ ամսից Հայաստանին է նայում գունավոր ակնոցներով ու ինչ էլ լինի՝ չի հանում էդ ակնոցները։ Բայց անգամ էս տողերին Նիկոլը մի բան էլ իրենից է հորինում, թե՝ «Բարձր եմ գնահատում քո ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»։ Հլա նայեք ինչից ինչ դարձավ։

ԱՄՆ պետքարտուղարին Նիկոլը վերագրում է բաներ, որոնք էդ մարդը ուղղակի չի ասել։ Եվ չէր էլ կարող ասած լինել․ օրը ցերեկով մտնում են գյուղապետարաններ, քաղաքապետարաններ, համայնքների ղեկավարների փռում են ասֆալտին, հետո գործեր սարքում գլխներին, կալանավորում․ ու դժվար թե սա ամերիկյան կողմը համարեր երկխոսություն ընդդիմության հետ։ Ի՞նչ երկխոսություն ընդդիմության հետ, երբ ամենամեծ ընդդիմադիր ուժի ու նրա ընտրողների հետևից է ընկել այս ժամանակավոր իշխանությունը։ Խուզարկություններ, բռնաճնշումներ, կալանավորումներ․ սա ենք տեսնում մենք էլ, ԱՄՆ-ն էլ ու դժվար թե ասեր՝ ապրես ՆԻկոլ ջան, լավ ես երկխոսում։ Էդ ո՞ւմ հետ է երկխոսել, Արզաքանցյան Տիգրանին ու Էդմոնին հրավիրել է կառավարությո՞ւն։

Մեզ մոտ կասկած էր հարուցում Նիկոլի տեքստը, մանավանդ որ ամերիկյան կողմը չէր հրապարակել հեռախոսազրույցի իր տարբերակը։ Հրապարակեց, նայում ենք տեքստը, այ մարդ, լրիվ ուրիշ բան է։ Պարոն Էնթոնի Բլինքենը խոսել է այ էսքան, Նիկոլը դա դարձրել է այ էսքան։ Իր կողմից ավելացրել է էլ կոռուպցիայի դեմ պայքար, էլ արդարադատություն, միայն մոռտացել է վերջում էլ գրել շնորհավոր Ամանոր և սուրբ ծնունդ։

Վատն այն է, որ սա ո՛չ առաջին անգամ է, ո՛չ երկրորդ կամ տասներորդ ու ոչ էլ, վստահաբար, վերջինն է լինելու, որ սա տեքստեր է հորինում ու վերագրում այլ երկրների առաջնորդների, հայտնի գործիչների։

Այս տարվա փետրվարի 25-ին հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տարածում է հաղորդագրություն, մեջը գրում, թե «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։ Ռուսական տեքստն ես նայում ու տեսնում ես մարդը ոչ միայն «Հայաստանի օրինական իշխանություն» ձևակերպումը չի արել, այլև զսպվածության կոչ է արել։ Սա Պուտինին խոսքեր է վերագրել։ Նույնը՝ ապրիլի 24-ի հեռախոսազրույցում, հունիսի ն էլ 1–ի հեռախոսազրույցում։ բանը հասել է այնտեղ, որ Նիկոլը Պուտինի անունից իրեն ծննդյան շնորհավորանքի տեքստ է դրել, նայում ես՝ Կրեմլի կայքում չկա․ իսկ նրանք պաշտոնապես ինչ անում են՝ դնում են։

Ընդամենը երկու օր առաջ՝ հուլիսի 12-ին, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին։ Հետո պարզվում է, որ բարերարի խոսքերի կեսը խեղաթյուրել են․ Էռնեկյանն ասել է․ «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը»: Նիկոլը դա դարձրել է․ «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»:

Հիմա ասեք տեսնեմ՝ կարո՞ղ է Նիկոլին լուրջ ընդունել որևէ երկրի առաջնորդ, որևէ լուրջ բան հետը քննարկել, երբ գիտի, որ էս մարդը մեկ է՝ իր կողմից է տեքստեր հորինում, հետը ինչ խոսում են, շուռ է տալիս, դարձնում է Նիկոլին աջակցության տեքստ ու դնում։ Ու չեն էլ զգուշացնում, Նիկոլն է, էլի, անլուրջ մարդ է։ Սուտը տարել է միջազգային հարաբերություններ․ այ դրա համար էլ հարաբերությունները բոլոր երկրների հետ փչացրել է, երկիրն արդեն լուրջ չեն ընդունում։

Էս մարդուն իր թերթի էջերը հերիք չեն անում հորինելու համար, արդեն կառավարության կայքն է օգտագործում։ Ես չեմ զարմանալ, որ, ասենք, առավոտյան մամուլի հաղորդագրություն կառավարությունը տարածի, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մայքլ Ջեքսոնի հետ, նա էլ խոստացել է հետմահու երգ գրել Նիկոլի հաղթանակի առթիվ ու անձամբ էլ կատարի։ Կամ, ասենք, Փաշինյանը հոգի է կանչել ու հարցրել ինչ կա չկա, նա էլ ասել է․ «ապագա կա ապագա»։ Չի բացառվում վաղը ֆոտոշոփով իրեն միացնի Հիսուս Քրիստոսի նկարին ու ասի՝ հենց նոր եմ հանդիպել, ասաց՝ քեզ նշանակում եմ աստծո որդի։ Ամեն ինչ սպասելի է։

Մենք ասում ենք՝ պատերազմի 44 օրերին ստել են․ բա կստեին։ Էս մարդը ստի անգերազանցելի ռեկորդակիր է։ Հաղթել ենք, հաղթում ենք, ինչ էլ լինի՝ մեկ է՝ չենք պարտվել, էս չէ՞ր։ Էն որ բալոնների գործարանի լենտ էր կտրում, հայկական տեխնիկայի գործարանի լենտ էր կտրում, էս շարքի ստերից չէ՞ր։ Բա ձեր կարծիքով Նիկոլին էդ 300 հազար ձայնը, որ ընտրվեց, ո՞րտեղից։ 20 տոկոս վարկանիշ ուներ, 53 տոկոս ձայն տարավ։ Հորինեց մարդը։ Դրա համար էլ ՍԴ-ում 200 էջանոց դիմում կա, ու ՍԴ նախագահն ասում է՝ մեր ապագա որոշումից հայցվորը դժգոհ է լինելու։

Կարճ ասած՝ ցանկացած բան, որն ասում է ու անում է Նիկոլը, արդեն բոլորս իրավունք ունենք կասկածելու՝ իրականությո՞ւն է, թե՝ ոչ, իրականություն է, թե ոչ։ Արժե՞ հավատալ այս իշխանության որևէ խոսքի։ Ստախոս ղեկավար ունենալու ամբողջ ծանրությունը մենք զգում ենք։ Երբ մարդն աշխատելու փոխարեն աշխատելու մասին ստեր է տարածում, հենց սա՛ է լինում արդյունքը։ Մենք էսօր ստի պտուղներն ենք վայելում։ Այ էդ ստի արդյունքում երկրի կեսը կորցրինք, երկրի հերն անիծեցին, ժողովրդին թողեցին աղքատ, անուժ, խաբված։ Ու շարունակում են ստել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ