Նիկոլ Փաշինյանը օրերս մի շատ անզգույշ հայտարարություն արեց․ ասաց, թե՝ այս ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց։ Սա իրականությունից լիովին կտրված հայտարարություն էր։
Ներքաղաքական ճգնաժամը ինչո՞ւ էր ստեղծվել․ ստեղծվել էր պատերազմում կապիտուլյացիայի արդյունքում։ Չնայած կային լիքը այլ խնդիրներ՝ տնտեսական քաոս, խոստումների տապալում, իրավական բեսպրեդել, համընդհանուր հիասթափություն, բայց ճգնաժամի գլխավոր պատճառը պատերազմն էր։ Ճգնաժամի բերած ուժը շարունակում է մնալ, ուրեմն ճգնաժամը խորանալու է։
Իսկ ինչպե՞ս կարող է հաղթահարվել, եթե այս պահին մեր երկրում 1000-ից ավելի ադրբեջանցի զինվոր կա։ Երեկ իմացանք, որ Խնածախ համայնքից թշնամին անասուն է տարել, գյուղապետը զանգում է բանակային կորպուսին․ զինվորներն արդեն կով ու ոչխար որսալու համար են։ Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանցիները փոխհրաձգություն են հրահրել, վիրավորներ կան երկու կողմից։
Իշխանությունը ձեռքերը լվացել է, մարդկանց թողել է միայնակ իրենց խնդիրների հետ։ Մարդ մի անգամ է ապրում ու դժվար թե ուզենա առավոտից իրիկուն վախերի մեջ ապրել․ ուստի սկսելու է արտագաղթ գյուղից։ Գյուղացին զրկվել է իր իրավունքների իրացումից՝ չի կարող հող մշակել, անասուն պահել, բերքահավաք անել։ Բա ո՞նց է լուծվել ճգնաժամը։ Մտել են մեր հողի մեջ ու կրակում են մեզ վրա․ դատախազությունը թող անկապ քրեական գործեր հարուցի, ի՞նչ օգուտ։
ԱԽ քարտուղարը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ը ձայն չհանեց՝ ադրբեջանցիներն ակտիվացան։ Էդքան թուլամորթ կարելի՞ է լինել․ դուք ի՞նչ ձայն հանեցիք, երկու ամիս է՝ էթշնամին մեր երկրի մեջ է, ԱԽ քարտուղարը, վարչապետը, պաշտպանության նախարարը ի՞նչ ձայն են հանել։ ՀԱՊԿ-ն տեսնում է, որ քո համար մեկ է՝ քո երկրի սահմանին ինչ է կատարվում, ի՞նչ եք պահանջում իրենից։ Ասում ես՝ Սև լճի 30 տոկոսի համար հո կռիվ չե՞մ անելու, ՀԱՊԿ, դո՛ւ արի կռիվ արա։
Իրականում այդ գյուղերում ապրողներին չի հետաքրքրում՝ խնդիրները չերեզ ՀԱՊԿ ես լուծում, թե ոնց, իրենց համար կարևոր է, որ թուրքն իր տան մոտից հեռանա։ Դուք սահմանադրությամբ պարտավորվել եք մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունն ապահովել։ Բայց ձեզ էդ ձեր ամբողջ իրավունքների ու պարտականությունների դաշտից ոչինչ չի հետաքրքրում, հետաքրքրում է միայն պարգևատրումները, նախընտրելի է՝ փողով և անշարժ գույքով, ձեր բարեկեցությունը։ Իսկ եթե կան խնդիրներ, մեղավոր է ՀԱՊԿ-ն, մյուսները, ոչ դուք։
Ամեն անգամ մի կարևոր փաստաթուղթ ես տալիս, որ բազմաթիվ գերիներից մի քանիսին բերես, ու խոսում ես այն մասին, թե ճգնաժամը լուծված է՞։
Սրանք որ եկան իշխանության, ի՞նչ արեցին, փորձեցին չեզոքացնել էն մարդկանց, ովքեր կխոչընդոտեին Ղարաբաղը հանձնելուն, քրեական գործեր սարքեցին, որ ուշադրությունը, ծանրաբեռնվածությունը գնա միայն այդ գործերի վրա։ Հիմա էլ գործեր են հարուցում էն մարդկանց վրա, ովքեր կխոչընդոտեն Սյունիքում Ադրբեջանին միջանցք տալուն։ Դուք սենց ճգնաժամ եք հաղթահարո՞ւմ։
Եթե ճգնաժամը հաղթահարված է, ո՞նց է Արտակարգ իրավիճակների նախարարը խորհրդակցություն անում, որ քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցույց տան։ Իսկ գուցե իշխանությանն էլ հոգեկա՞ն աջակցություն ցույց տաք։ Թուրքը մարդու գյուղ է մտել, անասուններին է տանում, գողանում է, ի՞նչ հոգեբանական աջակցություն։
Ժողովուրդ, մենք հիմա ունենք ճգնաժամերի մի փունջ՝ անվտանգության ճգնաժամ, սահմանային ճգնաժամ, կառավարման ճգնաժամ, իշխանության որակի ճգնաժամ, տնտեսական լուրջ ճգնաժամեր ու անգամ հացի խնդիր։
Գիտե՞ք, այն, ինչ կատարվում է, շատերիս համար անակնկալ չէր ու միշտ էլ ասել ենք, թե սրանց պարագայում ինչի կարելի է սպասել։ Չկա մի բան, որ Նիկոլն անի ու զարմանանք ու չկա մի վատ կանխատեսում, որ սրանց պարագայում արել ենք ու չի իրականացել։ Այ անհասկանալի է ժողովրդի՛ վերաբերմունքը։
Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք մեր ժողովրդի մոտ էդ ինքնապահպանման բնազդը կա․ ասում ես՝ հարգելի գյուղացի, ձայն տուր ինձ, որ չունենաս սերմացուի խնդիր, ոռոգման ջի խնդիր, մթերման խնդիր։ Էն մեկելն ասում է՝ ձայն տուր ինձ, որ փողկապով գնաս հող մշակելու, չագուչով էլ գլուխդ ջարդեմ, գնում ու նրան է ձայն տալիս, որից 3 տարի օգուտ չի ստացել, ու ընտրությունից 5 օր անց փողոց է փակում՝ բողոքելով նույն իշխանությունից։ Դու ասում ես՝ կապահովեմ անվտանգությունդ, Նիկոլն ասում է՝ թշնամու հետ քիրվայություն պիտի անենք, գնում-ընտրում են նրան ու մի քանի օր անց բողոքում են, թե անասուններին թուրքը գողացել-տարել է կամ հրաձգություն է եղել մեր երկրի ներսում՝ թշնամու կողմից։ Դու ասում ես՝ արժանապատիվ խաղաղություն կբերենք, լավ հարաբերություններ դրսի հետ, ժողովուրդը ընտրում է Նիկոլին ու դարդ է անում՝ այ մարդ, որ սա գնում է Մոսկվա, ի՞նչ է զիջելու։ Մենք ընտրում ենք մարդու, որին կասկածում ենք, վստահություն չի ներշնչում, խղճում ենք։ Ոնց որ դիտմամբ մեզ գցենք հորը։ Էն անեկդոտի պես, որ ոսկե ձկնիկը հարցնում է՝ ինչո՞ւ երկար քիթ ու մի ոտքդ մյուսից կարճ լինելու փոխարեն գեղեցկություն, հարստություն չուզոեցիր, պատասխամնում է՝ ինչի կարելի է՞ր։ Այ լրիվ նույնն ա, ժողովուրդն ասում էր՝ մեկ ա բան չի փոխվի։ Չէ, կփոխվեր, կարելի էր, հնարավոր էր, քեզ առաջարկում էին։
Քո ընտրությունը, ժողովուրդ, քեզ ապրելու շանս չի տալիս։
Կարճ ասած՝ մեր խնդիրներն այս իշխանության հագով չեն։ Բայց ոչ միայն իշխանությունն է անառողջ վիճակում, նաև հասարակությունը։ Հստակ է մեկ բան՝ Հայաստանում ճգնաժամը խորանալու է, ու իշխանության տարածը հաղթանակ չէր, այլ՝ նոր արտահերթ ընտրությունների տոմս։ Երկիրը դեպրեսիոն փուլ է մտել, դա կարող է լուծվել միայն մեկ դեպքում՝ եթե Հայաստանում իշխանությունը փոխվի։ Ոչ մի այլ տարբերակ չի կարող էս վիճակից հանել երկիրը։
Հողատուների, դավաճանների, հայրենիքն ատողների այս թիմով մենք ապագա չունենք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը