26 04 2021

«Կարճ ասած»․ Ո՞ւմ պետք է տալ հաջորդ իշխանությունը, որ «ոտքին չգցի»



 

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց երեք տարում երկու անգամ․ հուսամ՝ սա նրա վերջին հրաժարականն էր ու այլևս մոտ չի կարողանա գալ իշխանության որևէ օղակի՝ ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր։ Ափսոսանք ու ցավ եմ ապրում, որ նա երկիրը, հայրենիքը հանձնելուց հետո ևս 6 ամիս մնաց վարչապետ։ Ու ցավալի է, որ մինչև իր վերջնական կապիտուլյացիան, պետք է ևս երկու ամիս հանդուրժենք նրան։

Հող ու ջրի, հայրենիքի ցավը տանող ժողովուրդը, որի ամեն երկրորդ կենացը բանակի մասին է, բանակը գլխատողին, մեր եղբայրներին մահվան ուղարկողին հանդուրժեց կապիտուլյացիայից հետո 6 ամիս։ Ո՛չ ինքը հասկացավ բերած արհավիրքը, որ գոնե փախչեր երկրից, ո՛չ էդքան տղամարդկություն ունեցավ ինքնասպան լիներ կամ ինքնակամ հանձնվեր իրավապահներին, ոչ էլ մենք էդքան կամք ունեցանք, որ նրան պարտադրեինք որպես դավաճանը վերջացներ իր կարիերան բոլոր առումներով։ Բայց վստահ եմ, որ գոնե բերդի մասով շատ կարճ ժամանակ հետո իրականություն է դառնալու։ Չի կարող 5 հազար մարդ զոհվի, էսքան գերի ու անհետ կորած ունենանք, վիրավոր ունենանք, հայրենիքի մի մեծ կտոր հանձնենք թշնամուն, ու դրա համար պատասխան տվող չլինի:

Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է ոչ միայն որպես դավաճան, այլև ղեկավար, որը չկարողացավ որևէ դրական բան անել մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում Հայաստանում պաշտոնապես մահերի թիվը գերազանցել է ծնունդների թվին ու բնական հավելաճը աղետալի վիճակում է։ Նիկոլ Փաշինյանի օրոք միայն մեկ ամսում Հայաստանից գնացել է 50 հազար մարդ։ Նիկոլ Փաշինյանի օրոք երեք տարում աղքատությունը աճել է 16 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանի օրոք աշխատանք փնտրողների թիվը շատացել է, տնտեսությունը -7,5 տոկոս է արձանագրել։ Նա չունի որևէ դրական ցուցանիշ, որ ասի։

Խոսի կոռուպցիայի մասին, հիշեցնելու ենք փոխնախարարներին, ՊՎԾ պետին, մաքսանենգ սիգարետները, ադամանդը, զենքերը, օդանավը․ խոսի կադրային քաղաքականությունից, հիշեցնելու ենք կնոջը, ախպոր տղուն, աներձագին, քավորին ու իրա ախպորը, Լենային ու իր մարդուն և այլն և այլն, խոսի բյուջեն թալանելուց, հիշեցնելու ենք 2 մլն դոլարով տան վերանորոգումը, 200 մլն դոլարի պարգևատրումները։ Խոսի անվտանգությունից, հշեցնելու ենք, որ Սյունիքում ինքը անձամբ, ռուս սահմանապահների ուղեկցությամբ է պտտվում, խոսի բանակցություններով Շուշին հետ բերելուց, հիշեցնելու ենք իր խոսքերը, որ Շուշին մերը չի եղել, հիշեցնելու ենք, որ էս պահին բանակցում է Մեղրու շուրջ։

Նիկոլը խոսում է ժողովրդի իշխանության մասին, ժողովրդի նկատմամբ հարգանքից է խոսում․ նույն ժողովրդին գլխատածը խոսում է ժողովրդի իշխանության, քաղաքացու օրվա մասին։ Նա ուղիղ երեք ամիս առաջ ասում էր, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Սրա համար հասարակությունը, ժողովուրդը արժեք չեն, եթե չի կարող նրանց անունը շահարկելով իշխանություն պահել։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ժողովրդի աննախադեպ ճնշման արդյունքում, Երևանում նա չի կարողանում որևէ տեղ գնալ, արգելում են, հավաքվում են մարդիկ, հայհոյում են, գոռում են դավաճան, մարզեր գնում է, քֆուր են տալիս, անենուր գնում է շատ մեծ դժվարությամբ ու խայտառակվելով: Նրանից արդեն իր թիմակիցներն են բողոքում, ոստիկաններն են բողոքում, քննիչներն ու դատախազները, որ իրենց կյանքը դժոխքի է վերածել, ու նա ստիպված է գնում ընտրությունների ճանապարհով։ Բոլոր բոլորը հայհոյում են ու ասում են թե երբ է սա գնալու, որ կարողանանք շունչ քաշել։

Հիմա հետագայի մասին․ Նիկոլը այլևս նախկին է։ Իրական նախկինը ինքն է։ Նա տեղ չունի մեր երկրի ապագայում, որովհետև նախկինի ամենից վատ մարմնավորումն է, ստորացման ու պարտվածի խորհրդանիշը։

Ապշում ենք, որ մարդ, որի արժանի տեղը բանտն էր, հնարավորություն է ստանում մասնակցելու արտահերթ ընտրություններին: Սա մեր երկրի ձախողումն է ու խայտառակությունը։

Ուզում եմ ֆիքսենք՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է բոլոր հնարավոր ավանտուրաներին՝ իշխանությունը վերցնելու համար, զավթելու համար, բայց վստահեցնում եմ՝ ինքը չունի դա անելու հնարավորություն։ Լավագույն դեպքում նա ունի մի 10 տոկոս դեռևս մոլորվածների ձայն, որից 5 տոկոսը իր ընտրազանգվածն է, զոմբիները, իշխանական կերակրատաշտին մոտ գնտվողները։ Մի 5 տոկոսն էլ կարող են կեղծել վարչական ռեսուրսով, բայց ոչ ավելին։ Անհնար է կեղծել այնքան, որ նա վերընտրվի, սուտ խոսակցություններ են, թե իշխանությունը իրենն է, կարող է կեղծել այդքան․ չի կարող մեր երկրում այլևս լինել նորմալ մարդ, որը պատրաստ է կատարել նրա հրահանգները, մարդ բռնել, մարդ փակել, կեղծիք անել, հանցագործություն անել, ինչ է, թե կապիտուլյանտը Ալիևի սրտո՞վ է։ Ինչի՞ համար գնալ այդ քայլին, մեկի համար, որը վաղը արդեն իշխանություն չի լինի՞, բերդում կլինի՞ կամ էլ իր խոսքերից թռնողի համբավ ունի։

Եկել է լուրջ պայքարի ժամանակը, եկել է ժամանակը հասկանալու՝ Հայաստանի գոնե էս հատվածը մնում է, թե սա էլ կիսելու են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Ու իմացեք, եթե չունենանք լուրջ, ուժեղ ղեկավար, հանուն իրենց պետական շահերի, վաղը կարող են մեզ համար տարածքային խնդիրներ ստեղծել մյուս երկու հարևանները ևս՝ Իրանն ու Վրաստանը, որովհետև նրանք չեն ուզենա Հայաստանը կիսված տեսնել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։

Մենք չունենք ժամանակ էքսպերիմենտների, ռեսուրս էլ չունենք, հիմա պետք է արդեն բոլորը կողմնորոշվեն, թե ինչ են անում և որ կողմում են գտնվում։ Պետք է կողմնորոշվեն Նիկոլի կողքը կանգնած էսօրվա պաշտոնյաները, վաղը նրանք պաշտոնի չեն լինի, անցան էդ վայելքի երեք տարիները, պետք է հասկանան, թե հետոն որն է։ Քայքայված երկրի պաշտոնյա՞, թե՞ ուժեղ երկրի քաղաքացի։

Բայց միայն իշխանության մոտ գտնվողները չէ, որ պետք է որոշեն իրենք որտեղ են գործում։ Այո, այսօր կարող են լինել ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնց այս պահին ձեռք է տալիս Նիկոլը, որովհետև իրենք պատրաստ չեն ընտրությունների։ Պետք է նրանք էլ հասկանան, որ հիմա խաղալու ժամանակը չէ։ Մենք չենք կարող թույլ տալ երկրի վերջնական կործանումը, դրանով մենք՝ որպես ազգ, այս հողի վրա ապրելու իրավունք չենք ունենա։ Համախմբվելու իսկական պահն է։ Սա նման չէ նախկինում արած մեր որևէ ընտրությության, նա ընտրություն էր իշխանության համար, սա ընտրություն է լինել չլինելու, փրկության համար։ Իրականում ընտրությունը մեկն է՝ արժանապատի՞վ ապրել, թե՞ շարունակ նվաստանալ քո իսկ երկրի ղեկավարի մեղքով։

Կարճ ասած՝ իշխանությունը հենց հիմա ընկած է փողոցում, Հայաստանը չունի իշխանություն, բայց այնպես չէ, թե ով էլ վերցնի իշխանությունը, կարող է տակից դուրս գալ ։ Շատ-շատ կարող է մի երկու տարի էլ ինքը զոռով ձգել, մի քիչ հող տալով, մի քիչ սա զիջելով, նա զիջելով, գցել ոտքին ու էլի մենք ընկնենք արտահերթ ընտրությունների՝ իրար հաջորդող փուլի մեջ։ Այս ամենը վերաբերում է քաղաքական ուժերին, հասարակական-քաղաքական գործիչներին, իշխանությանը, ժողովրդին։ Այլևս սխալվելու տարբերակ չունենք, սա վերջինն է լինելու, ու մենք պարտավոր ենք մեզ վրա վերցնել այդ պատասխանատվությունը ու ճիշտ որոշումներ կայացնենք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ