Ինչի՞ համար է նախընտրական քարոզարշավը․ որ դու՝ քաղաքական ուժդ, գնաս քարոզարշավի, ներկայացնես քո ծրագրերը, հիմնավորես, որ դու լավն ես, ցույց տաս քո առավելությունը մյուսների նկատմամբ և այդպես ձայներ հավաքես։ Ասես՝ ինձ ընտրեք ու հիմնավորես, թե ինչու։ Մի ուժն ասում է՝ առողջապահությունը կզարգացնեմ, գյուղնախարարությունը կվերականգնեմ, մշակույթն էլ, բանակը կվերականգնեմ, տնտեսությունը կզարգացնեմ և այլն ու այսպես՝ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են իրենց։ Միակ ուժը, որի քարոզարշավը գոնե ինձ համար տարօրինակ է, «Քաղաքացիական պայմանագիրն» է։
Մարդիկ քվե ունենալու համար ցանկացած քաղաքացու սիրաշահում են, աշխատողին խոստումներ են տալիս, գործատուին բիզնեսի զարգացման հեռանկար են խոստանում։ Իսկ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքացին հարց է տալիս, նա արհամարհում է, մունաթ է գալիս, մարդկանց հետ թիկնապահական պատով է առանձնացված։ Էդ քաղաքացին, որ իրեն անտեսված է համարում իր առաջ կանգնած թեկնածուի կողմից, ընտրելո՞ւ է։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ եթե ինձ ընտրեք, վենդետաներ եմ անելու, կադրային ջարդ եմ անելու։ Փոխանակ ասի ինձ ընտրեք, որ աշխատատեղ բացեմ, ասում է՝ կադրային ջարդ կանեմ։ Պետական հիմնարկի աշխատողները, մասնավոր ոլորտների աշխատողները ինչո՞ւ պետք է ընտրեն էսքանից հետո։ Փոխանակ ասի՝ ինձ ընտրեք, որ բոլորս ապրենք սիրո ու համերաշխությնան մեջ, ասում է՝ ինձ ընտրեք, որ վենդետա անեմ։
Սյունիքում բազմաթիվ ընտանիքներ ապրում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» աշխատելով։ Հիմա նա գնում է Սյունիք ու ասում է՝ հենց ընտրվեմ չագուչը ձեր գլխին եմ ջարդելու, բոլորին հեռացնելու եմ, ղեկավարությանը հեռացնելու եմ և այլն։ Եթե էդ մարդու նպատակը կոմբինատից գոնե մեկ ձայն տանելն է, ինչո՞ւ է սպառնում ընտրվելուց հետո գլուխ կոտրել։ Ասում է՝ հաշվեհարդար կտեսնեմ մարդկանց նկատմամբ։
Հիմա Սյունիքում էն ընտրողները, որոնք աշխատում են պետական հիմնարկում կամ Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատում, լսում են Փաշինյանին, թե՝ ընտրվեմ՝ պետհիմնարկներում ջարդ եմ սկսում, կոմբինատի գլխին չագուչ եմ ջարդելու, կընտրե՞ն։ Մարդը ասում է՝ Հայաստանում բիզնեսի համար դրախտ է, հաջորդ մտքում ասում է՝ բիզնեսի սեփականատերերի գլուխները կջարդենք, ասֆալտին կպառկացնենք։ Ասում է, թե դրախտ է բիզնեսի համար ու սպառնում է բիզնեսին։
Հայաստանում քանի հազար ընտանիք է ապրում Գազպրոմում աշխատանքի շնորհիվ։ Նիկոլը չի ասում՝ ինձ ընտրեք, որ աշխատավարձ բարձրացնեմ, գազի փող չմուծեք և այլն և այլն, նա ասում է՝ աշխատանքից կազատեմ, կդատեմ։ Ո՞վ է խելքը հացի հետ կերել, որ ընտրի։
Նիկոլ Փաշինյանը թեկնածուի պահվածք է որդեգրել, որին ընտրվել կարծես պետք չէ։ Նա, ամեն ինչ անում է իրենից ընտրողին վանելու համար։ Հայաստանը նախագծված, պարտված պատերազմի արդյունքում 5 հազար զոհ ունի։ 5 հազար տան ճրագ մնարել է, մարդիկ, որ պետք է ապերին, դառնային վարչապետ, ղեկավար, զավակներ ունենային, հողի տակ են։ Պատճառն այն է, որ այս իշխանությունը ունենալով լիքը ռեսուրսներ, գնաց պարտության, տեսնելով պարտվում է՝ ժամանակին պատերազմը չկանգնեցրեց։ Հիմա գնում է հանրահավաքի ու ասում է․ «Զինվորները երկնքում պետք է հպարտանան, որ իրենց հարազատները հպարտ են ու պաշտպանված, ազատ են ու երջանիկ են»։ Ո՞ր մի զոհի ծնողն է ազատ ու երջանիկ, ո՞ր մեկն է պաշտպանված։ Ու ո՞ր մի ծնողը պետք է նրան նորից ձայն տա, թեկուզ՝ այդ խոսքերի համար։
Վայոց ձորում գյուղացին բողոքում է, որ թուրքը հասել է իր տուն, Փաշինյանը, այդ մարդը, որ խոսում է, թե զոհերի հարազատները պաշտպանված են ու երջանիկ, արձագանքում է քաղաքացուն, թե՝ «Դո՛ւք չեք որոշելու է՜, թե թուրքը որտեղ ա գալու նստի, հանգիստ մի հատ»։ Էսքանից հետո ո՞ր մի սահմանամերձ բնակիչը ձայն կտա Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին»։ Կամ այդքանը ասելով ինքը՝ Նիկոլը, արդյո՞ք ակնկալում էր սահմանամերձ շրջանների բնակիչների քվեն։
Ասում է՝ «Որքան գերիների մասին շատ ենք խոսում, այնքան նրանց վերադարձը ձգձգվում է», մի խոսեք գերիների մասին։ Դրա հետ մեկտեղ ասում է՝ գնահատենք, որ Ադրբեջանը կառուցողական քայլ է արել։ Գերիների ծնողներին փաստացի կոչ է՝ մի պահանջեք ձեր տղերքին։ Հիմա ասեք՝ ո՞ր մի գերու ծնողը, ո՞ր մի զինվորի ծնողը, հարազատը պետք է ձայն տա։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «Սինգապուրը նախանձում է մեզ»։ Հիմա ասեք ՝ ո՞ր մի աղքատը ձայն կտա, երբ այս մարդն ասում է, որ ամեն ինչ փայլուն է, ոչինչ չունենք փոխելու։ Իսկ մենք ունենք 40 տոկոս աղքատություն։
Գիտնականները բողոքում են, որ պետբյուջեով իրենց հատկացվածը չնչին գումար է։ Պահանջում են ավելացում։ Էս մարդը փոխանակ ասի, որ գիտության ֆինանսավորումը կշատանա, գիտնականներին արժանապատիվ կվարձատրենք ու նրանք ստիպված չեն լինի արտագաղթել, ասում է՝ գիտնականներին վռնդելու ենք գիտական էլիտայից։ Բարձրագույն կրթություն ունեցող ո՞ր մեկը ձայն կտա էս խոսքերի համար։
Մեր երկրում ընտրությունների մասին պատկերացումները խեղել է ընտրակաշառքը։ Հիմա «Քաղաքացիական պայմանագիրը» 1000 դոլար ընտրակաշառք է խոստանում բոլոր նրանց, ովքեր ընտրակաշառք կնկարեն։
Կամ, ասենք, ինչի՞ համար պետք է նրան ընտրի հոգևոր դասը, եթե արդեն որերորդ անգամ սպառնում է հոգևորականներին։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հպարտանում է միայն արած ասֆալտով։ Հիմա ոչ թե ասում է ձայն տվեք, որ շարունակեմ ասֆալտը, այլ՝ սպառնում է ասֆալտ անողներին։
Բայց նաև նա չի բավարարվում միայն ելույթներով։ Նա արդեն սկսել է գործադրել չագուչը։
Երեկ ոստիկանության կարմիր բեետները ծեծ ու ջարդ են կազմակերպել քաղաքացիների, որոնք նկարել են, թե ինչպես Եղեգնաձորում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը դատարկ է, մարդ չկա, ու իր հետ գազելներով բերված մարդիկ են հրապարակը լցնում, կարմիր բերետները իրենց պահել են բարբարոսի պես, մարդուն տարել են բաժին ու էնքան են ծեծել, մինչև աչքը դուրս գա, էն մյուսի թևն են կոտրել։ Ոստիկանությունը։ Նիկոլի մուրճով։ Հիմա ես ուզում եմ հարցնել Հայաստնի հաջորդ ղեկավարին, որովհետև էս ղեկավարի պայմաններում անհնար է ոստիկանությունը պատժի իր ներսի խուժանին։ Ուզում եմ հարցնել՝ էդ կարմիր բերետները, որ աջ ու ձախ իրենց խուլիգանի պես են պահում, պատժվելու ե՞ն, թե մարսելու են սա։ Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանին հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանի՝ չագուչով ելույթների ու սպառնալիքների առթիվ գործ հարուցե՞լ եք, փոխոստիկանապետն ասում է՝ չէ, որովհետև չագուչը սառը զենք չէ։ Եթե իմանաք, որ ուզում է կոնկրետ գլուխներ ջարդել, ահազանգեք։ Իսկ Նիկոլը կոնկրետ ասում է, թե ում գլուխներն է ջարդելու։ Ես ուզում եմ հարցնել հաջորդ վարչապետին՝ էդ փոխոստիկանապետը մնալու է իր պաշտոնի՞ն։
Կարճ ասած՝ դիմում եմ իմքայլականներին, քաղաքացիներին․ ժողովուրդ, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Փաշինյանն ուզում է ընտրվել։ Անկեղծորեն։ Արդյո՞ք այս ամենը մի մարդու հայտարարություն ու արարք են, որը ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը որպես վարչապետ։ Իմ կարծիքով նա հոգնել է, նա հանձնվում է։ Միգուցե նա զգում է, որ շանս չունի ու այս կերպ է դրսևորում իրեն։ Այլապես ի՞նչ է նշանակում ինձ ընտրեք, որ այս մուրճով ձեր գլուխւը ջարդեմ։
Մնաց 3 օր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը