12 07 2021

«Կարճ ասած»․ Հնարավոր է՝ այս ամենն արվում է Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամու պատվերով



Հայաստանի ժամանակավոր իշխանությունը բացահայտ հաշվեհարդար է տեսնում Սյունիքի համայնքապետերի նկատմամբ։ Վերջին մի քանի օրվա փաստերը բերեմ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Մարդուն հրավիրում են ոստիկանություն, հելնում-գալիս է, մեկ էլ մի երկու գազել դիմակավորված և զինված անձինք գետնին են պառկացնում, նկարում, հետո տանում։ Կարծում եմ՝ Փաշինյանի պատվերն է։ Ենթադրում եմ, որ դարձյալ նրա պատվերով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը կալանավորեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին։

Նիկոլ Փաշինյանի ՀՔԾ-ն բերման ենթարկեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։ Նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցել։ Սյունիքի ոստիկանությունը ճնշումներով, ահաբեկումներով, ձերբակալելու սպառնալիքով ցուցմունք կորզեց քարահունջցի ընտանիքից համայնքապետ Լուսինե Ավետյանի նկատմամբ և կալանավորեց համայնքապետին։ Մարդ ու կնոջն ասում են ասեք, որ կաշառք եք ստացել համայքապետից, ասում են՝ չենք ստացել։ Ձերբակալվելու վախից ինչ-որ ցուցմունք են տալիս։ Գյուղացի մարդիկ են, իրենց իրավունքներն ու պարտականությունները չգիտեն։

Ինչո՞ւմ եմ անընդհատ շեշտում, որ սրանք Նիկոլի ձեռքի գործն են․ որովհետև պարզից էլ պարզ է՝ Հայաստանում գոյություն չունի ՀՔԾ պետ, գոյություն չունի ԱԱԾ պետ, դատախազ, ԿԸՀ ղեկավար, Հայաստանում կա մեկ մարդ, որը էդ բոլոր պաշտոններն ունի։

Ենթադրում եմ՝ նրա պատվերով ձերբակալվել է Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը։ Համայնքապետերը, ինչպես ամեն ամիս են անում, անապահովներին տվել են սոցիալական աջակցություն։ Նիկոլն ասում է՝ չէ, դա ընտրակաշառք է։ Քաղաքացիների հետ խոսում են, նրանք ասում են՝ հողերը տվել են թշնամուն, ապրելու հնար չունենք, համայնքապետն օգնել է։ Ոստիկանությունը տեռոր է անում, թե՝ ասա, որ սա կաշառք է եղել։ 74-ամյա մարդը ասում է՝ բերեմ փողը հետ տամ, ձեր օգնությունը ձեզ մնա, ինձ մի կանչեք ոստիկանություն։

Լավ, ասենք թե Որոտանի, Քարահունջի համայնքապետերի օրինական որոշումները անապահովներին օգնելու մասին, կաշառք է։ Հիմա հարցս՝ ինչո՞ւ են միայն նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցվում։ Եթե շարժվում ենք լոգիկայով, որ դա կաշառք է, ուրեմն ընտրությունների օրերին և ընդհանրապես, հունիսի ամսին համարյա բոլոր մարզպետները, քաղաքապետերը, գյուղապետերը օգնություն են բաժանել հարյուր հազարավոր քաղաքացիների։ Դա՞ ինչ է։ 

Սյունիքի մարզպետի պաշտոնակատարը ընտրություններից օրեր առաջ դրամական օգնություններ բաժանելու որոշումներ է ստորագհրել, ընտրություններից հետո՝ ոչ մի հատ։ Մեկ օրվա մեջ՝ հունիսի 14-ին, դրամական օգնության երկու որոշում  է կայացնում՝ մոտ 4 մլն դրամի։ Ինչո՞ւ էդ մարդկանց չեք տանում բաժին կամ կալանավորում մարզպետին։ Ընտրությունից 2 օր առաջ՝ հունիսի 17-ին, Լոռու մարզպետի պաշտոնակատարը 90 հազար դրամ է բաժանում 3 քաղաքացու, հունիսի 10-ին 440 հազար դրամ է տալիս 8 քաղաքացու, 60 հոգու էլ տալիս է 15-30 հազար դրամ, հունիսի 8-ին 230 հազար դրամ է տալիս 5 ընտանիքի։ Ու այն հաշվարկով, որ մինչև ընտրություն գումարը հասնի տեղ։ Շիրակի մարզպետի ԺՊ-ն 1 մլն 540 հազար դրամ է բաժանում 49 հոգու՝ 20 հազարից մինչև 150 հազար դրամ։ Միայն հունիս ամսին Գեղարքունիքի մարզպետի ԺՊ-ն ավելի քան 150 ընտանիքի տվել է դրամական օգնություններ՝ Գավառ, Սևան, Ծովինաևր, Կարմիրգյուղ, Ճամբարակ և այլ համայնքների բնակիչների։ Այդ թվում՝ հունիսի 18-ին՝ ընտրություններից մեկ օր առաջ ևս տվել է։ Մարդ կա, որ 150 հազար դրամ է ստացել, բինգո է, գուցե՝ մեկ ձայնի համար։ Էս մարդկանց ինչո՞ւ ոստիկանությունը չի գնում հարցաքննելու, առավել ևս՝ ստիպում ցուցմունք գրել, որ ձայն է տվել ՔՊ-ին։ Մարզպետի պաշտոնակատարը հունիսի 4-ին կես միլիոն դրամ է տալիս, որ մինչև ընտրություններ զինվորներին քաղցրավենիք բաժանեն։ Հասկացա՞ք, թե ինչու էր բանակը գալիս ու քվեարկում Նիկոլին, 3-րդ համարի քվեաթերթիկը վերևում դրած։ Ինձ, օրինակ, հետաքրքրում է, թե ինչու է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատարը ընտրությունից մեկ օր առաջ որոշել Կարճաղբյուրի բնակիչ Ատոմ Սարգսյանին 60 հազար դրամ տալ։ Միայն այս մեկ մարզում 150 ընտանիքի մասով 10-200 հազար դրամ է բաժանվել։ Կամ, ասենք, ընտրություններից օրեր առաջ Արմավիրի մարզպետի ԺՊ-ն 1 մլն 140 հազարն դրամ բաժանելու որոշում է կայացնում 35 ընտանիքի՝ 20-50 հազար դրամ, Արագածոտնի մարզպետի պաշտոնակատարը 930 հազար դրամ է բաժանում 11 հոգու։ Ժողովուրդ, սա կաշա՞ռք է, թե ոչ, պետբյուջեից։

Կրկնում եմ՝ միայն մարզպետները չէ, նաև գյուղապետերը, քաղաքապետերը։ Ոստիկանությունը արդյո՞ք ընկել է մարդկանց հետևից, տարել, ծեծել, ասֆալտին փռել։ Ստացվում է՝ անգամ օգնությունը պետք է բաժանեն միայն ՔՊ-ակա՞ն պաշտոնյաները։ Բա սա աբսուրդ չէ՞։

Կամ սրանց անմարդկայնության աստիճանը նայեք․ հայտարարություն է տարածվում, թե Որոտանի համայնքապետի աշխատասենյակում և բնակարանում խուզարկության ընթացքում զենք ու զինամթերք է հայտնաբերվել, որի օրինականությունը ստուգվում է։ Գուցե ինչ-որ մեկը անհամբեր սպասում էր, որ պետք է պատերազմի մասնկակցի տանից, որը հենց հիմա էլ պատերազմական վիճակում է, ոստիկանները ֆլեյտա՞ հանեին։ Բայց սա կապ չունի գործի հետ, որի համար նրանց տուն են մտել խուզարկելու։ Որոտանը սահմանամերձ շրջան է, որի կեսը Նիկոլը նվիրել է Ադրբեջանին։ Մարդիկ իրենք են գյուղը պահում, իրենց միջոցներով։ Էդ որ իշխանությունը ո՛չ զենք է տալիս, ո՛չ զորք է տալիս, մտքով անցկացրե՞լ է՝ յարաբ, էս մարդիկ ո՞նց են պահում հողը։ Ընդամենը վերջերս, երբ Նիկոլին հարց տվեցին, թե ինչու է սահմանամերձ շրջանները պահում գյուղապետը, ինքը սահման պահո՞ղ է, գիտե՞ք ինչ պատասխանեց, ասաց այո, ինքն էլ է իշխանության ներկայացուցիչ։ Բա ասում ես գյուղապե՛տ, սահման պահի․ ինչո՞վ պետք է պահի, ինչի՞ ես զենքերը հավաքում, փոխանակ զենք տաս։

Ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչու է սահմանամերձ այս վտանգավոր շրջաններից կառավարությունը հավաքում զենքը, համայնքների ղեկավարներին կալանավորում, բնակիչներին ահաբեկում ու միաժամանակ խոսում Ադրբեջանի հետ նոր սահման գծելու մասին։ Համայնքը թողնում են անգլուխ, գյուղապետին են հեռացնում, որը հարգանք է վայելում, ազատամարտիկ է։ Մարդը մեսիջ է տալիս Ալիևին։ Եթե թուրքի հարևանությամբ ապրողը չունենա զենք, նույն է, թե ասի՝ եկեք ինձ սպանեք, գերի տարեք։

Խոզնավար համայնքի բնակիչն ասում է՝ 30-40 հոգանոց զինված խմբով ադրբեջանցիները գյուղ էին մտել։ Դու թուրքին խաղաղ բնակիչների տուն էքսկուրսիայի ես բերել, համ էլ չես թողնում ինքնապաշտպանվեն, չես թողնում, որ մարդիկ գոնե իրենք իրենց հարցերը լուծեն, զուգահեռ կալանքներ ես տալիս։

Ասում եմ՝ այս իշխանությունը ձեզ չի թողնում ապրեք, ժողովուրդ, կարծես իրար հետ խոսացած լինեն Նիկոլն ու ալիևը։ Ալիևը կարծես ասած լինի՝ Նիկոլ, ես ստեղից գամ, դու էդտեղից արի։ Բոլոր համայնաքապետերը, որոնց նկատմամբ էս վայրագությունն է, 44 օրյա պատերազմի ակտիվ մասնակից են, Մխիթար Զաքարյանը վիրավորում է ստացել։ Այսինքն, էս մարդկանց դատում են, որովհետև ասկտիվ մասնակցվել են պատերազմին։ Հնարավոր է՝ Ադրբեջանի պահանջն է դա, չեմ կարող ասել, բայց արդեն ամեն ինչի հավատում եմ։ Միայն Ալիևը կարող էր պատվիրել գեներալ Գրիգորի Խաչատուրովին հանել կորպուսի հրամանատարի պաշտոնից, կասկածելի Քյարամյանին էլ մեդալ տալ ու տանել ՔԿ ղեկավար։

Մեր երկրում կատարվողը առնչություն չունի օրենքի հետ։ Իշխանությունը, պահանջում է, որ բոլորը ծառայեն իրեն, չես ո՞ւզում, կա պողպատ, կա չագուչ։ Ապօրինի քայլեր կատարող իշխանությունը չի կարող ուժեղանալ։ Սա քանդում է հենց իր հիմքերը։

Կարճ ասած՝ ուզում եմ հարց տանք մեզ՝ Հայաստանի ու հայ ժողովրդի համար ո՞րն է ավելի թշնամի՝ Ալիևը՞, որ  հարձակվում է, բայց հնարավորություն տալիս, որ դու քո ռեսուրսներով պայքարես (լավ ես պայքարում, վատ, դա այլ հարց է), թե՞ քո երկրի ղեկավարը, որը քեզ զենք չի տալիս, կալանավորում է, թողնում է անպաշտպան, քո դեմ քրեական գործեր է սարքում, որովհետև ամուր ես ուզում պահել քո հողը։ Ալիևը գիտենք՝ ասում է՝ ես ուզում եմ քեզ կոտորել, տիրանալ քո երկրին։

Երկուսն էլ թշնամական քաղաքականությունն են վարում մեր նկատմամբ, մեկը ներսից, մյուսը՝ դրսից։ Մեկը ասում է՝ ատում եմ ձեզ, մեկն ասում է՝ սիրում եմ բոլորիդ։ Բայց անում են լրիվ նույն բանը։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ